Շատ են զոռ տվել երեւակայությանը

17/11/2011

«2012 թվականի բյուջեն որեւէ ամբիցիա չի պարունակում, քանի որ որեւէ խնդիր չի լուծում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նրա կարծիքով` նախագահը, վարչապետը եւ այլք իրենց ելույթներում պատրաստակամություն են հայտնում ինչ-որ բան փոխել, օրինակ` հայտարարում են, թե Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրականացվելու է արդյունաբերության զարգացման ծրագիր` միտված արտահանմանը, բայց այդ ամենը միայն ցանկություններ են եւ ոչ` հնարավորություններ: «Այսօր, երբ նայում եմ գյուղատնտեսության վիճակը, որտեղ զարգացման ինտենսիվության աստիճանը զրոյի է հասնում եւ նախնադարյան վիճակ է, պարզ է դառնում, որ այդ ցանկությունները կմնան թղթի վրա: Ճիշտ է` այս տարի գյուղատնտեսության վիճակը մի քիչ բարելավվել է` կապված բնակլիմայական բարենպաստ պայմանների հետ, երեւի դա էր ոգեշնչել մեր պաշտոնյաներին նման ծրագրեր կազմել, բայց երբ նայում եմ արդյունաբերության ոլորտը, հասկանում եմ, որ մարդիկ երեւակայությանը շատ են զոռ տվել»,- ասաց Վահագն Խաչատրյանը` հավելելով, որ Հայաստանը գտնվում է համակարգային խոր ճգնաժամի մեջ` թե քաղաքական, թե տնտեսական առումով, եւ բյուջեն թույլ չի տալու այդ ճգնաժամից դուրս գալ: Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի` նախօրեին ԱԺ-ում ունեցած ելույթին` Վ. Խաչատրյանը նշել է. «Վարչապետը երեկվա իր ելույթում ասաց, որ 2011թ. ներդրումներ են արվել եւ հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել, սակայն պաշտոնական տվյալներն ասում են, որ ներդրումները նվազել են, իսկ աշխատատեղերի մասին խոսք էլ չկա, ես չեմ տեսնում: Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները կստեղծեն այնպիսի պայմաններ, որ ներդրումները ավելանան, համոզված եմ, որ ոչ»: Ըստ նրա, այդ ամենի պատճառն այն է, որ երկիրը առանձին բնագավառների բարելավման փոխարեն` պետք է խնդիրները լուծի համակարգային ձեւով, որն էլ պետք է բխի քաղաքական դաշտում համակարգային փոփոխություններից: Վ. Խաչատրյանի կարծիքով, վառ օրինակը հարեւան Վրաստանն է, որտեղ քաղաքական կամքի առկայության պայմաններում խնդիրները հաջողությամբ լուծվում են: «Սերժ Սարգսյանի ելույթների տրամաբանությունը սխալ է, երբ նա տարանջատում է քաղաքական համակարգը տնտեսական համակարգից, անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ»,- հայտարարել է նա: Ըստ Խաչատրյանի, Հայաստանը պատրաստ չէ ճգնաժամի նոր ալիքի: «Այս առումով բավականին վտանգավոր իրավիճակ է, քանի որ մեր տնտեսությունը կախված է դրսից` երբ տրանսֆերտները պակասում են` այստեղ իրավիճակը լարվում է, երբ ավելանում են` աշխուժություն է սկսվում: Հնարավոր նոր ճգնաժամի պատրաստ լինելու համար ֆինանսական ծրագիր, պահուստներ է պետք ունենալ: Հայաստանի կառավարության պայմաններում նման բան անհնար է: Այս կառավարությունն ավելի պոպուլիստ է, քան ռեալիստ»,- հայտարարել է նա:

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին` Վ. Խաչատրյանն ասել է. «Ինձ համար արտահերթ ընտրություն ցանկացած պահի կարող է լինել, եթե ԱԺ նախագահը հրաժարական է տալիս, ուրեմն արտահերթի հավանականությունը միշտ էլ կա»: Միեւնույն ժամանակ` նա համոզմունք է հայտնել, որ վերջին պաշտոնանկություններով Սերժ Սարգսյանը փորձում է առավել կառավարելի դարձնել քաղաքական համակարգը: «Մենք պատրաստվում ենք արտահերթ եւ նախագահական, եւ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքների, ուզում ենք ճշտել ամեն բնակավայրում, շենքում մեր համախոհների տրամադրությունները, քանակը, պատրաստում ենք դիտորդներ»,- ասել է Վ. Խաչատրյանը` ավելացնելով, թե եթե քաղաքական անհրաժեշտություն լինի, ՀԱԿ-ը կանցնի ավելի ինտենսիվ հանրահավաքների եւ նստացույցերի: Վ. Խաչատրյանը երեկ խոսել է նաեւ անցած կիրակի Իջեւանում կայացած քաղաքապետի ընտրություններում ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ական թեկնածուին աջակցելու մասին: «Քանի որ ՀԱԿ անդամ եմ եւ, կարծես, ոչ պասիվ, նշեմ, որ այդպիսի որոշում չի եղել, որ ՀԱԿ-ը որեւէ ուժի պետք է աջակցի, բայց չեմ բացառում, որ նման բան եղած լինի: Համենայնդեպս, սա ՀԱԿ-ի քաղաքականություն չի կարելի համարել: Իսկ եթե կլինեն անհանգստացողներ, թե ՀԱԿ-ը կարող է մարգինալացվել` թող իրենք արտահայտվեն, եկեք առաջ չընկնենք»,- ասել է նա: