Խառնաշփոթ՝ կարագի շուկայում

19/11/2011 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Չնայած այն հանգամանքին, որ ենթաօրենսդրական ակտով սահմանված է կարագի եւ սփրեդի տարբերությունների մակնշումը, սակայն երեւանյան վաճառքի կետերում շարունակում է խառնաշփոթ տիրել:

Շատերն են, թերեւս, նկատել, որ մեծ խանութներում` սուպերմարկետներում, կարագի գինը 920-3000 դրամի է հասնում: Ընդ որում` այդ խանութները ժամանակ առ ժամանակ տարբեր ակցիաներ են կազմակերպում` այդ «կարագի» համար սահմանված ցածր գինը հաճախորդի աչքին արդարացնելու համար: Արդյունքում, պարզվում է, որ հաճախորդը կարագի անվան տակ սփրեդ է գնում:

Հոկտեմբերին կարագի շուկայում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) շուկայում վաճառվող կարագի 48 նմուշներ լաբորատոր փորձաքննության ենթարկեց, որի արդյունքում պարզ դարձավ, որ կարագ ներկրողներն ու իրացնողները բառացիորեն խաբել են սպառողներին: Նշյալ նմուշներից 26-ը սփրեդ էր, որը վաճառվել էր որպես կարագ: Ընդ որում, սպառողին խաբել են ոչ միայն ներկրողները, այլեւ սուպերմարկետները: Ըստ մեր տեղեկությունների` իրավախախտ սուպերմարկետների թվում են «Սթար» եւ «Ֆրեշ» սուպերմարկետները: Իսկ սփրեդ ներկրող ընկերություններից նշվում է «Վիեգո գրուպ», «Էկոֆուդ», «Արդին», «Բելառ» ընկերությունների անունները, որոնց հետ, սակայն, երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել: Կատարված իրավախախտումների համար ՏՄՊՊՀ-ն վարչական վարույթ էր հարուցել` նշելով, որ օրինախախտները պետք է պատժվեն: Իսկ ովքե՞ր են կարագ ներկրող օրինախախտ ընկերություններն ու վաճառակետերը. հանձնաժողովից պատասխանեցին, որ այդ մասին կհայտարարվի նոյեմբերի 21-ին հրավիրված նիստում: «Երբ խնդիրն առաջացավ, այն ժամանակ դեպքեր էին հանդիպում, երբ խանութներում կիլոգրամով վաճառվող կարագը գրում էին զելանդական, բայց իրականում վաճառում էին սփրեդ: Խոսքը վերաբերում է ոչ թե փաթեթավորված. այլ կիլոգրամով վաճառվող կարագին»,- նշում է Սննդամթերքի անվտանգության տեսչության լրատվական բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը: Ըստ պրն Պիպոյանի` խնդիրը պետք դիտարկել երկկողմ ձեւաչափով, այսինքն` ներկրողը կարագի անվան տակ խանութին սփրե՞դ է հանձնում, թե՞ խանութին է ձեռնտու կարագի անվան տակ սփրեդ իրացնելը: «Այս պահին տեղի է ունենում սերտիֆիկացումը, եւ սերտիֆիկատով կարելի է հասկանալ, թե կարագը, որն իրացվում է` սփրե՞դ է, թե՞ ոչ: Արդեն շատ հեշտ կարելի է տարանջատել»,- ասաց Բ. Պիպոյանը: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` կարագի բաղադրության մեջ բացառապես կենդանական միացություններ են, իսկ սփրեդն ունի այլ խառնուրդներ: Ա. Պողոսյանի փոխանցմամբ` դրանք կարող են լինել բուսական ծագման, կամ սպառողներին շահագրգռող տարբեր համային ծագումների` մրգային, եւ այլն: «Այսինքն` սփրեդն այլ բան է նշանակում: Բառը նշանակում է` քսել, այսինքն` բուտերբրոդ պատրաստելու նյութ»,- նշեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը: «Այստեղ կան մրցակցության չարաշահելու հանգամանքներ: Բարեխիղճ մրցակցության չարաշահելու հանգամանքներ կան: Եթե կարագի շուկայում 37,5% բաժնեմաս ունի մի ձեռնարկություն, ապա հանձնաժողովը պետք է ավելի հետեւողական լինի` պարզելով դրա ֆինանսական հոսքերը, թե որքանով են դրանք արդարացված: Ինչպես նաեւ` պետք է միջոցներ ձեռնարկի, հնարավոր է` նաեւ տրոհելու ձեռնարկությունը»,- ասաց Ա. Պողոսյանը` նկատելով, որ, օրինակ, շաքարավազի շուկայի 98 %-ը մենաշնորհային է: «Բոլորս հապաղում ենք` սկսած օրենսդիրներից, հասարակությունից, պետական մարմիններից:

Մեր` հասարակության մեջ ներգրավվածության մասին չարժե խոսել, քանի որ սահմանափակ են մեր ուժերը: Մեր խնդիրը բարձրաձայնելն է: Շատ-շատ անգամներ մենք բարձրաձայնել ենք, որ մի քանի սննդատեսակներ պետք է գտնվեն առաջնային ուսումնասիրության տակ` հատկապես հացն ու շաքարավազը, ինչպես նաեւ կարագն ու մնացյալ սննդատեսակները»,- ասաց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը: Վերջինս, որպես ասվածի հիմնավորում, ավելացրեց. «Գոյություն ունի խաբեության քողարկված ձեւ, օրինակ` շաքարավազում խոնավությունն է բարձր, իսկ հացի դեպքում` գինն ու քաշն են անհամապատասխան: Եթե մենք ֆինանսական հոսքերն ու ֆիզիկական ծավալները համեմատենք, ապա կարող ենք վստահաբար եզրակացնել, թե որքան է չհաշվարկվող շահույթն ու սպառողների գրպաններից անօրինական կորզումները»: Ա. Պողոսյանի կարծիքով` ստուգումները պետք է կատարվեն դիֆերենցված, այսինքն` մեծ կազմակերպությունների դեպքում իրավախախտումների համար նշանակված պատժամիջոցները միգուցե «պարգեւատրումներ» լինեն` դրանց ֆինանսական փոքր ծավալի պատճառով, մինչդեռ փոքր կազմակերպությունների դեպքում նույն պատժամիջոցի կիրառումը կարող է տանել մինչեւ անգամ սնանկացման: Ըստ զրուցակցիս` ամիսներ առաջ դա կատարվեց ձվի շուկայում, երբ խոշորների ձեռքում կենտրոնացավ ձվի արտադրությունը: Հարցին, թե մենաշնորհային բիզնեսի դեպքում անհնարին չէ՞ սպառողների իրավունքների պաշտպանությունը, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Բազմաթիվ երեւույթներ են տեղի ունենում. օրինակ, նախատոնական օրերին սննդամթերքի գինը թռիչքաձեւ բարձրանում է: Յուրաքանչյուրը պետք է ունենա իր նիշը, սեգմենտը, եւ կարողանան վերահսկողության եղանակով դիմադրել նշյալ երեւույթին»: Իսկ հարցին, թե ի՞նչ կփոխվի կարագի շուկայում իրավախախտ կազմակերպություններին պատժելու դեպքում, Ա. Պողոսյանը պատասխանեց. «Կարեւորը պատժի անվրեպությունն է, այսինքն` ցանկացած շուկայի ուսումնասիրության դեպքում պետք է հետեւողական լինել»: Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահը նկատեց նաեւ, որ հայաստանյան իրականության մեջ հաճախ այնպես է ստացվում, որ իրավախախտ ընկերությունը վճարում է տուգանքն ու շարունակում է նույն գործելաոճը, քանի որ, ըստ օրենքի, ընկերություններում անցկացվող ստուգումները թույլատրելի են տարին միայն մեկ անգամ: Ինչեւէ, Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 21-ին նախատեսված նիստում կհրապարակվեն կարագի եւ բուսասերուցքային սփրեդի շուկաներում հարուցված վարչական վարույթի արդյունքները: Նիստի ընթացքում կհրապարակվեն օրինախախտների անունները, ինչպես նաեւ` փորձաքննության արդյունքները: Խոսքը վերաբերում է ինչպես ներկրող, իրացնող, այնպես էլ կարագի տեղական արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին: Ի դեպ, նշենք, որ Հայաստան ներկրվող կարագի 37,5%-ը պատկանում է «Ալեքս Գրիգ» ընկերությանը: