Տխլենու մոգական ուժը
Տխլենի սովորական- CORYLUS AVELLANA։ Հնագույն ժամանակներից համարվել է, որ կարմիր թելի վրա անցկացրած անտառային տխլենու պտուղներով վզնոցը պահպանում է չար աչքից եւ կախարդանքից։ Տխլենին հաճախ է հանդիպել մեր պատմական հայրենիքում, բնական պայմաններում հանդիպում է Սիրիայից եւ Հյուսիսային Իրանից մինչեւ Հյուսիսային Սկանդինավիա ընկած տարածքներում։ Հայաստանի բնական պայմաններում հանդիպում է Լոռվա եւ Սյունիքի մարզերում, որտեղ աճում է ստորին գոտուց մինչեւ վերին լեռնային գոտի, գերազանցապես չափավոր խոնավ եւ հարուստ հողերում, կաղնեբոխային ենթաանտառում, գետերի եւ առուների ափերին։
Տխլենին չի վախենում կայծակից, մեր նախնիներն ամպրոպի ժամանակ թաքնվել են դրա մացառուտներում։ Ճյուղերից պատրաստել են խաչեր եւ զարդարել պատերը։ Տխլենու թփուտով պաշտպանել են դաշտերի սահմանը օձերից։ Քրիստոսի ծննդյան տոներին ճյուղերը դրել են տան հատակին եւ աղոթել։ Համարվել է, որ այդ ճյուղերի միջոցով հնարավոր է հաղորդակցվել մահացած նախնիների հոգիների հետ։ Մթնշաղից առաջ այդ ճյուղերը տարել եւ դրել են շիրիմներին, որպեսզի նախնիների հոգիները հանգստանան դրանց շվաքի տակ եւ պաշտպանվեն ամպրոպից։
Հին Հռոմում տխլենու պտուղը նվիրել են նորապսակներին, որպեսզի ամուսնական զույգը բազմազավակ լինի։ Միջնադարյան Ֆրանսիայում նորապսակների վրա ընդելուզել (ցանել) են տխլենու պտղով, քանի դեռ նրանք ծնկաչոք էին եկեղեցու բեմի առաջ, իսկ ելքի մոտ հարսնացուին ընդառաջ էր գալիս մի ծեր կին եւ մատուցում նրան անտառային տխլենու պտուղներով լցված պարկիկ։ Այսօր այդ ավանդույթը պահպանվել է այն տարբերությամբ, որ նորապսակներին դիմավորում են կոնֆետներով, մանրադրամով, եւ այլն։ Ինչպես ասում են` նորը` դա մոռացված հինն է։
Անգլիայում առ այսօր համարվում է, որ Ծաղկազարդի օրը կտրատված եւ ջրում պահպանվող տխլենու կենդանի ճյուղերը կպահպանեն տունն ամպրոպից ու կայծակից։ Անգլիայում եւ Ավստրալիայում համարվում է, որ ոչխարների ծնաճին կնպաստեն գոմում համատարած կախված կատվիկները։ Անգլիացիները նաեւ հավատում են, որ տխլենու տերեւից եւ ընձյուղից հյուսած «գլխարկը» կնպաստի ցանկությունների իրականացմանը եւ երջանկություն կբերի։
Հնագույն ժամանակներից տխլենու տերեւի, մատղաշ ընձյուղի եւ կեղեւի խառնուրդով պատրաստել են բուժիչ եփուկ, որն, ըստ հավատալիքների, պահպանում էր բազմաթիվ հիվանդություններից։ ՈՒղղաձիգ 1-2 տարվա տխլենու բնափայտից պատրաստում էին ցուցափայտիկ եւ օգտագործում չար ուժերից պաշտպանվելու համար։ Ծննդյան տոների ժամանակ ճանապարհների խաչմերուկին այդ փայտիկով շրջան էին ուրվագծում, կանգնում դրա կենտրոնում եւ այրում տխլենու ճյուղը։ Բացի այդ, այրված ճյուղը պտտեցնում էին տան շուրջը` վանելով չար ուժերը։ Եթե մոտակայքում չկար եկեղեցի, ապա մեղքերի թողություն էին խնդրում հին տխլենուց` ծնկաչոք գրկում ծառի բունը, խոստովանում մեղքերը եւ ծառից թողություն խնդրում։ Գյուղերում համարում էին, որ օձերը ոչ միայն վախենում են այս ծառից, այլեւ մահանում դրան մոտենալիս։ Տխլենու ճյուղերը դնելով ամբարների հատակին` պաշտպանվում էին մկներից, նաեւ այն կախում էին պատերին։ Այն տարին, երբ տխլենին բերքառատ է, ծնվում են շատ տղաներ, իսկ եթե շատ են զույգ միջուկով պտուղները, ապա շատ երկվորյակներ կծնվեն։ Որպեսզի իմանաք` արդյո՞ք կկատարվի ձեր ցանկությունը (երազանքը), ապա նետեք այրվող կրակի մեջ պտուղը եւ եթե այն բոցավառվի, ապա կիրականանա։ Սակայն առավել մոգական հատկություններով օժտված էր համարվում զույգ միջուկով պտուղը։ Այդպիսի պտուղ գտնողն ուտում էր մեկ միջուկը, իսկ մյուսը նետում ձախ ուսի վրայով մեջքի ետեւը, այս ամենը պետք է կատարեք լռակյաց եւ պահպանեք կեղեւը այնքան ժամանակ, մինչեւ չհարցնեն մի այնպիսի բանի մասին, որին դուք կպատասխանեք` այո։ Եթե աղջիկը գտնում է զույգ միջուկով պտուղ, ապա դա ամուսնության նշան է, կիսելով այն` իր համար ցանկալի փեսացուի հետ նա երջանիկ կլինի, միայն թե այդ բոլորը պետք է կատարվի լռության մեջ։ Եթե կասկածում եք ինչ-որ մեկին` ձեր հանդեպ չարամիտ լինելու մեջ, ապա նետեք նրա կողմը տխլենու զույգ միջուկով պտուղը, դա կկանխի ձեր հանդեպ հյուսվող դավերը։ Կամ, եթե խաբված եք ինչ-որ մեկի կողմից, ապա ձեր սրտի վերքերը արագ կապաքինվեն եւ կրքերը կմարեն տխլենու ճյուղի օգնությամբ։ Տխլենին խոշոր, 2-5 մետր բարձրությամբ թուփ է, սաղարթը` գնդաձեւ, կեղեւը` հարթ, բաց դարչնագույն, ընձյուղները` մազմզուկապատ, ծածկված սպիտակ ոսպնյակներով, ճյուղերը կարմրագորշագույն, տերեւները` ձվաձեւ շեղանկյուն, սրածայր, սուր ատամնաեզրով, վերեւից` մուգ կանաչ, ներքեւից` կանաչ։ Արական ծաղիկները դեղին կատվիկներ են, իգականները ծածկված են թեփուկներով` արտաքուստ նման բողբոջի, հավաքված են ճյուղավոր ծաղկաբույլերում։ Պտուղները, որպես օրենք, կազմում են խմբեր (2-5), բաց կանաչ գույնի, պատված մահուդանման աղվամազերով։ Ծաղկում է մարտին, պտղաբերում օգոստոս-սեպտեմբերին։ Տխլենին կեչազգիների ընտանիքի բույս է։ Տխլենին ծաղկահյութ չի արտադրում, սակայն դրա ծաղկափոշին անփոխարինելի սպիտակուցային հումք է մեղվահացի պատրաստման համար։ Տխլենու սննդարար արժեքը շատ բարձր է, մոտ 670 կկալ` 100 գրամ միջուկի մեջ, դա ավելին է, քան նշի մեջ (600 կկալ) կամ ընկույզում (650 կկալ)։ Մեծ արժեք է ներկայացնում պտղայուղը, որն ունի որդաթափ հատկություն եւ ամրացնում է մազարմատները, այն նպաստում է խոլեստերինի բաղադրության կարգավորմանը, յուղի մեջ հրաշալի ձեւով համատեղվում են օմեգա-3 եւ օմեգա-6 ճարպերը։ Կա կարծիք, որ յուղը պարունակում է անչափ կարեւոր B12 վիտամին, որը մենք ստանում ենք հիմնականում մսեղենի հետ։
Միջուկը պարունակում է մոտ 60 տոկոս ճարպ, 15 տոկոս սպիտակուցներ, 5 տոկոս շաքարներ, երկաթ, կալցիում, կալիում, ֆոսֆոր, B1, B2, E, PP վիտամիններ, կարոտին։ Բույսում պարունակվող կալցիումը շատ լավ է յուրացվում օրգանիզմում։
Կեղեւը եւ տերեւը պարունակում են դաբաղանյութ, կալցիում, եթերային յուղեր։ Տերեւը` նաեւ ֆլավոններ, բույսին բնորոշ ալկալոիդ, օրգանական թթուներ, ասկորբինաթթու։ Բուժական նպատակներով մթերում են գարնանային հյութաշարժման շրջանում, տերեւները մայիսին չորացնում են բաց ծածկի տակ։
Կեղեւի եփուկով եւ տերեւի թուրմով բուժում են աղիքային հիվանդությունները, երակների լայնացման հետեւանքով առաջացած խոցերը, մազանոթային արյունազեղումը։ Թուրմը եւ եփուկը շատ հաճելի համ ունեն, ամրացնում են օրգանիզմը։ Տերեւի թուրմը մեծ կիրառում ունի լյարդի բուժման համար նախատեսված դեղաբուսային թուրմերում։
Միջուկն օգտակար է անեմիայի, շաքարային դիաբետի, հիպերտոնիկ հիվանդության, աթերոսկլերոզի, միզաքարային հիվանդության, երիկամային քարերի, մետեորիզմի դեպքում, նպաստում է լակտացիային։
Նույնիսկ փոքր քանակությամբ կերած պտուղը շրջափակում է այն անոթների աճը, որոնք սնում են ուռուցքները, միայն դրանք պետք է ուտել թարմ վիճակում։ Ցանկացած տեսակի ընկուզեղեն առավել օգտակար է, եթե այն ուտեք առավոտյան եւ ցերեկը։
Անեմիա, ռեւմատիզմ. Մանրացրած միջուկը խառնեք արեւածաղկի մեղրի հետ (1։1)։ Կերեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ։
Կեղեւի եփուկ. 1 ճ/գ չոր հումքին ավելացրեք 500 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, քամեք, մզեք հումքը թուրմի մեջ, վերականգնեք եռջրով նախնական ծավալը։ Խմեք 100-ական, մլ օրը 4 անգամ, սնվելուց առաջ։
Շագանակագեղձի բորբոքում. 2 ճ/գ մանրացրած չոր տերեւին ավելացրեք 700 մլ եռջուր, 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Թրմեք կես ժամ, քամեք։ Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։
Վարիկոզ. 4 ճ/գ մանրացրած, չոր տերեւը 3 ժամ թրմեք 800 մլ եռջրում, քամեք թանզիֆով։ Խմեք 60-70 մլ, օրը 4 անգամ։
Աղմուկ ականջներում. Խառնեք հավասար քանակությամբ ձիակասկենու (կոնսկի կաշտան) եւ տխլենու տերեւը, սոֆորայի տրորած սերմը, սպիտակ ճագոմի խոտը, պատրաստեք 10 տոկոսանոց լուծույթ օղիով, թրմեք 21 օր։ Խմեք 2-ական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 30 րոպե առաջ։ Շաբաթը մեկ ընդմիջեք 7 օրով։