Նրանց պատասխանը Պուտինին

19/11/2011

ԱՄՆ զինված ուժերը նոր զենքի փորձարկում են անցկացրել: Այդ տեղեկությունը հրապարակել է «Franc-Presse» գործակալությունը, ըստ որի` այն թռչող սարք է, որը կարող է ձայնի արագությունը հինգ անգամ գերազանցող արագություն զարգացնել: Սարքի նախնական անունն է` «Առաջընթաց հիպերձայնային զենք» (Advanced Hypersonic Weapon): Սարքի փորձարկման արդյունքում այն կես ժամում անցել է 3700 կմ` Հավայան Կաուաի կղզուց` մինչեւ Աթոլլա Քվաջալեյն: Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները նշում էին, որ «Առաջընթաց հիպերձայնային զենքը» նախատեսված է նոր ռազմական ծրագրի համար, որը թույլ կտա ամերիկացիներին ոչնչացնել երկիր մոլորակի վրա գտնվող ցանկացած օբյեկտ ընդամենը մեկ ժամվա ընթացքում: Վաշինգտոնում վստահեցնում են, որ նոր զենքը կիրառվելու է ահաբեկիչներին ոչնչացնելու համար, իսկ այլ տվյալների համաձայն` այն օգտագործվելու է ԱՄՆ-ի համար ոչ ցանկալի վարչակարգերի վերացման համար: Այս տարի ԱՄՆ-ը հաստատել էր հիպերձայնային մեկ այլ զենքի փորձարկման մասին լուրերը: Օգոստոսին ամերիկացիները փորձարկել էին Falcon HTV-2-ը, որը, ըստ մշակողների, զարգացնելու է ձայնի արագությունը 20 անգամ գերազանցող արագություն: Սակայն փորձարկումից որոշ ժամանակ անց սարքը դադարել էր հեռուստաչափական տվյալներ տալ: Ըստ որոշ տվյալների` մեքենան վթարի է ենթարկվել Խաղաղ օվկիանոսի տարածքում:

Նմանատիպ խնդիրներ էին եղել նաեւ առաջին թռչող սարքի փորձարկման ժամանակ, որ իրականացվել էր 2010 թվականի ապրիլին: Ինչ վերաբերում է «Առաջընթաց հիպերձայնային զենքի» փորձարկումների հրապարակայնացմանը, ապա դա, ըստ էության, ամերիկյան իշխանությունների պատասխանն է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին, ով մի քանի օր առաջ հայտարարել էր, թե Ռուսաստանը կարող է կես ժամում վերացնել ԱՄՆ-ը: