«Ռուսաստանը նախատեսում է ամբողջությամբ վերակառուցել Ադրբեջանի տարածքում գտնվող եւ իր իսկ կողմից վարձակալված Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ)»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը: «Մենք հասկանում ենք, թե ինչպես կարելի է վերակառուցել Գաբալայի ՌՏԿ-ն: Գաբալայի ՌՏԿ-ի հնարավորությունների մեծացումը Ռուսաստանի համար օգտակար ու շատ կարեւոր է: Դրա համար էլ Ռուսաստանը ցանկանում է արդիականացնել այդ կայանը: Ադրբեջանը սկզբունքորեն դեմ չէ դրան, եւ մնացել է, որ կողմերը համաձայնեցնեն խնդրի ֆինանսական կողմը: Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել վարձավճարը, սակայն մենք ցանկանում ենք, որ այն փոփոխության չենթարկվի: Ընդ որում` մենք կտրուկ կրճատելու ենք վարձակալված տարածքը, քանի որ արդիականացված ՌՏԿ-ի համար այդքան մեծ տարածք պետք չէ: Մենք այլեւս չենք ծախսի նախկինի չափ ջուր եւ էլեկտրաէներգիա: Գաբալայի ՌՏԿ-ին առնչվող հարցերի շուրջ Ադրբեջանի հետ փոխգործակցելու նպատակով ստեղծվել է աշխատանքային հանձնաժողով, որում ներառվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության, Արտգործնախարարության, ինչպես նաեւ` Առեւտրի ու արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները: Իմ ադրբեջանական գործընկերոջ հետ պայմանավորվել եմ, որ մոտ ժամանակներս այդ հանձնաժողովի անդամներն այցելելու են Բաքու, եւ այնտեղ են շարունակելու քննարկումները: Ես մտավախություններ չունեմ, թե մենք կարող ենք համաձայնության չգալ»,- հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարը: Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ` Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներն արդեն քննարկել են Գաբալայի ՌՏԿ-ի համատեղ օգտագործման պայմանագիրը մինչեւ 2025 թվականը երկարաձգելու հարցը` Ալմաթիում տեղի ունեցած ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների 61-րդ նստաշրջանի շրջանակներում: Նշենք, որ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման ժամկետն ավարտվում է 2012 թվականին: