Տասը երեխաներն ապրում են ծայրահեղ աղքատության մեջ

17/11/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայաստանի Հանրապետության ամենահարուստ մարդը Ծաղիկ Վարդանյանն է: Չունի փող, հարստություն ու գանգատ: Միայն ունի անսահման սեր եւ 10 երեխա: Ընտանիքի ամեն օրվա գոյությունն անհաստատ ու անորոշ է: Վերջանում է աղքատության 62.000 դրամը, երեխաների կերակուրը, ամեն ինչը, բայց մի բան կա, որ երբեք ոչ մի դեպքում չի վերջանում` հույսը: Վաղվա օրվա նկատմամբ հույսն անսպառ է:

Շահումյանի գերեզմանատան հարեւանությամբ` Լուկաշին 43/1 հասցեում գտնվող ուսումնարանի շենքի 43քմ մակերեսով լսարանը 2001թ. որպես բարելավում հատկացրել են Ծաղիկ եւ Արմեն Վարդանյաններին: «Երբ եկանք էստեղ` ահավոր էր: Աղբանոցը ձեզ օրինակ: Մաքրեցինք, կամաց-կամաց մեր ուժերով պատեր շարեցինք ու ապրեցինք»,- ասում է 42-ամյա բազմազավակ մայրը: Հիմա էլ տիկին Ծաղիկի ապրելատեղը առանձնապես բնակարան չի դարձել: Պատերով առանձնացրած նեղլիկ սենյակներում միայն մահճակալներ են շարված: Տանն ամենուր մահճակալներ են, բայց անգամ անհաշիվ մահճակալների գոյության պայմաններում քնում են 3-4 հոգով` մեկ մահճակալին: Ամուսիններն ապրում են ծեր ծնողների եւ 10 երեխաների հետ, որոնք մեծից փոքր չափազանց դաստիարակված եւ լավ մարդիկ են: Երեխաներն առանձնացել են մեկ սենյակում, որտեղից միայն շշուկներ են լսվում: Մեծից փոքր մեծ մարդու վարքագիծ ունեն: Ամենափոքրը` երեք ու կես տարեկան Արամն, իսկական տաղանդ է: Նոր է սովորել խոսել, բայց արդեն կարողանում է հինգ լեզվով հաշվել: Տասը երեխաներից յոթն անչափահաս են, իսկ երեք չափահասները սովորում են բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Երեխեքս իրենց ուժերով, լրիվ ինքնուրույն են ընդունվել: Անկեղծ ասած` շատ հասկացող ու տաղանդավոր են եւ երբեք մեզ որեւէ հարցում նեղություն չեն տալիս: «Հայբուսակ» համալսարանի ռեկտորն էլ` իմանալով, որ տասը երեխա ունենք` շատ է ընդառաջում: Էնքան շնորհակալ եմ իրենից, երեխաներս անվճար են սովորում: Ցանկացած հարցում ռեկտորն ընդառաջում է»,- վստահեցնում է տիկին Ծաղիկը, ով չափազանց բարեհամբույր եւ կիրթ կին է: 14 հոգանոց այս բազմանդամ ընտանիքում, որն ապրում է կարիքի եւ աղքատության պայմաններում, զարմանալի խաղաղություն եւ սեր կա: Մեծից փոքր իրար հարգում եւ հասկանում են: Բոլորն իրար մասին հոգ են տանում: Հինգ երեխա էլ ամուսինները կորցրել են, որոնցից երկուսը մահացել են ցրտից. «Էն վատ տարիներն էր: Ոչ վառելիք ունեինք, ոչ տաքանալու հնարավորություն: Ես էլ, երեխաներս էլ թոքաբորբով հիվանդացանք: Երեխաներիցս երկուսին կորցրեցինք: Դա իմ կյանքի ամենադաժան փուլերից էր»:

 

Տիկին Ծաղիկն այնքան ուժեղ կին է, որ ցավը խեղդելով` իսկույն թեման փոխում է, որ որեւէ մեկն արցունքները չտեսնի: Այնքան հպարտ է, որ որեւէ մեկից սպասելիք չունի եւ, ապրելով աղքատության պայմաններում` դժգոհությունների տարափ չի տեղում: Ասում է. «Ես մեր կառավարության դեմ բողոք չունեմ: Բոլորն էլ մեզ լավ են վերաբերվում: Մենք իսկապես ֆինանսական մեծ կարիքներ ունենք: Դուք հարցնում եք` ինչպե՞ս եք կարողանում մեր պայմաններում տասը երեխա խնամել, իսկ ես դրա պատասխանը չեմ գտնում: Հավատացեք, որ ինքս էլ չգիտեմ, թե ինչպես: Հավանաբար երեխաներս էլ իրենց հերթին մեզ օգնում են, որ չտառապենք»: Օրեր առաջ երեխաների հայրը` 47-ամյա Արմենը, ինֆարկտ է տարել արդեն երկրորդ անգամ: Հիմա հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ է: Ընտանիքի միակ աշխատողն այլեւս անաշխատունակ է, քանի որ 3-րդ կարգի հաշմանդամությունն այլեւս թույլ չի տա ֆիզիկական աշխատանք կատարել: 2008թ. տասներորդ երեխայի լույս աշխարհ գալու կապակցությամբ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հարություն Փամբուկյանն այս բազմազավակ ընտանիքին մեքենա էր նվիրել: Արմենն այդ մեքենայի շնորհիվ կարողանում էր գումար վաստակել: «Էնքան հուզիչ էր Հ. Փամբուկյանի այդ քայլը, դա այնքան թանկ նվեր էր մեզ համար, որի շնորհիվ ամուսինս կարողանում էր աշխատել: Քանի որ մեքենան «Ռաֆ» էր` արդեն պատվերներ էինք ունենում, ասենք` քաղաքից դուրս էր տանում մարդկանց: Մի խոսքով` այդ մեքենան ապահովում էր ամուսնուս աշխատանքը: Հիմա բժիշկներն ընդհանրապես արգելել են մեքենա վարել, չգիտեմ` ինչ է լինելու»,- հուզված ասում է տիկին Ծաղիկը` վստահեցնելով, որ Արմենի հիվանդության պատճառը սթրեսներն ու լարվածությունն է:

Բազմազավակ հայրը երեխաների կենցաղավարությունը բարելավելու համար իրեն չի խնայել. «Ճիշտն ասած` էնքան էլ չարտահայտվող է, որ նեղվածությունն էնքան ներս գցեց, որ…: Արմենը պետական աշխատանք չի կարող կատարել, քանի որ նման դեպքում մենք կզրկվենք նպաստից: Հիմա զրկվեցինք նաեւ մեքենա վարելու իր աշխատանքից»: Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում սովորող Գարիկն օրեր առաջ մորը հայտնել է ուսումը թողնելու մտադրության մասին: Թեեւ իր համար ծանր է այդ քայլը կատարել, բայց, այնուամենայնիվ, որոշել է հորը փոխարինել ու մեքենան շահագործելով` գումար վաստակել: Ուսանող այս տղան օր ու գիշեր երկմտելով` տանջվում է այդ որոշումն իրագործելու համար, քանի որ ուսումն ավարտելուն մեծ կարեւորություն է տալիս: Տիկին Ծաղիկն առայժմ համառում է` թույլ չտալով, որ որդին այդ քայլին գնա: «Հասկանո՞ւմ եք, մեզ համար ուսումը շատ կարեւոր է: Անձամբ ես նույնիսկ այս տարիքում ուսման ծարավ եմ ու մինչեւ հիմա սովորում եմ: Կարող եմ ասել, որ իմ ու ամուսնուս երազանքն է, որ մեր տասը երեխաները գրագետ եւ կիրթ մարդիկ դառնան: Երեքն էլ իրենց ուժերով են ընդունվել եւ սովորում են ինքնուրույն, իսկ դպրոցականներս լավ են սովորում: Վստահ եմ, որ նրանք էլ բարձրագույն հաստատություն կընդունվեն: Գարիկս ուսումը թողնելու մտադրություն ունի, բայց թույլ չեմ տա: Ոչինչ, կապրենք, Աստված մի դուռ կբացի եւ չի թողնի, որ երեխաներս մի կտոր հացին կարոտ մնան»,- ասում է տիկին Ծաղիկը, ում շուրջն աղքատություն է, բայց խոսում է ամեն ինչ տեսածի նման:

Յոթ տարեկան Արտյոմը հրաշալի երեխա է: Քնքշանքով գրկում է եղբորն ու ջերմ ժպիտով ծվարում է մոր թեւի տակ: Դպրոցի տնօրենն այնքան է սիրում Արտյոմին, որ մշտապես հարցուփորձ է անում նրա որպիսությունից: Երբ Արտյոմից հարցնում է` «Ո՞նց ես», նա պատասխանում է` «Շատ լավ եմ, կարեւորը` դուք լավ լինեք»: Արտյոմի այս խոսքերը զվարճացնում են դպրոցի տնօրենին: Հարցնում եմ` «Դպրոցն ավարտես` ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու»: «Բզիսկ»,- ասում է դեռեւս բառերը լիարժեք արտահայտել չկարողացող փոքրիկը: Բժիշկ դառնալ ցանկանում են նաեւ Արմինեն ու Հովսեփը: Եթե Ծաղիկի երեխաներից գոնե հինգը ապագա բժիշկներ լինեն, ուրեմն` մեր հանրապետությունն էլ ապագա կունենա: «Մամաս սովորեցրել ա, որ պիտի կարիքի մեջ գտնվող մարդկանց կողքին լինենք, օգնենք նրանց»,- ասում է փոքրիկ տղան, ում աչքերի բարությունն ու ներդաշնակությունը վկայում են այն մասին, որ նա դասընկերներից վատ հագնվելու բարդույթ չունի: Տիկին Ծաղիկենց աղքատ տանն ամենաշատը գրիչներ կան, մեկ էլ` մահճակալներ, որոնք շատ են, բայց ամեն մի մահճակալի վրա քնում է 3-4 հոգի: Խոհանոցում ոչինչ չկա, բացի հին ու կոտրատված իրերից: Տասը երեխա ունեցող ամուսինների տանը գուցե հաց չկա, բայց անհաշիվ ու ամենուր են գրիչները: Լքված ուսումնարանի լսարանում հանգրվանած այս բազմանդամ ընտանիքը երբեւէ ոչինչ չի խնդրել մեր պետությունից, առավելեւս` պարտադրել: «Մենք մի տեսակ մեր խնդիրներով ու հոգսերով պարփակված ենք ապրում եւ չենք սիրում բողոքել, պահանջել: Կյանքում մի անգամ դիմել եմ հանրապետության նախագահին` խնդրելով մեզ բնակարան հատկացնել: Հասկանո՞ւմ եք, էստեղ ապրելն անհնար է: 43քմ էս կիսաքանդ տարածքում երեխաներս մեղք են: Մենք` ամուսիններով, մինչեւ հիմա երեք փոքրիկների հետ ենք քնում: Երեխաներս մեծացել են, անհարմար է, մի քանի հոգով` մեկ մահճակալին: Հեռուստացույցով հայտարարեցին, որ 10 երեխա ունեցող ընտանիքներին ապահովելու են բնակարանով, դրա համար էլ դիմեցի: Ճիշտն ասած` դիմումիս պատասխանեց առաջին տիկինը` Ռիտա Սարգսյանը: Նա գրել էր, որ բնակարան տրամադրելու հնարավորություն չկա, բայց 200.000 դրամի ֆինանսական աջակցություն կցուցաբերի: Ծրարը բացեցի, կարդում եմ, աչքերիս չեմ հավատում: Ասում եմ` կարո՞ղ է հանկարծ մի զրո ավել են գրել, սխալմունք կա: Շատ հուզվեցինք այդ նվերից: Հիմա ինչպե՞ս բողոքեմ, եթե առաջին տիկինն անտարբեր չեղավ եւ հնարավորության չափով օգնեց»,- ասում է բազմազավակ մայրը, ով ներկայումս խնամում է հիվանդանոցում գտնվող ամուսնուն, ում ապրելու համար հետագայում ամենօրյա բավականին թանկարժեք դեղորայք է անհրաժեշտ լինելու:

Ամուսինները որոշել են բնակարանի հարցով դիմել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին` հասկանալով, որ նա անտարբեր չի լինի տասը երեխաների` «լսարանում» ապրելու խնդրի հանդեպ: Ծաղիկ եւ Արմեն Վարդանյանների ընտանիքն ասես փոքրիկ պետություն լինի: Նրանց պետությունը մեր պետության նման չէ: Այստեղ գործում է արժեքային բարձր համակարգը: Մեծից փոքր իրար սիրում ու հարգում են: Փոքրերը լսում են մեծերին, մեծերը` փոքրերին: Բոլորն իրար սիրում են, մինչեւ անգամ սիրում են մեր կառավարությանն ու Հայաստանի Հանրապետություն կոչվող պետությանը: