Քըրք Քըրքորյանը` աշխարհի թերուս միլիարդատերերի հնգյակում

19/11/2011

Հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը հայտնվել է shine.yahoo.com կայքի կազմած` «աշխարհի թերուս միլիարդատերերի» հնգյակում: Նա ցուցակում միակ հայ թերուս միլիարդատերն է: Ըստ կայքի` ծագումով հայ ամերիկացի միլիարդատեր Քըրք Քըրքորյանն ուսումը թողել է 8-րդ դասարանում` սիրողական բռնցքամարտիկ դառնալու համար: Այժմ նա Լաս Վեգասի գլխավոր բիզնես-դեմքերից մեկն է, հյուրանոցների, խաղատների եւ բարձրակարգ ավիաընկերությունների սեփականատեր, ում կարողությունը գնահատվում է 3.1 մլրդ դոլար:

Հնգյակը գլխավորում է «Inditex» ընկերության հիմնադիր Ամանսիո Օրտեգան, որին պատկանում են «Zara» եւ «Massimo Dutti» նորաձեւության ապրանքանիշերը: Այժմ Օրտեգան Իսպանիայի ամենահարուստ մարդն է, նրա կարողությունը գնահատվում է 31 մլրդ դոլար: Նա դպրոցը թողել է 14 տարեկանում` խաղալիքների խանութում որպես ցրիչ աշխատելու համար:

Երկրորդ հորիզոնականում ֆրանսիացի Ֆրանսուա Պինոն է, ում կարողությունը գնահատվում է 8.7 մլրդ դոլար: Այժմ Պինոյի PPR կոնցեռնին են պատկանում այնպիսի հայտնի նորաձեւության ապրանքանիշեր, ինչպիսիք են «Yves Saint Laurent»-ն եւ «Gucci»-ն: Նա նույնպես վաղ տարիքում ստիպված է եղել կիսատ թողնել կրթությունը` սղոցարանում հորն օգնելու համար:

Հաջորդ հորիզոնականում ձեռնարկատեր Ռիչարդ Բրենսոնն է, ով դպրոցը լքել է 16 տարեկանում` կոմերցիայով զբաղվելու համար: Երիտասարդ գործարարը սկսել է ձայնագրությունների վաճառքից, որոնք տարածում էր փոստով: Այժմ Բրենսոնը «Virgin» կորպորացիայի սեփականատերն է, որը ներառում է աշխարհի 30 երկրներում տարբեր գործունեությամբ զբաղվող 200 ընկերություններ: Նրա կարողությունը գնահատվում է 6.8 մլրդ դոլար:

Իսկ ամերիկացի միլիարդատեր Կարլ Լինդներ-կրտսերը ուսումը թողել է 14 տարեկանում` Մեծ դեպրեսիայի տարիներին, եւ սկսել է վաճառել իրենց ընտանեկան ֆերմայի կաթը: Արդյունքում նրա ֆերման վերաճել է «United Dairy Farmers» ընկերության: Այն իրենից ներկայացնում է մանրածախ առեւտրի խանութների ցանց, որը զբաղվում է պաղպաղակի, թարմ կաթի եւ այլ ապրանքների առեւտրով: Լինդներ-կրտսերին եւ նրա որդիներին է պատկանում Օհայոյի «American Financial Group» ընկերության բաժնետոմսերի 42%-ը: Նրա կարողությունը գնահատվում է 1.7 մլրդ դոլար: