Ազգային արժեքները սահմանադրությունից բա՞րձր են

18/11/2005 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Սահմանադրական առաջարկվող փոփոխությունների օգտին քարոզչություն անելու նպատակով երեկ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարան էին այցելել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը եւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Հանդիպումը սկսվեց ու ավարտվեց «այո»-ի հիմնով: Բավականին աշխույժ մթնոլորտ էր, ու տպավորությունն այնպիսին էր, որ ներկաներին «այո» քարոզելու կարիք այլեւս չկա, քանզի նրանք արդեն «քարոզված» էին: Այս փաստը չթաքցրեց նույնիսկ բուհի ռեկտոր Արտուշ Ղուկասյանը, ով հանդիպման սկզբում տեղեկացրեց, որ արդեն նոյեմբերի ութից բուհի տարբեր ֆակուլտետներում սահմանադրական փոփոխությունների քարոզչություն է տարվել: Ճիշտ է, նա դա անվանեց «իրազեկման գործընթաց», սակայն հետո, ըստ էության, հաստատեց, որ տեղի ունեցածն իրականում քարոզչություն է եղել, քանզի ըստ նրա` ուսանողներին ներկայացվել է, թե առաջարկվող փոփոխությունները «հետագայում ի՞նչ արդյունք են տալու մեր պետականությունն ամրապնդելու համար»: Գ. Սահակյանը ներկաներին տեղեկացրեց, որ առաջարկվող նախագծով երկրում կվերանան կամայականությունները: «Դա վերաբերում է եւ՛ կոռուպցիային, եւ՛ մարդու իրավունքների ոտնահարմանը»,- նշեց նա: Իսկ փոփոխությունների չընդունվելու դեպքում, ըստ Գ. Սահակյանի, վերոնշյալ բացասական երեւույթները համատարած են դառնալու: Անդրադառնալով նախագծի 35-րդ հոդվածին, որտեղ նշվում է, որ «ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք», Գ. Սահակյանը վստահեցրեց, թե սա նշանակում է, որ միասեռ ամուսնությունները մեր երկրում չեն թույլատրվելու: «Նույնիսկ եթե գրված չլիներ, մեր մենթալիտետն այնպիսին է, որ նման բան չի լինի,- ասաց նա ու հավելեց,- ազգային արժեքներն ավելի բարձր են, քան ցանկացած Սահմանադրություն եւ ցանկացած օրենք»: Լ. Մկրտչյանն էլ վստահեցնում էր, որ եթե «ոչ» է ասվում առաջարկվող նախագծին, նշանակում է, որ «այո» է ասվում այսօրվա համակարգին ու Սահմանադրությանը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարն ուսանողների հարցերին պատասխանելիս անդրադարձավ նաեւ երկքաղաքացիության խնդրին: «Եթե մարդն այստեղ ունի նստակեցության ցենզ, այստեղ վճարում է հարկերը, կատարում է իր բանակային պարտականությունները, կատարում է իր ազգային պարտականությունները, ապա նա կունենա ընտրելու եւ ընտրվելու իրավունք»,- հայտարարեց նա: Նրա խոսքերով` ՌԴ-ում կան հարյուր-հազարավոր մարդիկ, ովքեր ՀՀ քաղաքացի են եւ կարող են մասնակցել Հայաստանի ընտրություններին: «Սակայն բոլոր ընտրություններում էլ ՌԴ-ում մեր քաղաքացիների մասնակցության թիվը մեկ տասնյակից չի անցնում»,- ասում է Լ. Մկրտչյանը` փորձելով ապացուցել, որ արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացի երկքաղաքացիներից քչերը ցանկություն կունենան մեր ընտրություններին մասնակցել: Լ. Մկրտչյանը կարծում է, որ եթե երկքաղաքացիությունն ընդունվեր տասը տարի առաջ, ապա այսօր մեր երկիրը բոլորովին այլ վիճակում կլիներ եւ Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները որակական այլ մակարդակի վրա կլինեին: Պատասխանելով այն հարցին, թե ԱԺ-ն իր այսօրվա որակով ի վիճակի՞ է իր վրա այդքան լիազորություններ վերցնել, որքան առաջարկվում է ներկայացված նախագծով, Լ. Մկրտչյանն ասաց. «Ինչ մակարդակի վրա գտնվում է հասարակությունը, այդ որակի էլ ձեւավորում է ԱԺ: Չի կարող ԱԺ-ն լինել փայլուն քաղաքական մշակույթի վայր, եթե տվյալ հասարակության զարգացման աստիճանը շատ ավելի ցածր է»: Երեկվա հանդիպման ընթացքում Լ. Մկրտչյանին ուղղվեց մի հարց, որը նախօրեին, դարձյալ «այո» քարոզարշավի շրջանակներում, Բժշկական համալսարանում ուսանողներից մեկն ուղղել էր Գ. Սահակյանին: Հարցը հետեւյալն էր. գործող Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն` «ՀՀ-ն ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», մինչդեռ առաջարկվող փոփոխություններում բացակայում են «ազատ, անկախ» բառերը: «Մի՞թե մենք այլեւս ազատ ու անկախ չենք լինելու»,- հարցնում էին ուսանողները: Բժշկականում այս հարցին պատասխանելիս` Գ. Սահակյանը նշեց, թե իմաստների մեջ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել, եւ վերոնշյալ հոդվածի բովանդակությունը պահպանվել է: Նույն հարցին պատասխանելիս երեկ Մանկավարժական համալսարանում Լ. Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ «ազատ, անկախ» բառերը գործող Սահմանադրությունում նշվել են` ելնելով նրանից, որ այն ընդունվել է այն ժամանակ, երբ մեր պետությունը դեռեւս կարիք ուներ ամրագրելու իր ինքնիշխանությունն ու անկախությունը: Նրա խոսքերով` դրանով փորձ էր արվել շեշտել, որ մենք մեր ճակատագրի տերն ենք: «Այս փուլում նմանատիպ հաստատման կարիք չկա, որովհետեւ այսօր ՀՀ-ն աշխարհի կողմից լիարժեք ընդունվող, լիարժեք ինքնակառավարվող, ինքնիշխան պետություն է»,- ասում է նա: Նկատենք միայն, որ այս ամենից կարելի է եզրակացնել, որ նման հարց տվողները եւ դրան այսկերպ պատասխանողները բավարար չափով ծանոթ չեն թե՛ գործող Սահմանադրությանը, թե՛ առաջարկվող փոփոխություններին, քանզի իրականում գործող Սահմանադրության նշված հոդվածում «ազատ, անկախ» բառերը չկան, եւ այդ հոդվածում որեւէ փոփոխություն չի արվել եւ չէր էլ կարող արվել, քանզի գործող Սահմանադրության 114-րդ հոդվածի համաձայն` «Սահմանադրության 1, 2 եւ 114 հոդվածները փոփոխման ենթակա չեն»: