Սերժ Սարգսյանը մնալու է իմ մարտական ընկերը,- ասում է նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը

17/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– Արտահերթ թե հերթական է, ամեն դեպքում, ՀԱԿ-ը պատրաստվում է ընտրություններին, հավանաբար` պատրաստվում եք նաեւ Դուք: Հրազդանի ընտրատարածքներից մեկից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եք եղել, առաջիկա ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունե՞ք:

– Ես այդ հարցին հիմա չեմ պատասխանի: Ժամանակը ցույց կտա: Ասեմ, որ ես այդ տարածաշրջանում այն պատգամավորն եմ եղել, որ 4 անգամ մեծամասնականով ընտրվել եմ:

– Հենց դրա համար էլ հարցնում եմ: Կոնգրեսն էլ հավանաբար մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ կառաջադրի: Եվ, բնականաբար, այնպիսի թեկնածուներ, ովքեր հեղինակություն ունեն շրջաններում: Եվ տրամաբանական չէ՞, որ Դուք առաջադրվեք:

– Ժամանակը ցույց կտա: Տրամաբանական է, թե ոչ, ես դեռ նման հարցի չեմ պատասխանի: Ես չեմ ասի` հա, ես գիտեմ, թե ինչ եմ անելու, եւ ժամանակի ընթացքում կանեմ:

– Իսկ ինչպիսի՞ն է ժողովրդի տրամադրվածությունը:

– Ես միշտ ժողովրդի մեջ եմ, կոմպլեքսների մեջ չեմ, միշտ էլ հանդիպել եմ եւ հանդիպում եմ: Բոլորն էլ մտածում են, որ այս երկրի վիճակը պիտի կարգավորվի: Իշխանությունն էլ պիտի հեռանա այս երկրից: Հացի հարց է առաջ եկել: Այսօր ամենասարսափելին արտագաղթն է: Պետք է մի բան անենք, արտագաղթը կանգնեցնենք:

– Ձեր տարածաշրջանում էլ է մեծ արտագաղթը:

– Բնական է, եթե ամբողջ հանրապետությունում է, նույնն էլ մեր շրջանում: Խորհրդային իշխանությունների ժամանակ Հրազդանը արդյունաբերական քաղաք է եղել, բայց այսօր խոշորներից ոչ մի բան չի աշխատում: Բնական է, որ աշխատատեղերի հետ կապված խնդիր կա: Դրան գումարած` հիմա էլ ուզում են արհեստական մի աղետ սարքեն, եկել, այդ երկաթահանքն են ուզում շահագործել: Ապօրինի կերպով փորում են, երեկ բարձրացա այնտեղ, ժողովուրդն ակցիա է անում: Աշխատողներն ասում են, թե` եկել ենք փորենք, հաց ենք առնում: Մարդիկ էլ հարց են տալիս, թե` դու քո հացի համար փորում ես, իմ տո՞ւնն ես քանդում: Գիտեք ինչ հետեւանքներ կունենա, չմանրամասնեմ: Մեր գյուղի սարն է, ինչ-որ չինացիների են ծախել:

– Նախկինում Դուք ՀՀԿ-ում էիք ու ընտրվեցիք, ՀՀԿ-ից դուրս գալուց հետո աջակցությունը կպակասի, որոշ ընտրազանգված կկորցնեք:

– Ես ՀՀԿ-ից ոչ թե դուրս եմ եկել, ուրիշ ավելի մեծ բաներ կամ պաշտոն էի ուզում, ոչ: Ես այնտեղ իմ տեսակետն եմ ունեցել, մարդիկ` ուրիշ: Ու ես այնտեղ էլ անելու բան չունեի: Իսկ ՀՀԿ-ն մեծ մարդիկ է ունեցել. Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Զատիկյան եւ նման այլ մարդիկ:

– Հիմա շփում ունե՞ք Ձեր նախկին կուսակիցների հետ:

– Ունեմ, բայց ոչ այդքան: Ես ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չունեմ: Ոչ ամաչում եմ, ոչ էլ քաշվում: Ես ճիշտ եմ արել ամեն ինչ: Ժամանակը ցույց տվեց, որ ես ժողովրդի համար էի գնացել, կարո՞ղ է իմ համար եմ գնացել: Իմ երեխու, կամ ապրելակերպի հարցը լիներ, կմնայի այնտեղ: Ես ընդհանուր մեր ապագայի համար եմ մտածել: Ես հասկացել եմ, թե հետագան ինչ է լինելու: Ես վարչության անդամ եմ եղել, շարքային ՀՀԿ-ական չեմ եղել: Այն ժամանակ էլ ասել եմ, որ լավ ընտրություն պիտի անենք, թե չէ ժողովուրդը կելնի, մեզ ոտնատակ կանի: Այդպես էլ եղավ:

– Դուք ասել էիք, թե Ձեր նախկին կուսակիցները պետք է ներողություն խնդրեն: Այս ընթացքում եղե՞լ են մարդիկ, որ ներքին խոսակցություններում ներողություն են խնդրել կամ ասել են, որ ճիշտ որոշում չի կայացվել Ձեր նկատմամբ:

– Եթե ներքին է եղել, քեզ ինչո՞ւ պիտի ասեմ: Եթե մարդիկ ներքին կարգով զղջացել են, ես ասեմ, դու թերթում գրե՞ս: Ամեն դեպքում կյանքը ցույց է տալիս, որ իմ քայլը ճիշտ էր: Ես մնացել եմ այն հարթակում, որտեղ ժողովուրդն է: Ո՞ւր պիտի գնայի:

– Դուք հայտարարել եք, թե Սերժ Սարգսյանը Ձեր ընկերն է, հիմա՞ էլ եք այդպես մտածում:

– Հիմա նորից եմ հայտարարում, որ Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն է եւ մնալու է իմ մարտական ընկերը: Մարտական ընկերն ուրիշ հասկացողություն է, նման բան էլ չի լինում կյանքում: Ես ասացի, որ մարտական ընկերն ուրիշ կատեգորիա է: Ես մի ժամանակ ասել եմ, որ մենք` կռվողներս, մի մորից չենք ծնվել, բայց մի բախտի ու ճակատագրի ենք արժանանալու: Էն ժամանակ թշնամի է եղել, մենք մարտական ընկեր ենք եղել, թշնամու դեմ ենք պայքարել:

– Հիմա էլ իրար դեմ եք պայքարում:

– Հիմա մեր քաղաքական հայացքները չեն համապատասխանել, բայց հասկացող, գիտակից մարդու համար մարտական ընկերն ավելի վեր է, քան այս քաղաքական…

– Ստացվում է, որ նա գիտակից չի՞ եղել, որ Դուք նրա օրոք ավելի քան 3 տարի բանտում եք եղել:

– Դա իրեն հարցրեք, թե ինչի համար է պահել: Ես նրանից ոչ նեղացած եմ, ոչ վիրավորված: Ես տղավարի իմ կալանքը կրել եմ: Եթե ուզեցել են ինձ ջարդել, չի ստացվել, ես իմ կալանքը կրել եմ իմ քաղաքական հայացքների համար եւ իմ հեղինակության համար, որ ժողովուրդն ընդունում է, եւ իմ հետեւից շատ են գալիս:

– Իսկ Դուք շփվո՞ւմ եք Ձեր մարտական այն ընկերների հետ, ովքեր ԵԿՄ-ում են, շփվո՞ւմ եք ԵԿՄ ղեկավարների, ասենք` Մանվել Գրիգորյանի հետ:

– Ես ոչ մեկի հետ չեմ շփվում: Ընդհանուր շփվում եմ բոլորի հետ:

– Նախընտրական ինչ-որ քայլեր ձեռնարկո՞ւմ եք Ձեր շրջանում:

– Մեր Ժողովուրդը գիտի, թե ես ով եմ, ինձ 5 անգամ ընտրել է, ես Հրազդանի քաղաքապետ էլ եմ եղել: Այսքան կալանք որ կրել եմ, ո՞ւմ համար եմ կրել, իմ ժողովրդի համար եմ հայտնվել բանտում:

– Ինչո՞ւ են վատ Ձեր հարաբերությունները Կոտայքի մարզպետի հետ:

– Մարզպետն ով է, դա մա՞րդ է, որ ես էլ հարաբերություններ ունենամ: Նրան ես մարդ չեմ համարում ընդհանրապես: Նա ո՞վ է, որ հետը հարաբերություններ ունենամ:

Ինչո՞ւ:

– Կյանքն է ցույց տվել: Իմ կալանավորվելու մեջ սուտ տեղեկություններով մեծ բաժին ունի մարզպետը: Ես չգիտեմ` նա մարզպե՞տ է, միլիցիայի ագե՞նտ է, չեմ էլ հասկացել:

– Կոտայքի մարզում, նաեւ Ձեր տարածաշրջանում ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանն էլ ուժեղ դիրքեր ունեն, պայքարը դժվար չի՞ լինի:

– Ես ոչ մեկի համեմատ թույլ դիրքեր չունեմ: Գագիկ Ծառուկյանի հետ էլ ընդհանրապես խնդիր չունեմ: Մի շրջանի տղա ենք, նորմալ է:

– Ի՞նչ հետեւություններ եք արել ՀԱԿ-իշխանություն երկխոսությունից: Շատերը կարծում են, որ դա Կոնգրեսին վնասեց:

– Մեր ժողովուրդն այլ կարգի բան չի տեսել, միշտ տեսել է ծեծի, ջարդի հարաբերություն, դրա համար էլ ժամանակի մեջ կարող է ինչ-որ թերահավատությամբ լցված լինել: Բայց ժամանակի ընթացքում կհասկանա, որ կարելի է անգամ քաղաքակիրթ ճանապարհով գնալ ընտրության եւ իշխանափոխություն անել: Ես կողմնակիցն եմ բանակցությունների, որ ժամանակի ընթացքում կարողանանք ուրիշ որակի քաղաքական դաշտ մտնել: