Բնապահպանները, «Ֆորչն Ռիզորսիսը» եւ ԱԺ պատգամավորները

17/11/2011

Լեռնահանքի շահագործման վտանգները

Սոցիալական ցանցերում եւ տարբեր լրատվամիջոցներում մի խումբ բնապահպանների եւ շարքային քաղաքացիների մասնակցությամբ օրեր շարունակ թեժ քննարկումներ են ընթանում Սեւանի, Հրազդանի եւ այլ հանքավայրերի շահագործման վտանգների շուրջ: Վնասակար ազդեցություններից նշվում էին մի քանիսը.

1. Լեռան ստորոտի մակերեւույթից ներծծվող` հանքի շահագործման արդյունքում առաջացած ծանր մետաղական գոյակցությունների ազդեցությունը լեռան ստորոտում 1-3 մ խորությունից ստացվող խմելու ջրի որակական փոփոխությունների վրա, որից օգտվում են հարյուր-հազարավոր մարդիկ Հրազդանում, Ծաղկաձորում, Աբովյանում եւ Երեւանի …որոշ շրջաններում:

2. Լեռան լանջով (թունելով) եւ ստորոտով հոսող գետի եւ լեռան ստորոտում գտնվող Ծովինար լճակի ջրերի հնարավոր աղտոտումը: Գետի ջրով ոռոգվում են Երեւանի հարակից եւ Արարատյան դաշտավայրի մշակովի հողատարածքները, որտեղից ստացվում է ՀՀ-ում աճեցվող պտուղ-բանջարեղենի 70-80%-ը:

3. Հանքավայրի եւ նախատեսվող ձուլարանի հարեւանությամբ են գտնվում Ծաղկաձոր, Հանքավան եւ Արզական-Աղվերան հանգստի, առողջարանային եւ տուրիստական կենտրոնները, որոնք կարող են մեծապես տուժել հանքաքարի կորզման եւ վերամշակման գործընթացից առաջացրած ծանր մետաղներով հագեցած փոշուց:

4. Հանքավայրի ուսումնասիրությունները կատարվել են 1965-67 թթ.-ին, եւ չնայած հանքում եզակի բարձրորակ երկաթի առկայությանը` այն ժամանակ հանքը չի շահագործվել բնակավայրերին խիստ մոտիկ լինելու պատճառով: Այդ տարիներից ի վեր հանքավայրին ավելի մոտ գտնվող տարածքներում կառուցվել են Հրազդանի Կենտրոն թաղամասը, հեռավորությունը հանքից` 1Դ1,5 կմ, Միկրոշրջանի հարավ-արեւելյան թաղամասը, մոտ 2 կմ, նախատեսվող ձուլարանից մոտ 1 կմ, երկաթուղայինների բանավանը, անմիջապես բլրի ստորոտին, Վանատուրի եւ Ջրառատի նոր թաղամասերը, դպրոցներ, մանկապարտեզներ:

5. Հանքաքարի կորզման արդյունքում գոյացող 350 մ երկարություն, 70 մ լայնություն եւ 270 մ խորություն ունեցող փոսում կատարվող պայթեցումները կխաթարեն նույն վայրում գտնվող Աթարբեկյան ՀԷԿ-ի ջրատար եւ էներգետիկ համակարգերը, ինչպես նաեւ` ամբողջությամբ կվնասվի լեռան հյուսիս-արեւելյան լանջին տեղակայված Վանատուր թաղամասի նոր գերեզմանատունը:

6. Հանքի շահագործմամբ պայմանավորված` նոր աշխատատեղերի խնդիրը արհեստականորեն ուռճացվում է: Ըստ չինական ընկերության` բացվելու է ընդամենը 500 աշխատատեղ: Այլ երկրներում չինական կապիտալով ընկերությունների փորձը ցույց է տալիս, որ այդ ընկերությունների բացված աշխատատեղերի մեծ մասը զբաղեցվում է չինացի տղամարդկանցով, քանի որ Չինաստանում դեմոգրաֆիկ առումով առկա է տղամարդկանց հսկայական ավելցուկ, եւ նրանց մի մասի արտահանումը երկրից` ուղղակի հրատապ խնդիր է իրենց համար: Տեղացի 100-200 մարդ, հիմնականում սեւագործ բանվորներ, որոնք կունենան կարճաժամկետ` 10-15 տարով աշխատատեղեր (այդքան տարի է նախատեսված հանքի շահագործման համար): Սակայն հանքի շահագործման արդյունքում, կապված էկոլոգիական վիճակի վատթարացման հետ, միայն Ծաղկաձորում (չհաշված` Հանքավանը եւ Աղվերանը) մենք կկորցնենք այժմ գործող 1500 հիմնական աշխատատեղերի մոտ կեսը:

7. Հանքի շահագործման նախագիծը բնապահպանական առումով պարունակում է լուրջ ռիսկեր, տրված լիցենզիաները չեն անցել անհրաժեշտ փորձաքննություն, շահագործման թույլատրությունը տրված է առանց հասարակական լսումների, եւ մենք ունենալով հասարակության մի ստվար զանգվածի աջակցությունը, փորձում ենք կանխարգելել հիշյալ գործընթացը:

Միեւնույն է, հանքը շահագործելու ենք

Երեկ «Ֆորչն Ռիզորսիս» ընկերությունն այս բողոքների կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ի պատասխան նախաձեռնող խմբերի եւ որոշ հասարակական կազմակերպությունների շարունակ հնչող բողոքներին եւ սպառնալիքներին, տեղեկացնում ենք, որ «Ֆորչն Ռիզորսիս»-ը հանքը շահագործելու հարցում վճռական է տրամադրված, սակայն դա տեղի կունենա միայն այն դեպքում, երբ վստահ լինենք, որ բնությանը որեւէ վտանգ չի սպառնում: Կրկին անգամ շեշտում ենք, որ անհեթեթություն ենք համարում այն տեղեկատվությունը, համաձայն որի` հանքը շահագործելու հետեւանքով կաղտոտվեն ստորերկրյա ջրերը, պայթեցման արդյունքում ցնցումներ կառաջանան մերձակա տարածքներում, հանքին մոտ գտնվող տները կամ ենթակառուցվածքները կտեղահանվեն եւ այլն:

Ինչպես նախկինում հայտնել ենք, «Ֆորչն Ռիզորսիս»-ը իր աշխատանքները իրականացնում է միջազգային բարձր հեղինակություն ունեցող կազմակերպությունների միջոցով, որոնց համար առաջնահերթ ուղղություն է բնության պահպանությունը եւ սոցիալական հարցերի կարեւորումը: Աշխատանքների բարեհաջող մեկնարկի դեպքում հազարավոր աշխատատեղեր են ստեղծվելու տեղի բնակչության համար, եւ այս նպատակով առաջիկայում կկազմակերպվեն ուսուցման դասընթացներ: Ընկերության գործունեությունից շահելու է տեղական համայնքների բյուջեն, իրականացվելու են տարաբնույթ սոցիալական ծրագրեր: Մինչեւ տարեվերջ ընկերությունը մտադիր է կազմակերպել հանդիպում Հրազդանում` բոլոր շահագրգիռ կողմերի հետ, եւ մանրամասն լուսաբանել իր գործունեությունը:

Տեղեկացնում ենք նաեւ, որ իրականացվող գործողությունների համար ընկերությունը ունի բոլոր անհրաժեշտ օրենքով սահմանված փաստաթղթերը եւ թույլտվությունները. 2007թ. ստացել է հանքշահագործման հատուկ լիցենզիա եւ կնքել լիցենզային պայմանագիր:

Կրկին անգամ հավաստիացնում ենք, որ մեր ընկերության ուղղությունը եւ նպատակը չեն` շրջակա միջավայրին վնաս հասցնելը եւ աղտոտելը: Ընկերության նպատակն է` բարիդրացիակամ հարաբերություններ հաստատել համայնքի բնակչության հետ եւ շահագործել հանքավայրը միայն այն պարագայում, երբ գիտականորեն ու բոլոր անհրաժեշտ փորձաքննությունների արդյունքում ապացուցվի բնապահպանական անվտանգությունը եւ հանրությանը ներկայացվեն բացասական ազդեցությունը բացառող հիմնավորումները»:

Պատգամավորը պատգամավորից նեղացած է

Հիշեցնենք, որ ՀՀ-ում գործող «Ֆորչն Ռիզորսիս» ընկերության հիմնական ու ամենամեծ բաժնետերը Հոնկոնգում հիմնադրված եւ Լոնդոնի բորսայում գրանցված «Ֆորչն Օյլ» ընկերությունն է: Ըստ ընկերության` Հրազդանի երկաթի հանքավայրի զարգացման եւ հարստացուցիչ գործարանի նախագծման եւ կառուցման համար, ինչպես նաեւ` հանքավայրի նախապատրաստման համար, նախատեսում են ներդնել ավելի քան 110 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ Աբովյան քաղաքի մերձակա տարածքի պաշարները հետախուզելու եւ արդյունահանելու նպատակով նախատեսվող ներդրումների ծավալը կգերազանցի 400 միլիոն դոլարը: Մինչ հիմնական բաժնեմասերի վաճառքը «Ֆորչն Ռիզորսիս»-ի սեփականատերերն էին ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը, ավելի ստույգ` նրա որդին` Սուրեն Այվազյանը եւ ԱԺ պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը: Գործարքը կնքելիս, ըստ մեր տեղեկությունների, Վ. Այվազյանը որոշակի բաժնեմաս պահպանել է, իսկ Տ. Արզաքանցյանն ամբողջովին վաճառել է: Այդպիսով, ընկերության բաժնեմասերի հիմնական մասը ձեռք է բերել «Ֆորչն Օյլ» ընկերությունը, որը նախատեսում է 2012 թ. շահագործել Հրազդանի հանքավայրը: Ի դեպ, ըստ նույն աղբյուրների` Տ. Արզաքանցյանը նեղ շրջանակներում բողոքել է Վ. Այվազյանից, որ վերջինս խորամանկ է գտնվել եւ որոշ բաժնեմաս պահպանել է, իսկ ինքը ստիպված է եղել վաճառել իր բաժնեմասն ամբողջությամբ:

Ա. ԳԱՍՊԱՐՅԱՆ