ՀՀ քաղաքացի Դավիթ Ծաղիկյանը երեք տարի շարունակ դատարաններում վիճարկելով սեփական երեխային տեսնելու իրավունքը` այսօր արդեն պատրաստվում է վճիռներն ու կեղծ փաստաթղթերը ներկայացնել Եվրոդատարան: Բանն այն է, որ վերջինս տեւական ժամանակ «աղաղակում» է Ոստիկանության, Դատախազության եւ կոնկրետ դատավորների անօրինական գործողությունների մասին, սակայն այդ փաստերը մեր իշխանություններին ամենեւին էլ չեն հետաքրքրում: «Ես ոչ միայն խնդրում, այլեւ` ստիպում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` ուսումնասիրել այս գործը: Եթե նա ի պաշտոնե երկրի նախագահ է, ուրեմն` պարտավոր է արձագանքել կաշառակերության ու ապօրինությունների մասին իմ փաստերին: Եթե այս հրապարակումից հետո նա չփորձի ինձ լսել, ուրեմն` միանշանակ դիմելու եմ Եվրոդատարան: Պահանջելու եմ, որ Հայաստանի Հանրապետությանը ճանաչեն արդարադատության համակարգ չունեցող պետություն: Ես ինքս ծանրակշիռ փաստեր ունեմ այն մասին, որ մենք զուրկ ենք դատական համակարգից: Մեր արդարադատության համակարգը առեւտրականների որջ է, որտեղ յուրաքանչյուր վճիռ ունի իր գինը: Ապացուցելու եմ, թե ինչպես են վճիռները գնվում: Արդարադատության համակարգ չունեցող պետության մեջ լեգիտիմ նախագահ չի կարող լինել»,- հայտարարում է Դ. Ծաղիկյանը` վստահեցնելով, որ պատրաստ է փաստերով ապացուցել իր ներկայացրած յուրաքանչյուր մեղադրանքը:
Հիշեցնենք, որ Դ. Ծաղիկյանը 2008թ. դիմել էր դատարան` պահանջելով ճանաչել շաբաթվա մեջ մի քանի անգամ իր երեխային տեսնելու իրավունքը: Նրա նախկին կնոջ հայրը` Լեւ Եսոյանը, սակայն, լինելով մեծահարուստ` դատարաններում հարցերը լուծել է բոլորիս հայտնի մեթոդներով: Դ. Ծաղիկյանը, ով բազմիցս Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին նամակներ է գրել` ահազանգելով հանցագործության մասին, որեւէ պատասխան չի ստացել: Մասնավորապես Ա. Հովսեփյանին տեղեկացրել է, որ ՀՀ Առողջապահության նախարարության Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնն, առանց փորձաքննություն կատարելու, կեղծ եզրակացություն է տվել, որն էլ դատարանի համար հիմք է հանդիսացել երեխային հորից զրկելու համար: Մինչդեռ Ա. Հովսեփյանը չի էլ փորձել գործը վերանայելու հանձնարարական տալ:
Հիշեցնենք, որ Շոթա Վարդանյանի ղեկավարած Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնում, ըստ Դ. Ծաղիկյանի` առանց իր արյունը վերցնելու` եզրակացություն են տվել, համաձայն որի` 5-ամյա Լ. Եսոյանը Դ. Ծաղիկյանի որդին չէ: Դատարանում այդ եզրակացությունն ընդունվել է որպես ի գիտություն եւ համարվել է երեխայի ճակատագիրը որոշելու համար օրինական փաստաթուղթ: Ըստ Դ. Ծաղիկյանի` նախկին կինը` Գայանե Եսոյանը, տեւական ժամանակ է, թիկնապահներով է շրջում, որպեսզի հայրը չփորձի երեխային մոտենալ: Նման փորձերը, որպես կանոն, ավարտվում են նրանով, որ Դ. Ծաղիկյանը հայտնվում է ոստիկանական բաժանմունքում, սակայն կնոջ կողմից բողոքների հիման վրա կազմված քրեական գործերը մերժվում են` հանցադեպի բացակայության պատճառով: Դ. Ծաղիկյանը վստահեցնում է, որ նախկին կինը` հոր հետ միասին, այնպիսի իրավիճակներ են ստեղծում, որպեսզի իր դեմ մեղադրանքներ կազմվեն: Այլ կերպ ասած` երեխային տեսնելու իր փորձերի ժամանակ վիճաբանություն են հրահրում` այդ ճանապարհով իր դեմ քրգործ հարուցելու եւ մեկուսացնելու համար: Հիմա արդեն դատական երեք ատյաններով մերժվել է Դ. Ծաղիկյանի` սեփական երեխային շաբաթվա մեջ մի քանի անգամ տեսնելու իրավունքը: Ներկայումս սպառված են օրինական կերպով պայքարելու` Դ. Ծաղիկյանի բոլոր միջոցները, հետեւաբար` վերջինս հանրապետության նախագահին կոչ է անում անձամբ ուսումնասիրել այս գործը եւ այն վերանայելու հանձնարարություն տալ, հակառակ դեպքում` նա դիմելու է Եվրոպական դատարան եւ «խայտառակ» փաստերով հեղինակազրկելու է մեր պետությունը: «Հանրապետության նախագահն ինքը հայ տղամարդ է ու պիտի հասկանա` ինչ բան է` երեխայից զրկվելը, ընդ որում, երբ դա արվում է ոչ թե օրենքով, այլ փողեր բաժանելու գնով: Փաստորեն, «արդարության» հասնում են նրանք, ովքեր մեշոկով փող են բաժանում: Եթե ես փող ունենայի եւ դատարաններից գնեի վճիռները, որոնք արձակվում են Հայաստանի Հանրապետության անունից, ուրեմն` օրենքն իմ կողմը կլիներ: Նախագահը պարտավոր է կաշառակերության եւ անօրինականությունների մասին իմ հայտարարություններին արձագանքել: Թող գործը վերանայեն: Թող փորձեն ապացուցել, որ ես սուտ տեղեկություններ եմ հրապարակում, դա նաեւ իմ հոգու հանգստության համար կլինի, բայց թող փորձեն գոնե գործը վերանայելու կամք դրսեւորել: Ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս են պատասխանողի` դոլարով գնված կեղծ փաստաթղթերը հալած յուղի պես ընդունվել, իսկ իմ ծանրակշիռ փաստերը` պատասխանող կողմի փողերի շնորհիվ լղոզվել»: Ինչեւէ, Դ. Ծաղիկյանի եւ Գ. Եսոյանի հինգ տարվա համատեղ կյանքից ծնված Լ. Եսոյանի ճակատագիրը դատական ատյանների կողմից որոշվել է ոչ թե հիմնվելով երկու կողմերի ներկայացրած փաստարկների, այլ` մի փորձաքննության եզրակացության վրա, որի համաձայն` գենետիկ համատեղելիությունը որոշվել է առանց հոր եւ որդու արյունը համադրելու, քանի որ Դատաբժշկական փորձաքննությունների կենտրոնից Դ. Ծաղիկյանի արյունը չեն վերցրել: «Շոթա Վարդանյանի կենտրոնից Եսոյանները գնել են երկու եզրակացություն, որոնցից երկուսն էլ կեղծիք են: Ես այդ կենտրոնին չեմ վստահում: Դատարանին միջնորդություն ներկայացրեցի եվրոպական որեւէ երկրում կրկնակի փորձաքննություն կատարել, ընդ որում, իմ ծախսերով, սակայն միջնորդությունը չբավարարվեց: Դատարանի համար միայն հիմք է Շոթա Վարդանյանի կենտրոնի փորձաքննությունը: Ինչպե՞ս կարող եմ նորից էնտեղ փորձաքննության ենթարկվել, եթե դա կոռումպացված, անօրինական հիմնարկություն է: Խմբագրություն դիմելու իմ քայլը վերջին հնարավորությունն է նախագահից արձագանք ստանալու համար: Իսկ եթե կրկին անտարբերություն լինի` կփոխվի նաեւ պայքարի ձեւը»,- վստահեցնում է Դ. Ծաղիկյանը` հավելելով, որ պատրաստվում է մեծ քանակությամբ թռուցիկներ տարածել այս գործին հնչեղություն տալու համար: Եվրոդատարան դիմելու հետ մեկտեղ` նա հասարակության մեջ տարածելու է դատական եւ իրավապահ համակարգերին, Դատախազությանը եւ ընդհանրապես իշխանություններին վարկաբեկող թռուցիկներ: «Եթե օրենքը փողով է, եւ քաղաքացին իր օրինական իրավունքի տերը չէ, ուրեմն` պիտի պայքարի իր ձեւերով: Ես չեմ հաշտվելու էս տեսակ անօրինականության հետ եւ պայքարելու եմ իմ ձեւերով: Իմ երեխային խլել են Հայաստանի Հանրապետության անունից տրված փաստաթղթերով, ուրեմն` կպայքարեմ Հայաստանի Հանրապետության դեմ: Այդ փաստաթղթերը դոլարներով տրվել են Ոստիկանության նախկին աշխատակից Լեւ Եսոյանին, որի անձնագրի վրա գրված է` ծննդավայրը` Ադրբեջան: Եվրոդատարանում կապացուցեմ, որ Հայաստանում դատավորները, Դատախազությունը հանցագործներ են, հանցագործություն պարտակող մարմիններ են: Կապացուցեմ, որ արդարադատության համակարգն առեւտրով զբաղվող կոռումպացված ինստիտուտ է: Վճիռներ է ծախում»,- հայտարարում է Դ. Ծաղիկյանը` հավելելով, որ արդարադատությունը խորհրդանշող` «նժարով աղջիկը «խարաբ» եղած է»: