Նավթային պայքար

17/11/2011

Ադրբեջանի ազդեցիկ երկու նախարարները` արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադին Հեյդարովը եւ տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովը պայքարում են նավթային սեկտորում գերիշխանության հասնելու եւ լիակատար վերահսկողություն ապահովելու համար: Ադրբեջանական «Պոլիգոն» գործակալության հաղորդմամբ` Մամեդովին հաջողվել է թույլ չտալ իր հակառակորդին ներխուժելու նավթային սեկտոր: «Քեմալադին Հեյդարովն իսկապես մոտ էր իր նպատակի իրագործմանը, բայց վերջին պահին Մամեդովը ստացել է Ռուսաստանի եւ Բաքվի խմբավորումների օժանդակությունը, շտկել իրադրությունը եւ պատասխան գրոհ սկսել «արտակարգ» նախարարի դեմ»,- գրում է պարբերականը: «Պոլիգոնի» հաղորդմամբ` Ադրբեջանում Մամեդովի խմբավորումը վերահսկում է ցամաքային ճանապարհով կատարվող նավթափոխադրման ոլորտը, եւ այդտեղ մտնել ցանկացող յուրաքանչյուր ոք պետք է նախապես ստանա տրանսպորտի նախարարի համաձայնությունը: