Մեր Սահմանադրության տեքստը շատ հատու է սկսվում: Առաջին հոդվածն առարկություն չհանդուրժելով` հայտարարում է, որ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Քաղաքական մեկնաբաններին է վայել քննարկելը, թե այն որքանով է համապատասխանում իրականությանը: Գոնե այն հատվածով, թե մեր երկիրը որքանով է «ինքնիշխան, ժողովրդավարական եւ իրավական»: Բայց նույնիսկ նրանց չի հաջողվի այդ բնութագրերին ավելացնել «սոցիալական» եզրույթը: Մեր կյանքի որեւէ երեւույթի մեջ սոցիալական բաղադրիչ գտնելն անհնարինության աստիճան բարդ բան է: Մի քանի օր է` մամուլի էջերում Լոռու Գոգարան գյուղի ողբերգության մանրամասներն են: Գյուղական առանձնատան հրդեհի ողբերգական մանրամասները: Բոլոր տարբերակներում նշվում է, որ հրդեհի պատճառը փայտի վառարանն է: 21-րդ դարում գործարկվող փայտի վառարանը: Մի քանի տարի առաջ մեր իշխանությունները ոգեւորված նշում էին, որ Հայաստանն աշխարհի ամենագազիֆիկացված երկիրն է: Բնական գազի պաշարներ չունեցող Հայաստանը գազիֆիկացման ցուցանիշով գերազանցում է բոլորին: Բոլոր տեսակի ընտրություններից առաջ պաշտոնական լրատվության ամենասիրելի թեման հերթական գյուղին գազի խողովակաշար հասցնելու ռեպորտաժներն էին: «ՀայՌուսգազարդն» էլ հպարտությամբ ներկայացնում էր դրանք, չմոռանալով այդ ամենը մատուցել` որպես ներդրում: Հետո՞ ինչ, որ այդ տնտեսական իմաստով անիմաստ ներդրումների դիմաց վճարում են եւ վճարելու են բոլոր գազ օգտագործողները: Տնտեսական ձեռնարկություններից` մինչեւ բնակիչ: «Ի՞նչ կարիք կա գազիֆիկացնել գյուղերը, եթե դրանց բնակիչներն ի վիճակի չեն օգտագործել այն» հարցը ոչ մի չինովնիկի չհետաքրքրեց: Դա, բնականաբար, հանգեցրեց գազի սպառման սակագնի բարձրացմանը: 2011թ. առաջին ինն ամիսների տվյալներով` «ՀայՌուսգազարդը» մեր երկրի երկրորդ խոշոր հարկատուն է` իր 16 մլրդ դրամ հարկային մուծումներով: Սա` այն դեպքում, երբ անցած տարվանից պաշտոնական վիճակագրությունն արձանագրեց, որ կրճատվել է գազի օգտագործման ծավալները: Բնակչությունը գազ օգտագործելու միջոցներ չունի: Որովհետեւ հազարավոր կիլոմետր երկարություն ունեցող խողովակաշարով անցնող գազի գինը մեր երկիր մտնելուց հետո կրկնակի աճում է: Այն սպառողին մատակարարվում է չափազանց թանկ: Մեր գյուղերում ու փոքր քաղաքներում բնակարանների ու կացարանների ջեռուցման հիմնական աղբյուրը նորից պապենական միջոցներն են` աթարն ու փայտը: Արտադրողներն այդ հնարավորությունը չունեն: Հայրենական արտադրանքի ինքնարժեքում էներգակիրների մասնաբաժինը շարունակում է մնալ արտահանման ամենամեծ խոչընդոտը: Եկող տարվա բյուջեում, եթե չեմ սխալվում` մոտ ինը մլրդ դրամ է հատկացվելու սուբսիդավորմանը: Խորհրդարանական քննարկումների ժամանակ այդպես էլ չպարզվեց, թե ինչ ոլորտներ ու ձեռնարկություններ են սուբսիդավորվելու: Մի քանի տարի առաջ երկրի երկաթուղին հանձնվեց մասնավոր կառավարման: Ստեղծվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն: Ստեղծվեց ճոխ խոստումներով: Ու հիմա խորհրդարանական քննարկումներից պարզվեց, որ սուբսիդավորման գումարից 155 մլն դրամ հատկացվելու է այդ ՓԲԸ-ին: «Եթե տեղափոխման գնի թանկացումներ եք ուզում, պիտի սուբսիդավորենք»,- պատգամավորներին բացատրել էր Տրանսպորտի նախարարը: Իրեն սոցիալական անվանող երկրում, պարզվում է, գերադասում են ոչ թե թոշակ կամ նպաստ բարձրացնել, այլ սուբսիդավորել տեղափոխողին: Բավական տարօրինակ սոցիալականություն է: Տարօրինակ ու հույժ անհասկանալի: Մեր վարչապետն էլ է սիրում խոսել սոցիալական թեմաներով: Բյուջեի նախագծի մասին խոսքում այդ տերմինը բավական շատ կիրառեց: Շատ ու անհասկանալի: Օրինակ. «Միեւնույն ժամանակ սոցիալական փաթեթը խթանելու է Հայաստանի Հանրապետության ներսում տնտեսական աճը»: Սոցիալական փաթեթ ասածը նպաստների ու թոշակների 10 տոկոսանոց բարձրացումն է: Ընդունեք, որ օրիգինալ մոտեցում է` 2-3 հազար դրամ նպաստ-թոշակ ես բարձրացնում ու սպասում, որ դա տնտեսական աճ կխթանի: Անհասկանալի է նաեւ, թե ի վերջո ովքեր են գրում մեր վարչապետի ելույթներն ընդհանրապես եւ այս մեկ` սոցիալականաշատ վերջին ելույթը` մասնավորապես: Որովհետեւ խոսքի հենց սկզբում վարչապետն ասաց. «Այսօր ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել երեք (ուշադրություն դարձրեք` երեք.- Ա.Գ.) կարեւորագույն խնդիրների վրա, որոնց լուծմանն է միտված լինելու պետական բյուջեի նախագիծը»: Ասում ու թվարկում է երեք կետ: Այնուհետեւ առանց շունչ քաշելու` ավելացնում եւս երկուսը: Հետո` էլի: Թվարկումների այս խառնաշփոթից իսկ պարզ է, որ ոչինչ պարզ չէ: Ճիշտ այնքան, որքան բյուջեի նախագծի, դրան կից ներկայացված հարկային փաթեթի ու մնացած ծրագրերի սոցիալական ուղղվածությունը: Մեր մոտ ամենասովորական բարեփոխումների հիմքում անգամ սոցիալական հենքը բացակայում է: Կարող եք դիտարկել ցանկացած ոլորտ: Օրինակ, ասենք, ԱՊՊԱ-ն: Դրա ներդրման ժամկետը դեկտեմբերն է: Մեր երկրում պաշտոնական տվյալներով` բնակչության մեկ երրորդն աղքատ է կամ շատ աղքատ: Նախատոնական առեւտրից առաջ բնակչության նկատելի հատվածին լրացուցիչ մուծումներ պարտադրելը հաստատ սոցիալական մոտեցում չես համարի: Բնակչության տնտեսական վիճակին քիչ թե շատ ծանոթ իշխանությունը նույն գործընթացն ուրիշ ժամկետի մեջ կպլանավորեր: Ասենք` մարտ ամսին: Եթե նկատել եք, կհամաձայնեք, որ սոցիալական խնդիրների մասին մեր իշխանությունները սովորաբար խոսում են նախընտրական շրջանում կամ արտագաղթի ալիքի մեծացման պահին: Հիմա այդ երկու գործընթացները զուգադիպել են: Այնպես որ, մինչեւ խորհրդարանական ընտրություններն անընդհատ լսելու ենք ճառ-ելույթներ: Ելույթներ, ուր կայուն աճող պարբերականությամբ հնչելու է այդ քաղցր, բայց օտար բառը`«սոցիալական»: