Անշարժ գույքի շուկան դեռ ճգնաժամի մեջ է

17/11/2011 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հաճախ կարելի է լսել, որ անշարժ գույքի գները երկրի տնտեսական վիճակի կարեւոր բնութագրիչներից մեկն է։ Երբ տնտեսությունը վերելք է ապրում, աճում են նաեւ գները։

Իսկ տնտեսական անկումների եւ ճգնաժամերի ժամանակ անշարժ գույքի գները նվազում են, ընդ որում՝ երբեմն պարզապես գահավիժում են՝ տակնուվրա անելով հիպոթեքային շուկան։

Ասվածն ապացուցելու համար պետք չէ շատ հեռուն գնալ։ Երբ Հայաստանն արձանագրում էր երկնիշ տնտեսական աճ (այս դեպքում այդ աճի որակը կարեւոր չէ), անշարժ գույքի գները նկատելիորեն բարձրացան։ Իսկ 2009թ. ճգնաժամի ժամանակ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկն ընկավ՝ հանգեցնելով նաեւ գնանկման 15-20%-ով։

Հետո տնտեսության վիճակը կայունացավ։ Եթե հավատայինք էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Ներսես Երիցյանին, ապա 2010թ. սկզբին արդեն իսկ պատվով հաղթահարել էինք ճգնաժամը։ Իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2010թ. ունեցել ենք 4%-ը գերազանցող տնտեսական աճ, որը շարունակվել է նաեւ 2011թ. առաջին 9 ամիսների ընթացքում։ Նույն վիճակագրությունը հավատացնում է նաեւ, որ աճել են բնակչության եկամուտները։ Կենտրոնական բանկը եւ բանկերը հայտարարում են վարկերի (եւ մասնավորապես` հիպոթեքային վարկերի) տոկոսադրույքների իջեցման, ժամկետների երկարացման մասին։ Պետությունը ծրագրեր է իրականացնում, որպեսզի երիտասարդները կարողանան էժան վարկ վերցնել՝ բնակարան ձեռք բերելու համար։

Տրամաբանությունը հուշում է, որ այս ամենի արդյունքում՝ անշարժ գույքի գները պետք է թեկուզ աննշան չափով աճեին։ Լավ, ծայրահեղ դեպքում՝ գոնե չնվազեին։ Սակայն իրականությունն այն է, որ անշարժ գույքի շուկան դեռ ճգնաժամից դուրս չի եկել, եւ անկումն այդտեղ շարունակվում է։

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ հանրապետությունում եւ կոնկրետ Երեւան քաղաքում նվազել են թե՛ առքուվաճառքի գործարքները, թե՛ բնակարանների գները։ Այսպես, եթե 2010թ. առաջին 9 ամիսների ընթացքում կատարվել է անշարժ գույքի առքուվաճառքի 9344 գործարք, ապա այս տարվա հունվար-սեպտեմբերին գործարքների քանակը կազմել է ընդամենը 6817։

Անշարժ գույքի գների փոփոխությունը նախորդ տարվա համեմատ ներկայացված է աղյուսակում։ Բացառությամբ Ավան համայնքի, Երեւանի բոլոր համայնքներում բնակարանների գներն անկում են ապրել։ Եթե համեմատենք այս տարվա սեպտեմբերի գները նախորդ տարվա սեպտեմբերի գների հետ, ապա ամենից շատ էժանացել է Շենգավիթ եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների անշարժ գույքը, համապատասխանաբար, 7.5 եւ 7%-ով։ Երեւանում բնակարանների գները մեկ քմ-ի հաշվով էժանացել են միջինը 5.1%-ով՝ կազմելով 256 հազար դրամ։

Նշենք, որ անշարժ գույքի շուկայի անմխիթար վիճակի մասին վկայում է ոչ միայն վիճակագրությունը, այլ անշարժ գույքի գործակալություններն ու միջնորդները (բրոքերները)։ Ի դեպ, եթե անշարժ գույքի գործակալությունները ավելորդ խուճապ չառաջացնելու համար խուսափում են հրապարակայնորեն խոստովանել, որ Հայաստանում սկսել են տուն չգնել, բրոքերները մասնավոր զրույցներում ավելի անկեղծ են։ Նրանք նշում են, որ մարդկանց ձեռքում փող չկա։ Ինչ վերաբերում է «Մատչելի բնակարան երիտասարդների համար» ծրագրին, ապա նրանք նշում են, որ ծրագրի տված օգուտը գրեթե զրոյական է։ Նախ՝ երիտասարդների հիմնական խնդիրը բնակարանի արժեքի 30% կանխավճարն է, որի հարցը պետությունը չի լուծում։ Բացի այդ, կան սահմանափակումներ, որոնք անիմաստ են դարձնում ծրագրից օգտվելը։ Օրինակ, ծրագրի պայմաններից մեկն այն է, որ Երեւանում գնվող բնակարանի արժեքը չի կարող գերազանցել 16 միլիոն դրամը։ «Ստացվում է, որ երիտասարդ ընտանիքը պետք է 16 միլիոն դրամով բնակարան գտնի՝ այն էլ վերանորոգված, որպեսզի կարողանան ապրել։ Իսկ դա գրեթե անհնար է»,- ասում են նրանք։

Ի դեպ, բրոքերների վիճակն ամենեւին նախանձելի չէ։ Նրանք տուժում են ոչ միայն անշարժ գույքի շուկայի անկման պատճառով, այլ` տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման։ Ինտերնետային տարբեր կայքերն այսօր հնարավորություն են տալիս վաճառողին եւ գնորդին հանդիպել առանց միջնորդի։ Վերջինիս ծառայությունը դառնում է ավելորդ։

Վերադառնանք, սակայն, անշարժ գույքի գներին։ Եթե տնտեսությունը, թեկուզ դանդաղ տեմպերով, սակայն շարունակում է աճել, եթե մարդկանց եկամուտներն ավելացել են, եթե արտերկրից նորից տրանսֆերտներ են գալիս, եթե պետությունը եւ ֆինանսական հատվածը քայլեր են ձեռնարկում, որպեսզի հիպոթեքով բնակարան ձեռք բերելը հասանելի լինի բոլորին… այս բոլոր «եթե»-ներից հետո ինչո՞ւ է անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը շարունակում ցածր մնալ, եւ գնանկումը չի դադարում։

Պատճառը, թերեւս, այն է, որ անկախ պաշտոնական վիճակագրության հրապարակած ցուցանիշներից՝ բնակչության կենսամակարդակը գնալով նվազում է։ Իրական եկամուտները մնացել են նույն մակարդակի վրա, իսկ տարվա ընթացքում երկնիշ գնաճը խժռում է մարդկանց բոլոր միջոցները՝ ոչ մի հնարավորություն չթողնելով մտածել գումար «ետ գցելու» եւ բնակարան ձեռք բերելու մասին։ Բանկերից մեկը մի գովազդային հոլովակ ունի` «Վերցրեք այնքան, որքան կարող եք մարել»։ Շատ ճիշտ խոսքեր են, որոնց հետեւելով՝ երիտասարդների մեծ մասը զերծ է մնում վարկ վերցնելուց։ Եթե ամփոփենք ընդհանուր պատկերը՝ ապա բնակարանների գների 5%-անոց գնանկումն անուղղակիորեն ցույց է տալիս բնակչության կենսամակարդակի նվազումը նույն 5%-ով։ Ավելացնենք նաեւ, որ անշարժ գույքի նկատմամբ պահանջարկի անկումը վկայում է նաեւ այն մասին, որ արտագաղթի մասշտաբները իրականում վտանգավոր են։ Մարդիկ (պոտենցիալ գնորդները) կամ արդեն գնացել են, կամ էլ ցանկանում են գնալ։ Այսինքն՝ հատկապես երիտասարդների մեջ կա մի ստվար խումբ, որն իր ապագան չի կապում Հայաստանի հետ։ Իսկ նման պայմաններում «տնավորվելու» մասին մտածելը լիովին անիմաստ է։