Բուրջ Համուդ ավանի ծայրամասային շենքերից մեկում Լիբանանի անվտանգության ուժերը ձերբակալել են 5 հայ եղբայրների` Ազիզ, Մասիս, Միշել, Գեւորգ եւ Մուրիսե Դանիելյաններին, ովքեր մեղադրվում են հատուկ դաժանությամբ 11 անձանց սպանելու մեջ: Եղբայրները վերջին ամիսներին կատարել են նաեւ ավազակային հարձակումներ, կողոպտել եւ սպանել իրենց զոհերին: Եղբայրները մարդկանց սպանել են անգամ 50 դոլարի համար: Ընթանում է քննություն: Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է այս տեղեկությունը` հավելելով, որ այս պահին հավելյալ տեղեկություններ չկան: «Նրանց ինքնության հետ կապված կարող եմ ասել, որ վերջիններս մարդիկ են, ովքեր համայնքային կյանքի մեջ ծանոթ չեն: Վերջին շրջանում նման դեպքեր եղել են, ձերբակալություններ եղել են ոչ միայն հայերի շրջանում, այլեւ` արաբների: Հայերի անուններ եւս կան նրանց շրջանում, բայց նրանց ինքնությունը համենայնդեպս անորոշ է: Այսինքն` հայ համայնքի կյանքի մեջ ներգրավված կամ ծանոթ անուններ չեն, որոնց մասին կարելի է հավելյալ ինֆորմացիա հաղորդել: Կարող է նաեւ այդ անուններով համապատասխան փաստաթղթեր ունեցած լինեն»,- ավելացրել է Շահան Քանդահարյանը: