Զվարճալի սահմանադրություն

18/11/2005 Արման ԳԱԼՈՅԱՆ

«Համաժողովրդական քվեարկության դրված Սահմանադրական փոփոխությունների նախագիծը գլխիվայր շուռ է տալիս իրավական արժեքային ողջ համակարգը:

Այն ոչ թե մեկ քայլ առաջ է, ինչպես փորձում են համոզել իշխանությունները, այլ հարյուր քայլ ետ»,- ՀՀ սահմանադրական փոփխությունների նախագիծն ուսումնասիրելուց հետո այսպիսի եզրակացության է հանգել «Ազատության փարոս» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխնախագահ, իրավաբան Խաչատուր Օհանյանը:

Վերջինս Հելսինկյան ընկերակցության Հայաստանյան գրասենյակի հետ համատեղ «Սահմանադրության փոփոխության կնճիռները» վերնագրով գրքույկ է տպագրել, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է սահմանադրական փոփոխությունների նախագծում տեղ գտած հակասությունները, զավեշտներն ու թերությունները: «Մենք այդ աշխատությունը քննարկել ենք իրավաբան-գիտնականների, տարբեր քաղաքական գործիչների հետ: Բարձրագույն իրավական ուժ ունեցող այս փաստաթղթում չեն պահպանվել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի տարրական պահանջները»,- ասում է իրավաբանը: Արդյունքում, իշխանությունների կողմից «մեկ քայլ առաջ» որակված «եվրոպական չափանիշներին համապատասխանող» սահմանադրական փոփոխությունների նախագծի մեջ տեղ են գտել բազմաթիվ հակասություններ ու մերժելի դրույթներ: Մի բան, որը պարոն Օհանյանի կարծիքով, երկրի Մայր օրենքի համար անթույլատրելի է:

Օրինակ՝ նախագծի 22-րդ հոդվածի 7-րդ մասում գրված է՝ «Ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել՝ նույն արարքի համար»: «Դատվել» բառը կենցաղային բառ է եւ տարբեր իմաստներ ունի: Տառացիորեն եթե կիրառվի այս նորմը, ապա նոր ի հայտ եկած հանգամանքների առկայության դեպքում հնարավորություն չի ընձեռվի անձի նկատմամբ դատական գործ հարուցել: Այդպիսով, եթե առաջին ատյանի դատարանը ակտ է կայացնում, ապա սուբյեկտը զրկվում է բողոքարկման իրավունքից, քանի որ չի կարող նույն անձի դեմ հայց հարուցել»,- մեկնաբանում է Խ. Օհանյանը: Եվ նրա համոզմամբ, այստեղ պետք է ընդամենը «դատվել» բառի փոխարեն գրված լինի «դատապարտվել»: Ըստ նախագծի 23 հոդվածի առաջին մասի՝ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական եւ ընտանեկան կյանքը»: Խ. Օհանյանի պնդմամբ, «հարգվել» տերմինը իրավագիտության մեջ անհայտ հասկացություն է: «Օրինակ` հարեւանի` հարեւանին չբարեւելը անձնական հարգա՞նք է, թե՞ անհարգանք: Եթե անհարգանք է, ապա համաձայն նախագծի 101 հոդվածի` վեճը պետք է քննվի ՍԴ-ի կողմից, ինչն անհեթեթություն է»,- սահմանադրական փոփոխությունների նախագծում առկա զավեշտներն է մատնացույց անում իրավաբանը: Շատ են նաեւ օրենսդրական հակասությունները: Ընդ որում, իրար հակասող հոդվածներ կան նաեւ հենց սահմանադրության նախագծի մեջ: Մասնավորապես, 108 հոդվածում գրված է. «Երեւանը համայնք է: Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով: Օրենքով կարող է սահմանվել Երեւանի քաղաքապետի ուղղակի կամ անուղղակի ընտրություն»: Այս դրույթը տրամաբանորեն հակասում է գործող Սահմանադրության 3-րդ եւ նախագծի 4-րդ հոդվածներին: Ըստ այդմ` «Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»: Փաստորեն, ինչպես մատնանշում է պարոն Օհանյանը, Սահմանադրությունն ընդհանրապես չի սահմանում անուղղակի ընտրակարգ: Ուստի, Երեւանի քաղաքապետի ընտրությունների դեպքում անուղղակի ընտրակարգ սահմանելն անհնարին կլինի օրենքով:

ՀՀ սահմանադրության փոփոխությունների նախագծում Խ. Օհանյանը հայտնաբերել է այնպիսի դրույթներ, որոնք էականորեն սահմանափակում են մարդկանց իրավունքներն ու ազատությունները: «Նախագծի 20-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման իրավունք»: Այսկերպ բացառվում է քաղաքացիական գործերով դատարանի վճռի վերանայումը, քանի որ դատավճիռ կայացվում է միայն քրեական գործերի դեպքում, իսկ վճիռները` քաղաքացիական գործերի քննման արդյունքում: Փաստորեն, այս դրույթով սահմանափակվում է մարդու, քաղաքացու իրավունքի պաշտպանությունը»,- ասում է «Սահմանադրական փոփոխությունների կնճիռները» գրքի հեղինակը: Ավելին, սահմանադրության նախագծում հանված է նաեւ քաղաքացիների` ժառանգման իրավունքը սահմանող դրույթը: «31 հոդվածում ասված է, որ «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու եւ կտակելու իր սեփականությունը»։ Անձն իրավունք ունի կտակելու իր ունեցվածքը, սակայն ոչ մի տեղ գրված չէ, որ կարող է ժառանգել»: Սրանք հրապարակված գրքույկում տեղ գտած օրինակների մի փոքր մասն են միայն: Իրականում, այդ հակասություններն ու զավեշտներն այնքան շատ են, որ «Ազատության փարոս» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի փոխնախագահը կոչ է անում մերժել սահմանադրական այս կարգի փոփոխությունները: Թեեւ, իրավաբանի համոզմամբ, սահմանադրական փոփոխությունների նախագիծն իշխանություններն ի սկզբանե իրավունք չունեին դնելու քվեարկության: «Հանրաքվեի չեն կարող դրվել այնպիսի հարցեր, որոնք սահմանափակում կամ վերացնում են մարդու եւ քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին վերաբերող սահմանադրական երաշխիքները: Իսկ այս նախագծում էապես սահմանափակված են մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները»,- գտնում է Խ. Օհանյանը:

Վերջինս հակված է կարծելու, որ սահմանադրական փոփոխությունների նախագծում տեղ գտած զավեշտներն ու հակասությունները նաեւ մասնագիտական անկարողության արդյունք են: «Բայց միամտություն կլինի մտածել, որ դրանք պատահականություններ են: Իրականում դրանք դիտավորություններ են` ժողովրդավարական արժեքները վարկաբեկելու, մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակելու, իրավական պետության սահմանադրական երաշխիքները վերացնելու նպատակով»,- ասում է նա: Այժմ իրենք պատրաստվում են ամեն ինչ անել, որ 500 տպաքանակով լույս ընծայված բրոշյուրները հասանելի լինեն հասարակության համար:

Իսկ հնարավոր չէ՞ր արդյոք այս թերությունների մասին ահազանգել այն ժամանակ, երբ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկվում էր օրենսդիր մարմնում: «Ո՛չ: Իրենք այդ գործընթացները գաղտնի են արել, նույնիսկ` ԱԺ ընդգրկված քաղաքական ուժերն իրենք էլ հնարավորություն չեն ունեցել նախագծին ծանոթանալ,- դժգոհում է Օհանյանը` մատնացույց անելով,- որ գործող սահմանադրության ստեղծման ժամանակ ստեղծվել է մի հանձնաժողով, որն աշխատել է շուրջ 4 տարի, եւ այնտեղ ընդգրկված էին մասնագետներ, քաղաքական ուժեր եւ՛ ընդդիմությունից, եւ՛ իշխանություններից: Եվ փաստաթուղթը հնարավորինս ստացել է բոլոր ուժերի հավանությունը»: