Ակոյի սարը սողում է դեպի գյուղ

17/11/2011

Շիրակի մարզի Առափիի հայտնի Ակոյի սարը շարունակում է սողալ: Սարի անմիջապես ստորոտում ապրող ընտանիքները սարի տեղաշարժը տեսնում են անզեն աչքով: Առափիի սողանքային գոտում ապրող 11 ընտանիքներին կառավարությունը գումար է հատկացրել: Ըստ ընտանիքի անդամների թվի` նրանք կստանան 2.5 մլն-ից մինչեւ 4 մլն դրամ` նոր բնակարան գնելու համար: Գումարի չափը դժգոհություն է առաջացրել որոշ ընտանիքների մոտ եւ հակառակը, կան ընտանիքներ, որոնց համար այդ գումարն ուղղակի փրկություն է` աղետից փրկվելու համար: Դժգոհ գյուղացիները ասում են, որ այդ գումարը բավական չէ բնակարան գնելու անգամ Առափիում: Ի դեպ, նրանք առաջարկել են տեղական ինքնակառավարման մարմիններին` 11 ընտանիքներին հատկացրած գումարով Ակոյի սարը հարթեցնել: Մարզպետարանում, սակայն, մերժել են` ասելով, որ հակասողանքային միջոցառումների համար հատկացված գումարներ չկան:

«Ցայգ» ՀԸ