Թեման 7 շրջաններն են

17/11/2011

«Հայաստանը դուրս է գալու իր կողմից զբաղեցված տարածքներից: Դա քննարկման իրական թեմա է, որը հասկանում է նաեւ Երեւանը: Սակայն նա իր խաղն է խաղում Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների առնչությամբ: Կրկնում եմ` 7 շրջանների հարցը գտնելու է իր լուծումը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ասել է Մոսկվայի Քարնեգիի կենտրոնի գիտխորհրդի անդամ, հայտնի քաղաքագետ Ալեքսեյ Մալաշենկոն: Նրա խոսքով` ԼՂ հակամարտության կարգավորումն ընթանալու է բազմավեկտոր ճանապարհով` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ հակամարտության կողմերի` Հայաստանի եւ Ադրբեջանի մասնակցությամբ: «Այդ պատճառով, կարծում եմ` դա երկար եւ ժամանակատար գործընթաց է»,- ասել է Մալաշենկոն: Ընդգծելով, որ Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման համար անհրաժեշտ է գտնել նոր բանաձեւ, Մալաշենկոն ասել է. «Ես առայժմ չեմ տեսնում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղիներ: Բանն այն է, որ այստեղ առկա է Լեռնային Ղարաբաղի ճանաչման-չճանաչման հարցը: Այդ խնդրի լուծման միակ ճանապարհը նոր` 3-րդ բանաձեւ փնտրելն է: Առայժմ որեւէ հանճար այդ բանաձեւը չի գտել: Ընդհանուր առմամբ, ողջ աշխարհում առկա են չլուծված հակամարտություններ, օրինակ, Մերձավոր Արեւելքում` Իսրայելն ու Պաղեստինը»: Նրա կարծիքով, սակայն, կարեւորը ոչ թե հակամարտության կարգավորումն է, այլ` իրավիճակի եւ կողմերի վերահսկողությունը. «Այսօր Լեռնային Ղարաբաղում չկան ռազմական գործողություններ, այդ պատճառով պատերազմ չի լինի: Հակառակ դեպքում` այն կողմերի համար ողբերգական կլինի: Այդ պատճառով պետք է շարունակվեն պատերազմ թույլ չտալու եւ կողմերին վերահսկելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները»,- ասել է Մալաշենկոն: