Այսօր կլինե՞ն նոր պաշտոնանկություններ

17/11/2011

Այսօր երեկոյան տեղի է ունենալու Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի հերթական նիստը: Մեր տեղեկություններով` նիստի քննարկման հիմնական թեմաներից մեկը լինելու է Տավուշի եւ Սյունիքի մարզպետներ Արմեն Ղուլարյանի եւ Սուրիկ Խաչատրյանի հետագա պաշտոնավարման հարցը: Չի բացառվում, որ որոշում կայացվի պաշտոնանկ անել մարզպետներին: Ա.Ղուլարյանի դեպքում պետք է քննարկվի Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածու Վարուժան Ներսիսյանի պարտության հարցը: Որոշ տեղեկությունների համաձայն` այդ հարցն արդեն ՀՀԿ-ում նախնական քննարկում անցել է, լսել են պարտության հետ կապված նրանց բացատրությունները: Վ.Ներսիսյանը դժգոհել է, թե ընտրությունների ժամանակ մարզպետն իրեն չի օգնել, իսկ Ա.Ղուլարյանն էլ ասել է, թե իջեւանցիները, մեղմ ասած, իրենց քաղաքապետին չեն ընդունում: Իսկ Ս.Խաչատրյանի դեպքում պատճառ է հանդիսացել գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստը: Ի դեպ, երբ Ս.Խաչատրյանը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հարվածել է Ս.Համբարձումյանին, այնտեղ է եղել նաեւ Ա.Ղուլարյանը: Իսկ երեկ երեկոյան արդեն Ս.Խաչատրյանի պաշտոնանկության հարցն այնքան էլ իրական չէր համարվում, որովհետեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե պետք է սպասել, մինչեւ կավարտվեն նրա նկատմամբ հարուցված քրեական գործերի քննությունները: Իսկ Տավուշի մարզպետի փոխարեն` քաղաքական շրջանակներում շրջանառվում է ՊՆ ԳՇ պետի տեղակալ գեներալ Արշալույս Փայտյանի անունը, ով ծնունդով Տավուշից է: