«Փախած» կապիտալը բռնվում է Վրաստանում

17/11/2011

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երեկ հերթական ուշագրավ հայտարարությունն է արել։ Այն ուղիղ տեքստով Հայաստանին չի վերաբերում (ինչպես սողանքի ժամանակ մեր փրկարարական ուժերի աշխատանքի գնահատականը), սակայն ակնարկը բավականին թափանցիկ է:

Այսպես, ըստ վրացական «Մեդիանյուզ» գործակալության՝ «Վրաստանի բանկի» նոր գրասենյակի բացման արարողության ժամանակ Սահակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն այլ երկրներից փախուստի դիմած, վախեցած կապիտալը պետք է գրավի, բռնի: «Վրաստանը կապիտալի լվացման համար ամենալավ վայրն է: Սա իմ կողմից արվող PR չէ, դրա մասին օտարերկրացիներն են գրում: Այդ պատճառով մենք չպետք է բաց թողնենք այն հնարավորությունը, երբ որեւէ մեկի գործերը լավ չգնան, եւ այլ երկրներից վախեցած կապիտալը զավթենք»,- նշել է Վրաստանի նախագահը, ընդգծելով, որ ուրիշի դժբախտության վրա պետք չէ ուրախանալ:

Ինչպես տեսնում եք՝ ակնարկը բավականին թափանցիկ է։ Հաշվի առնելով հայկական կապիտալի՝ դեպի Վրաստան արտահոսքի մասին խոսակցությունները, դա առաջին հերթին հենց Հայաստանին է վերաբերում։ Ընդ որում, Վրաստանի նախագահը ճիշտ է՝ տարբեր միջազգային կառույցներ իրենց զեկույցներում Վրաստանը դիտարկում են որպես շատ ավելի հարմար երկիր՝ ներդրումների եւ բիզնես անելու համար (օրինակ՝ «Doing Business»-ը կամ «Forbes»-ը)։ Մ. Սահակաշվիլին անկեղծ չի միայն մեկ հարցում. ուրիշի (տվյալ դեպքում՝ Հայաստանի) դժբախտության վրա ուրախանալ լա՜վ էլ կարելի է, եթե այդ դժբախտությունից դու օգուտ ունես։ Նշենք, որ Հայաստանի կառավարությունն այս ամենից նեղսրտելու կարիք ամենեւին էլ չունի։ Ավելին՝ նրանք իրենք էլ խոստովանում են, որ հաջորդ տարի Հայաստանում ներդրումների աճ չի լինելու։ «168 Ժամի» նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք կառավարության 2012թ. բյուջետային ուղերձին, որտեղ հստակ նշված է, որ ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը 2012թ. նվազելու է։ Հաջորդ տարվա համար այդ ցուցանիշը կանխատեսվել է 30%, մինչդեռ 2011-ին սպասվող ցուցանիշը 31.3% է, իսկ 2010թ. փաստացի ցուցանիշը՝ 33.4% էր։

Ի դեպ, այն ժամանակ ահագին զարմանալի էր, որ 4.2% տնտեսական աճի կանխատեսման հետ մեկտեղ՝ հայրենի կառավարությունը հոռետես է ներդրումների հարցում։ Առավելեւս, որ այդքան շատ է խոսվում ներդրումային միջավայրի բարելավման, բիզնեսի համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու մասին։ Սակայն այժմ հոռետեսությունն այլեւս զարմանք չի հարուցում, քանի որ հարկային փաթեթի մանրամասներն իմանալուց հետո ոչ ոք կասկած չունի, որ Վրաստանն է՛լ ավելի գրավիչ է դառնալու օտարերկրյա ներդրողների համար։ Մի խոսքով՝ բյուջեի հարցում շատ անկեղծ մոտեցում է ցուցաբերվել։

Անդրադառնալով հաջորդ տարվա բյուջեին՝ ավելացնենք նաեւ, որ հաջորդ տարվա բյուջեն արտահայտում է կառավարության իրական ծրագրերը (ի տարբերություն խոստումների)` ոչ միայն ներդրումների առումով, այլ սոցիալական ոլորտի։ Այդ մասին երեկ խոսել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ, պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ «Ընտանեկան նպաստի միջին չափը պատրաստվում էին հասցնել 34 հազարի, իսկ 2012-ին այն կազմելու է 29 հազար 450 դրամ, իսկ դրա հետ մեկտեղ` ուրախանում են, որ այն ավելանալու է 2500 դրամով»,- նշել է նա: Նշենք, որ կառավարության 2009-2011 թվականների Միջնաժամկետ ծախսերի ծրագրի համաձայն, 2011-ին սոցիալական ապահովության համար ծախսերը պետք է կազմեին 331 միլիարդ դրամ, կրթությանը` 169 միլիարդ, առողջապահությանը` 102 միլիարդ: Մինչդեռ 2012-ին այդ ոլորտներին հատկացվելու են համապատասխանաբար` 304, 108 եւ 64 միլիարդ դրամ: «Պետական այն ծառայողները, ովքեր համարձակվում են հիշեցնել կառավարությանն իր խոստումների մասին, անմիջապես ազատվում են աշխատանքից: Եթե ձեր խոստումների էությունը կայանում էր միայն դրանում, ապա հավատացեք, որ քաղաքացիական հասարակության կառուցման ճանապարհին դուք միայն խոչընդոտ կհանդիսանաք: Նման թշնամական վերաբերմունքով դուք ձեր դեմ եք հանում հայ հասարակությանը»,- հայտարարել է Ա. Մինասյանը: Ի պատասխան` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը նշել է, որ բյուջեն կազմվում է Հայաստանի տնտեսական իրականության եւ համաշխարհային տնտեսական իրադրության հիման վրա: