«Ալռոսա»-ն թանկացրել է ՀՀ-ին մատակարարվող ալմաստների գինը

17/11/2011

Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այցելել էր Կոտայքի մարզի «Արեւակն» եւ «Լորի» ընկերություններ:

Ադամանդի մշակմամբ զբաղվող 7 ընկերություններ այս տարվա առաջին կիսամյակում թողարկել են 2.46 մլրդ դրամի արտադրանք. 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում գրանցվել է 6.5 տոկոս անկում: Հունվար-հունիս ամիսներին արտահանվել է մոտ 2.9 մլրդ դրամի արտադրանք` 2010թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 9.4 տոկոս աճ: Ոլորտում զբաղված է մոտ 400 աշխատող: Տ. Դավթյանի խոսքով` Հայաստանում ադամանդագործության ոլորտն ունի բավական լուրջ համեմատական առավելություններ: «2000-ական թվականների սկզբներին ունեինք լուրջ ծավալներ` ընդհուպ մինչեւ 300 մլն դոլարի արտահանում: Ճգնաժամի տարիներին մեր ձեռնարկությունները բավականին ծանր վիճակում էին, սակայն այս տարվա ընթացքում կարող ենք հստակ ասել, որ ոլորտը ոչ միայն դուրս է գալիս ճգնաժամից, այլեւ ավելացնում է իր ծավալները»: Ալմաստի հումքի մատակարարման հարցում հայաստանյան ընկերությունները հիմնականում համագործակցում են ռուսական «Ալռոսա» ընկերության հետ: 2011թ. նոյեմբերի 1-ի դրությամբ արդեն ՀՀ է ներմուծվել մոտ 39.16 մլն ԱՄՆ դոլարի ալմաստի հումք: Ադամանդի մշակմամբ զբաղվող «Արեւակն» ընկերության այս տարվա 10 ամիսներին թողարկած արտադրանքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցել է 42.7% աճ, իսկ «Լորի» ընկերությունը` 42.3% անկում: Երկու ընկերություններն էլ թողարկած արտադրանքն ամբողջությամբ արտահանել են:

«Արեւակն» ընկերության տնօրեն Վարդան Անդրեասյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չնայած այն հանգամանքին, որ միջազգային շուկայում ադամանդի գինը նվազել է մոտ 20%-ով, ռուսական «Ալռոսա» ընկերությունը թանկացրել է Հայաստան մատակարարվող ալմաստի գինը: Եվ սա` այն դեպքում, երբ Հայաստանը ադամանդի հումքի 90%-ը ստանում է «Ալռոսա»-ից: Ըստ Վ. Անդրեասյանի, սակայն, իրենց ընկերությունը չի դադարեցրել ադամանդի հումքի գնումները «Ալռոսա»-ից, որպեսզի ռազմավարական համագործակցությունը չխաթարվի։ «Հումքը գնելիս արդեն գիտեինք, որ վնասներ ենք կրելու, բայց գնացինք դրան, որպեսզի հետագայում մատակարարումները չդադարեն»,- ասել է նա: Անդրեասյանի խոսքով` «Ալռոսան» միակողմանիորեն է սահմանում ալմաստի գները, իրենց մնում է համաձայնել կամ չհամաձայնել այդ գների հետ: Ի դեպ, «Ալռոսա»-ի ադամանդի գնի թանկացման փաստը հաստատել է նաեւ «Լորի» ընկերության փոխտնօրեն Գրիգորի Շահնազարյանը, ում խոսքով` գների թանկացումից հետո նրանք ստիպված են եղել զգալի նվազեցնել գնման ծավալները: Լրագրողների հարցին, թե ի՞նչ արժեն ալմաստները` զրուցակիցները հստակ պատասխան չեն տվել, նշելով, որ գինը կախված է ալմաստի քաշից, գույնից, վնասվածության աստիճանից: Վ. Անդրեասյանը, որպես օրինակ, նշել է, որ 0.5 կարատանոց ալմաստը գնել են 400 դոլարով, 0.75 կարատանոցը` 520 դոլարով: Մշակումից հետո ալմաստի քաշի մոտ 50 տոկոսը կորչում է: