Ժանրի բոլոր օրենքներով, անգամ ծաղրանկարով, մամուլն անդրադարձավ, թե ինչպես Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվեց կին գործարար Սիլվա Համբարձումյանի վրա եւ որպիսի խիզախությամբ կարողացավ անվրեպ հարվածել տիկնոջը:
Սակայն, արդեն օրինաչափություն է դառնում` որքան շատ ականատեսների ներկայությամբ է տեղի ունենում միջադեպը, այնքան դժվար է լինում ապացուցել, որ միջադեպն իրո՛ք տեղի է ունեցել: Ժամանակին որեւէ վկա չգտնվեց, ով կհաստատեր, թե ինքն անձամբ է տեսել, թե ինչպես նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը «Պապլավոկում» սպանեց Պողոս Պողոսյանին: Այժմ էլ նրանք, ովքեր կին գործարարի վրա Սյունիքի մարզպետի գրոհի ժամանակ դեպքի վայրում են եղել, նկատում են, թե իրենք աղմուկը լսելուց հետո են միայն շրջվել: Իսկ այդ ժամանակ ծեծ չի եղել: Միա՛յն քաշքշուկ: Այդուհանդերձ, տիկին Համբարձումյանը դիմել է Ոստիկանություն, եւ նոյեմբերի 15-ին Հատուկ քննչական ծառայությունում Սուրիկ Խաչատրյանի դեմ գործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով` ծեծ:
Ցանկացած մարդ կարող է մոլագար լինել, կացինը ձեռքին` մարդկանց վրա հարձակվել, կարող է լինել թմրամոլ, հանցագործ: Հաճախ` տհաս: Դա նրա անձնական ողբերգությունն է: Յուրաքանչյուր երկրի ղեկավարի պարտականություններից մեկն է` կարողանալ զատել հասարակության համար վտանգ ներկայացնող մարդկանց` անվտանգներից: Ապա, հաշվի առնելով մասնագիտական ու մարդկային անհրաժեշտ մի քանի ատրիբուտներ, նշանակել որեւէ պաշտոնի: Մամուլում հրապարակված բազմաթիվ վկայությունների համաձայն` Սյունիքի մարզպետի եւ նրա որոշ հարազատների համար քրեական օրենսգրքում բազմաթիվ հոդվածներ կան:
Եվ խիստ նաիվ է կարծել, թե երկրի ղեկավարն այդ մասին չգիտի: Սակայն «բարի ցարի» ավանդույթը, ինչպես տեսնում ենք, խոր արմատներ ունի եւ հասնում է մեր օրեր: Դրա օրինակը մեր թերթի նախորդ համարում գործարար Սիլվա Համբարձումյանի հետեւյալ միտքն է. «…Այս ամբողջ զարգացումներից միայն ակնկալում եմ, որ ՀՀ նախագահը կիրազեկվի կատարվածի մասին: ՀՀ նախագահը մեծ բարեփոխումներ է անում եւ, կարծում եմ, մեծ ուշադրություն կդարձնի կատարվող անօրինականություններին: Այսօր իմ միակ հույսը հանրապետության նախագահն է»:
«Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած այդ միջադեպի մասին գիտեն անգամ հեռավոր գյուղերի հովիվները: Եվ տիկին Համբարձումյանն իրավացիորեն ակնկալում է, որ ՀՀ նախագահը եւս կիրազեկվի (գուցե թերթերի՞ց կիմանա) կատարվածի մասին: Եվ, որ խիստ հավանական է, «իրազեկվելուց» հետո սաստիկ կբարկանա Սյունիքի մարզպետի վրա: Ավելի՛ն, անմիջապես պաշտոնանկ կանի: Սակայն, քանի դեռ այդ մասին հրապարակայնորեն չի խոսել, ուրեմն բոլոր հիմքերը կան` ենթադրելու, որ նախագահը դեռ տեղյակ չէ: Չգիտի: Ավելի ճիշտ` նրանից չարամտորեն թաքցնում են առհասարա՛կ ողջ ճշմարտությունը…
Մեր թերթի նույն համարում, Սիլվա Համբարձումյանի հարցազրույցի անմիջապես հարեւանությամբ տեղ են գտել եւս երկու հարցազրույցներ` նախկին ՀՀԿ-ական, նախկին քաղբանտարկյալ, ներկայումս` ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանի եւ ԱԺ պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի հետ: Ինչպես Օդեսայում են ասում` երկու մեծ տարբերություն:
Սասուն Միքայելյան. «…Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է եւ մնալու է իմ մարտական ընկերը: (…) Հիմա մեր քաղաքական հայացքները չեն համապատասխանել, բայց հասկացող, գիտակից մարդու համար մարտական ընկերն ավելի վեր է, քան այս քաղաքական…
(հարց) – Ստացվում է, որ նա (Սերժ Սարգսյանը.- Լ.Ա.) գիտակից չի՞ եղել, որ Դուք նրա օրոք ավելի քան 3 տարի բանտում եք եղել:
– Դա իրեն հարցրեք, թե ինչի համար է պահել: Ես նրանից ոչ նեղացած եմ, ոչ վիրավորված: Ես տղավարի իմ կալանքը կրել եմ»:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երեք տարին հինգ, տասը տարի չէ: Մարտական ընկերը մարտական ընկերոջը ազատությունից, մասամբ` առողջությունից, զրկել է միայն երեք տարով: Մյուսը «տղավարի» կրել է իր կալանքը: Գուցե գավառական դեդեկտիվի համար սա վատ սյուժե չէ, սակայն քաղաքական պայքարն այս հարթությունում դադարում է լինել քաղաքական:
Ռուբեն Հայրապետյան. «Ես բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ նախագահի ցանկացած ելույթի հետ ես համաձայն եմ: Նախագահն ինչ անում է` ճիշտ է անում ու հայտարարում: (…)
(հարց) – Ինչո՞ւ եք այդքան վստահ: Նախագահն էլ մարդ է եւ կարող է սխալվել:
– Ի տարբերություն մեզ բոլորիս` նախագահը շատ լավ հաշվում է»:
Օրեր առաջ էր` բոլորս գրեթե բերանացի կրկնում էինք պաշտոնանկությունից րոպեներ առաջ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի` դասական դառնալուն հավակնող մտքերը. «Անկախ` տեղափոխություն կանի, չի անի, ես, միեւնույն է, իր (Սերժ Սարգսյանի. – Լ.Ա.) կողքին եմ լինելու մինչեւ վերջ: Ես ուրիշ ոչ մեկի կողմը չեմ: Իրա հետ աշխատելու եմ մինչեւ վերջ: Չաշխատեմ էլ` իրան հավատարիմ` իրա կողքը լինելու եմ»:
Պաթոսով նրան միայն կես քայլ էր զիջում հրաժարականի դիմում գրած Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Հրաժարական տալով` ես ապացուցեցի իմ նվիրվածությունը երկրի նախագահին»:
«Տարո՛ն, դու մեզ եւ բոլոր համաքաղաքացիներին հուսախաբ անելու իրավունք չունես»,- տակավին երեկ, Երեւանի նոր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությանն ասել է Սերժ Սարգսյանը: Նույնը խնդրել երկրի նախագահից` չափազանց ուշ է: Կարելի է սահմանափակվել փոքրիկ խնդրանքով` «Պարո՛ն նախագահ, մեզ եւ մեր համաքաղաքացիներին հուսախաբ արեցիք: Տիկին Համբարձումյանին հուսախաբ անելու իրավունք չունեք. նա դեռ Ձեզ հավատում է»: