– Տիկին Համբարձումյան, նոյեմբերի 15-ին հատուկ քննչական ծառայությունում Ձեր գրավոր հաղորդագրության հիման վրա Սուրիկ Խաչատրյանի դեմ քրգործ է հարուցվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով: Սակայն, Սյունիքի մարզպետարանի լրատվության բաժինը հաղորդագրություն տարածեց` նշելով, թե մարզպետը ոչ մի կնոջ էլ չի ծեծել, եւ որ տարածված լուրերը «հորինված են, սուտ եւ զրպարտություն»: Այս օրերին, ի դեպ, Սյունիքի մարզկենտրոն Կապանում հասարակության շրջանում մեկնաբանություններ են հնչում, որ Ս. Խաչատրյանին արդարացնելու են, ճիշտ այնպես, ինչպես տարիներ առաջ եղավ, երբ, ըստ մամուլի հրապարակումների, մարզպետն իր աշխատասենյակում ծեծել էր դպրոցահասակ մի երեխայի: Կապանցիների ասելով` այս անգամ եւս մարզպետի դեմ քրգործը փակվելու է: Ձեր կարծիքով` նախորդ նախադեպը կկրկնվի՞:
– Ոչ, ես նման կարծիք չունեմ, եւ հետամուտ կլինեմ մինչեւ վերջին պահը: Չեմ կարծում, թե օրինապահ մարմինները կսխալվեն եւ հակառակ վճիռ կկայացնեն:
– Ինչո՞ւ: Նախադեպե՞րն են տարբեր:
– Անկեղծ ասած. չէի լսել, որ մարզպետը դպրոցահասակ երեխայի էր ծեծել, եւ գործը փակվել էր: Ես գործարար կին եմ, եւ ոչ մեկը սահմանադրորեն իրավունք չունի ինձ ծեծել: Իմ իրավունքներն են խախտվել: Օրը ցերեկով, այն էլ` «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղ կային արտասահմանցիներ, ցույց տվեցինք մեր երկրի պատկերը: Այդ երեւույթը շատ տհաճ էր ինձ համար:
– Մեր տեղեկություններով` դեպքից օրեր անց Ձեզ է զանգահարել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը` խնդրելով Սյունիքի մարզպետի հետ տարաձայնությունները հարթել: Իրականությանը համապատասխանո՞ւմ են այդ լուրերը:
– Անկեղծ ասած, ինձ Շիրակի մարզպետը չի զանգահարել, բայց ինձ զանգահարել է իմ ոչ հարազատ եղբայրը, ում զանգահարել էր Շիրակի մարզպետը:
– Ըստ Ձեզ` եթե Ձեր փոխարեն Հայաստանի հայտնի օլիգարխներից մեկը լիներ, Սյունիքի մարզպետն արդյո՞ք նույն կերպ կվարվեր:
– Ոչ: Քանի որ ես չճանաչված կին գործարար եմ Հայաստանում (մինչդեռ հակառակն է` ես եղել եմ առաջին հայ կին գործարարը), քաղաքականության մեջ չկամ, չունեմ «կռիշ», չունեմ «մեջք», դրա համար ավելի ազատ եմ: Ես ոչ մեկից ոչ մի բիզնես չեմ գողացել, որ դրանով ճանաչեն ինձ: Այն ամենն, ինչ ունեմ` գնված եւ վճարված է: Համացանցում արդեն լուրեր են շրջանառվում, թե ես «կռիշ» ունեմ, պատվեր եմ կատարում: Իմ ամբողջ կյանքում դեռ պատվեր կատարած չկամ: Շատերը գիտեն այդ մասին, հատկապես, հնուց եկողները: Եթե լինեի քաղաքականության մեջ, ապա ինձ կճանաչեին: Իսկ` քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում:
– Բայց համաձայն շրջանառվող լուրերի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ դառնալու առաջարկ եք ստացել: Մերժե՞լ եք այդ առաջարկը:
– Ինձ որեւէ մեկը չի հրավիրել, ինքս էլ ցանկություն չունեմ մտնել քաղաքական դաշտ: Եթե ցանկություն ունենայի, ապա կընդգրկվեի որեւէ կուսակցության մեջ:
– Մամուլն ակտիվորեն արձագանքեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Ձեր եւ Սյունիքի մարզպետի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին: Նաեւ գրվել է, թե մարզպետը ոտքով հարվածել է Ձեր որովայնին, ապա ձեռքերով խփել Ձեր գլխին: Միջադեպը բազմազան մեկնաբանությունների տեղիք տվեց: Իրականում ի՞նչ եւ ինչպե՞ս է տեղի ունեցել:
– Այդ օրը ժամը 15:30-ին ես հանդիպման էի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում, որտեղից պատրաստվում էի գնալ «Երկիր Մեդիա» հեռուստատեսություն` ուղիղ եթերի: Մինչ հյուրանոցից դուրս գալը` հյուրանոցի բարի դիմաց, ընկերուհուս տեսա, մոտեցա, խոսեցինք, այնուհետեւ ասացի, որ ուշանում եմ: Այդ պահին լսեցի մեկի ձայնը, որ ասաց` «Մի գնա, սպասիր»: Ընդ որում` մեր դիմացի սեղանին նստած էր ԱԺ պատգամավոր Սամվել Սարգսյանը` մի հոգու հետ, ում չեմ ճանաչում: Երբ մարզպետը թափով եկավ, ռոյալի մոտով անցավ, բարեւեց նրանց, ապա նկատելով ինձ` պտտվեց ու եկավ դեպի ինձ: Մտածում էի, որ նա ներողություն է խնդրելու` ինձ հոգեկան հիվանդ անվանելու համար, քանի որ մեկ օր առաջ իր ընկերները զանգահարում էին ինձ` խնդրելով, որ մարզպետին դատի չտամ: Այսինքն` մենք պետք է հանդիպեինք, որ լուծում գտնեինք: Այնինչ, նա մոտեցավ ինձ ու սկզբից փորձում էր ոտքը բարձրացնել, բայց վերարկուն չթողեց ոտքը բարձրացնել, այդ պահին միջամտեց ընկերուհիս, որից հետո նա ձեռքով խփեց գլխիս: Երբ սթափվեցի, հիշեցի, որ նրան մի կողմ էր քաշել Ս. Սարգսյանը, ավելի ուշ` հիշեցի, որ այդտեղ էին ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանն ու Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Խ. Մանուկյանը կանգնել էր քիչ ավելի հեռու: Ս. Սարգսյանը մոտեցավ ինձ, մարզպետի փոխարեն ներողություն խնդրեց ինձնից: Ի պատասխան դրա, ասացի, որ մարզպետը պետք է ներողություն խնդրի, այլ ոչ թե ինքը: Երեւույթն էր տգեղ ինձ համար, քանի որ հյուրանոցի սրահում արտասահմանցիներ կային, որոնցից մեկը, իմ սթափվելուց հետո նկատեցի, որ անգլերենով ինչ-որ բան էր հայտնում, ավելի ուշ իմացա, որ այդ մարդը հեռախոսով իրավիճակը ներկայացրել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին: Երկու օր առաջ ԱՄՆ դեսպանատնից զանգահարել էին ինձ, զանգահարել էին նաեւ օտարերկրացի լրագրողները: Նրանք ուզում էին, որպեսզի երեւույթը նկարագրեմ, բայց ես զերծ մնացի` ասելով, որ ետ կզանգեմ նրանց: Այդ դեպքից հետո ինձ տարան նախկին Վիեննա սրճարան: Ընկերուհուս հետ նստել էի, եւ այդ պահին Սուրեն Խաչատրյանը նորից մոտեցավ ինձ: Նրան ասել էին, որ գա ներողություն խնդրի, բայց նա չարեց դա, այլ սկսեց խոսել: Ես հեռացա` վերադառնալով իմ նախկին տեղը: Այնքան լարված էի, որ նույնիսկ չեմ հիշում նրա խոսքերը: Դրանից հետո Ա. Ղուլարյանը մոտեցավ նրան, վերցրեց վերարկուն եւ նրան տարավ իր հետ: Ըստ լուրերի` նրանք գնում էին ծնունդի: Ավելի ուշ իմացա, որ այդ օրը Կոտայքի մարզպետի ծնունդն էր: Բոլորն արդեն գնացել էին, երբ ես ու ընկերուհիս դուրս եկանք` ոտքով քայլելով դեպի տուն: Միջադեպից մեկ օր անց ինձ պատճառած վիրավորանքի համար դիմեցի իրավապահ մարմիններին:
– Իսկ որպես սյունեցի` մինչ այդ ծանո՞թ էիք մարզի ղեկավարին:
– Մինչ սարքավորման հետ կապված դեպքը, ծանոթ չէի մարզպետին, եւ ընդհանրապես սովորություն չունեմ հետաքրքրվել ուրիշի կյանքով: Նրա հետ իմ խնդիրը վերաբերում է միայն իմ սարքավորմանը:
– Մեզ հետ զրույցում մարզպետը նշել էր, որ ինքը սարքավորումը ձեռք է բերել «թուղթ-թանաքով», այսինքն` պայմանագրով: Ինչպե՞ս ստացվեց, որ 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումը հայտնվեց մարզպետի հանքավայրում:
– Այոգ, ինքն ունի պայմանագիր, գնված գույքի ցանկ, որի մեջ չէր մտնում նշյալ սարքավորումը: Մարզպետը 15 մլն դոլարի գույքը գնել է 240 մլն դրամով: Նա այդ գույքը գնել է ընկերության նախկին տնօրենից: Իսկ երբ արդեն «Սիփան 1»-ում էի, տեսա, որ նրա գնած գույքի որոշ մասը դեռ գտնվում էր ընկերությունում: Անընդհատ կրկնում էի այդ մասին` նշելով, որ գան-տանեն: Միայն դրանից հետո նրանք եկան եւ առաջինը տարան հենց այդ տեսակավորող մեքենան, որը տվյալ պայմանագրի մեջ չէր մտնում: Տեսակավորող մեքենան այդպես էլ ետ չբերեցին:
– Օրերս Ձեր հրավիրած ասուլիսի ժամանակ Դուք բարձրաձայնեցիք ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի անօրինական գործողությունների մասին, ով անվավեր է ճանաչել Ձեր ընկերության լիցենզիան: Թվում էր, թե նախարարը պետք է արձագանքի Ձեր կողմից բարձրացված լուրջ մեղադրանքներին: Ինչո՞վ է պայմանավորված նախարարի այդ լռությունը:
– Չեմ կարող ասել` միգուցե նա սպասում է իրադարձությունների զարգացմանը, բայց այն, որ անօրինականություն է կատարվել` միանշանակ է: Մարզպետը նախարարին էր հաղորդել Լիճքվազ-Թեյի հանքավայրի մասին: Երբ 2009թ. առաջին անգամ ընկերությանը զրկեցին լիցենզիայից, թերեւս մտածում էին, թե կշահեին, եւ, թերեւս, նախարարը դատարանում չէր խոսել, որ իրենց օգտին լիներ, կամ որոշ ատյաններում խոսել էր, իսկ որոշներում չէր կարողացել, եւ օրինական լուծում ստացվեց` 2010թ. հուլիսի 30-ին Վճռաբեկ դատարանը նախարարի հրամանն անվավեր ճանաչեց: Ուղիղ 2 ամիս անց նախարարը նույն հիմքերով կրկին անվավեր ճանաչեց նույն լիցենզիան, այսինքն` չհարգվեց Վճռաբեկ դատարանի որոշումը:
– Եվ որեւէ հեռախոսազանգ չե՞ք ստացել նրանից:
– Ոչ:
– Ասուլիսից հետո նշել էիք, որ գործնականում ինքներդ առնչություն ունեցել եք նախարարի հետ: Կմանրամասնե՞ք` ի՞նչ գործի շրջանակներում եք առնչվել:
– Իմ եւ նախարարի միջեւ երբեւէ թշնամություն չի եղել, սակայն նախարարի նման պահվածքը հանելուկ է ինձ համար: Թե հիմա նա ո՞ւմ պատվերն է կատարում, այ դա չգիտեմ: Երբ Արմեն Մովսիսյանը Կապանի էլեկտրացանցի տնօրեն էր, նրա աշխատակիցներից գնել եմ ապրանքներ` դրանք ալյումինի ջարդոններ էին: Որեւէ կոնֆլիկտ չեմ ունեցել նրա հետ: Երբ մեկից նեղանում եմ, կոնֆլիկտ չեմ ստեղծում` հեռանում եմ:
– Լավ, իսկ մարզպետը ե՞րբ սկսեց հետաքրքրվել Ձեր ընկերությամբ:
– Ընկերությունը միջազգային վաճառքի էր հանվել. եթե նա ուզում էր գնել, ապա թող աներ դա: Մինչդեռ նա ուղղակի ուզում էր ոչ թե գնել, այլ` խլել: Ես, որպես սյունեցի, գնեցի ընկերությունը, քանի որ դա իմ հոր ծննդավայրն է: Գնեցի, որ մարդիկ աշխատեն, եւ գնելու պահից սկսվեց աշխատանքը: Հունիսին մոտ 80 աշխատակից ունեինք, այնինչ մարզպետը գալիս եւ Երեւանում այնպիսի հայտարարություններ էր տարածում, թե հանքավայրում աշխատող չկա, որեւէ գործ չի արվում…
– Ի՞նչ խոսակցություններ եք ունեցել մարզպետի հետ:
– Մարզպետի հետ հանդիպեցի այն ժամանակ, երբ քննիչից թուղթ ստացա, ըստ որի` մեր տեսակավորող մեքենան գտնվում է մարզպետի «Գեղվա ձոր» հանքավայրում, եւ որ իրենք արգելանք են դրել գույքի վրա, եւ մարզպետը չի կարող այն վաճառել: 2011թ. գարնանը «Արմենիա-Մարիոթի» բացօթյա սրճարանում հանդիպեցի մարզպետի հետ:
– Ի դեպ, մարզպե՞տն էր Ձեզ զանգահարել հանդիպման համար:
– Առաջին անգամ «Մարիոթ» հյուրանոցի բակում ընկերուհիներիս հետ պատրաստվում էինք նստել մեքենա, երբ մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մոտեցավ եւ հարցրեց, թե` Սիլվան կարո՞ղ է գալ: Նա ինձ չէր ճանաչում: Այդ պահին ասացի, որ Սիլվան ես եմ, եւ մոտեցա նրան: Նույն օրը ժամը 16:00-17:00-ի սահմաններում հանդիպեցինք: Ասաց` «Էդ սարքավորման հարցով եմ ասում: Դու հույսդ կտրի, որ հետ կստանաս: Որ դու ես` քեզ 100.000 դոլար կտամ»: Դրան ի պատասխան, ասացի, որ չի կարող այդքան գումար տալ, քանի որ սարքավորումը բալանսում 102 մլն դրամ է, որից 25 մլն դրամը ես պետք է տամ պետությանը: Նա այսպես արձագանքեց. «Է, լավ ա, 100.000-ը կտամ, 25 մլն-ը կտաս պետությանը, 10 մլն էլ շահույթ ունես»: Ինչեւէ, ես պատասխանեցի նրան, որ ոչ թե շահույթ, այլ կորուստ ունեմ: Այնուհետեւ մարզպետն ասաց, որ «գնամ-մտածեմ» իր առաջարկի մասին, եթե, իհարկե, դա առաջարկ էր, որ մտածեի: Դրանից ամիսներ անց` ամռանը, զանգեց ինձ, որպեսզի հանդիպենք: Նրա հետ հանդիպման գնացի փաստաբանիս հետ, ում, հետո պարզվեց` ճանաչում է փաստաբանս: Այդ օրը նա փաստաբանիս եւ ինձ հրավիրեց ճաշելու: Գնացինք Մոնումենտի այգու ձախ կողմում գտնվող ռեստորան, որտեղից կրկին վերադարձանք «Մարիոթ»` խոսելու: Այդտեղ եւս ես հայտնեցի իմ դիրքորոշումը եւ բաժանվեցի: Այդ պահին զանգահարեցի քննիչին` ասելով, որ վերջացնեն իմ հարցերը, եւ որ չի կարող այդպես շարունակվել: Ի դեպ, այդ օրը գիշերը նա զանգահարել էր ինձ, ասում էր` «արդեն միլիցեքի հետ ես, հա՞, աշխատում»: Քննիչը եւս Կապանից է: Ի դեպ, իմ հրավիրած ասուլիսի հիմնական խնդիրը նախարարի կողմից ընկերության լիցենզիան անվավեր ճանաչելն էր, իսկ լրագրողները այդ մասին չգրեցին. բուն նյութը թողնելով` ընկան մանր նյութերի հետեւից, ինչպես, օրինակ, շաքարավազի հարցը: Ի դեպ, կարող եմ մեկ լավ լուր ասել, որ Հայաստան ներկրվող շաքարի անալիզները ստացանք, եւ շաքարի որակը բավական լավացել է:
– Դուք սենսացիոն մի հայտարարություն էլ արեցիք` նշելով Ախթալայի կոմբինատի սեփականատեր, մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի կնոջ` Մադլեն Թաշչյանի այն խոսքերը, թե ինքը 1999թ. մասին շատ բան ունի պատմելու:
– Լրագրողները սիրում են սենսացիոն հայտարարություններ անել: Քանի որ խոսքը հանքի մասին էր, ես նկատի ունեի հանքը` Ախթալայի հանքը 1999թ.: Ես հանքից եմ խոսում, ինչի՞ պիտի անցնեի «Հոկտեմբերի 27»-ին: Իմ կռիվը հանքի մասին էր, այն, որ Սերոբին 1999թ. հանքեր էին տալիս: Ո՞նց է լինում, որ մի մարդ ամեն ինչ նորմալ է անում, ու ընկնում է խնդիրների մեջ: Իմ հարցը դա էր: Իսկ Սերոբի կինն ասում էր, թե ինքը 1999-ից կասի` ո՞ւմ` ինչե՞ր են արել, թուղթ ունի: Բացի դրանից, ես հիշում եմ, որ մամուլը Սերոբի բռնվելուց հետո գրեց, որ նա «Հոկտեմբերի 27»-ի գործով էլ է անցել: Դա իմ հայտարարությունը չի եղել:
– Մադլեն Թաշչյանը Ձեզ դատի է տվել` հերքում եւ 1 լումայի փոխհատուցում պահանջելով: 1 լուման տալո՞ւ եք նրան:
– Ես մեծ հաճույքով կհանդիպեմ Մադլենին դատարանում: Մադլենը որ ինձ տեսնի` կհիշի: Նա հիմա չի պատկերացնում, թե ում հետ է, որովհետեւ այն ժամանակ իմ մազերը երկար էին: Դեպքը կրկին եղել է «Մարիոթում», սուրճ էինք խմում: Իսկ որ ես մանրամասն պատմեմ, թե ովքեր էին նստել, ինքը արդեն կհիշի, եւ այդ մի լուման հաշտության համաձայնագիր կընդունենք: Մադլենը երեւի վիրավորվել է «մանկապիղծ» բառից, իսկ ես Սերոբի կյանքը կպատմեմ դատարանում` 90-ական թվականներից սկսած. ինչպե՞ս է եկել, որտե՞ղ է սկիզբը դրել, որ ԱՄՆ-ից էին խնդրել, որպեսզի 90-ական թվականներին աշխատեր ամերիկյան կազմակերպությունում, օգնություն էր բերում: «Նաջարյան» հիմնադրամն էր զանգել-խնդրել, հետո ընդունել էին աշխատանքի, այնուհետեւ հեռացրել են: Սերոբի մասին մանրամասն կպատմեմ, իսկ Մադլենն այդ պահին ասում էր, որ Սերոբը ոչինչ չունի` «իմ անունով է, եղբորս անունով է»: Մադլենն է հարուստ, ոչ թե Սերոբը:
– Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանի լռությունն ինչո՞վ կբացատրեք: Նա, ըստ Ձեզ, եղել էր այն աճուրդի հանձնաժողովի նախագահը, իսկ աճուրդին հաղթել է «Սագամար» ընկերությունը, որի բաժնեմասերից մեկը պատկանում էր Տ. Սարգսյանի նախկին խորհրդական, մանկապղծության մեջ մեղադրվող Ս. Տեր-Պողոսյանին:
– Աճուրդի կազմակերպման պահին Ս. Տեր-Պողոսյանը վարչապետի խորհրդականն էր: Այս ամենի մասին տեղյակ մի մարդու հարցնելիս` կասի` վարչապետն է, ինչո՞ւ է օգնել, որ նրան տան: Իմ վրդովմունքը գալիս է այդտեղից: Իմ նյութը լիցենզիան է, եւ ոչ մեկի հետ չունեմ աշխատանքային խնդիրներ: Բայց այս անարդարություններին չեմ կարողանում դիմանալ: Այս ամբողջ զարգացումներից միայն ակնկալում եմ, որ ՀՀ նախագահը կիրազեկվի կատարվածի մասին: ՀՀ նախագահը մեծ բարեփոխումներ է անում, եւ կարծում եմ` մեծ ուշադրություն կդարձնի կատարվող անօրինականություններին: Այսօր իմ միակ հույսը հանրապետության նախագահն է:
Հ.Գ. Երեկ մենք փորձեցինք խոսել նաեւ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի հետ, սակայն նրա փոխարեն մեր հեռախոսազանգերին պատասխանում էր նրա վարորդը (համենայնդեպս, այդպես ներկայացավ)` ասելով. «Տիկին լրագրող, մարզպետը խորհրդակցության ա»: