Նոր Նորքի 9-րդ զանգվածում մանիակ չկա

17/11/2011

Մի քանի օր շարունակ մամուլում լուրեր շրջանառվեցին, թե Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածում արտակարգ իրավիճակ է, եւ թե երեկոյան ուշ ժամերին կանայք չեն կարող միայնակ քայլել փողոցներում` «հմայիչ» մանիակի պատճառով: Ոմանք անգամ նկարագրել էին «մանիակի» արտաքին տվյալները: Ընդ որում` բնակիչներից ոմանք նշել են, թե մանիակը 35-40 տարեկան, շիկահեր, գեղեցիկ տղամարդ է, նման է երգիչ Նարեկ Բավեյանին, իսկ ոմանք էլ ասել էին, թե մանիակը 17-18 տարեկան է, նիհար ու հոգեկան հիվանդի տեսքով է: Ավելին` որոշ ԶԼՄ-ներ հրապարակել էին, թե արդեն մի քանի օր է, ինչ ոստիկանները շրջապատել էին Նոր Նորքի 9-րդ զանգվածում գտնվող մանկապարտեզի տարածքը: Երեկ փորձեցինք այդ կապակցությամբ որոշ տեղեկություններ ստանալ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից, որտեղից, սակայն, կտրականապես հերքեցին տարածված այդ լուրերը` նշելով, որ դա հերթական խուճապ առաջացնող անհիմն խոսակցություններից է, ինչպես` ոչ հեռավոր անցյալում երեխաների գողության կամ մարդու օրգանների գողության մասին տարածվող լուրերը: