Պատմական ու վճռորոշ

19/11/2011

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ նախօրեին Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Վրաստանի վերաբերյալ պատմական նշանակություն ունի: Խոսքն այն բանաձեւի մասին է, որում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի առնչությամբ մի քանի անգամ կիրառվել է «օկուպացիա» բառը: «Այդ բանաձեւը կարեւոր է մի քանի ասպեկտներով եւ համարվում է վճռորոշ` Վրաստանի վերջնական ազատագրման, վերջնական ապաօկուպացման, մեր երկրի ժողովրդավարական ու եվրոպական ապագայի համար մեր մղած պայքարում: Ամենակարեւորն այն է, որ դրանում մանրամասն ու միանշանակ ընդգծված է, որ Ռուսաստանն իրականացնում է ապօրինի ռազմական օկուպացիա: «Օկուպացիա» բառը նախկինում գործածվել է ԵԽ-ի բանաձեւում ու Եվրախորհրդարանի բանաձեւերից մեկում: Այն գործածել են նաեւ ԱՄՆ Կոնգրեսը, ԱՄՆ կառավարությունը եւ եվրոպական տարբեր երկրների կառավարություններ: Սակայն առաջին անգամ Եվրոպայի ու աշխարհի ամենահեղինակավոր ու ներկայացուցչական ընտրական մարմինն օրինականացրեց այն, որ Վրաստանում առկա է Ռուսաստանի ապօրինի ռազմական օկուպացիա»,- Վրաստանի նախագահի պաշտոնական կայքում գրել է Միխայիլ Սահակաշվիլին: Նշենք, որ նոյեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ բանաձեւի օգտին քվեարկել է շուրջ 560 եվրապատգամավոր, մոտ 20-ը դեմ են քվեարկել, նույնքանն էլ ձեռնպահ են մնացել: Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հայտարարել է, որ այդ փաստաթղթում Վրաստանը նշված է որպես ինքնիշխան երկիր, եւ 3 անգամ գործածված է «օկուպացիա» բառը, ինչպես նաեւ` «էթնիկ զտում» արտահայտությունը: