«Զինծառայողները քավության նոխազ են»

17/11/2011

Երեկ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանության գործով առաջին նիստը: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը երեկ դատարանում հայտարարել է, թե Ա. Նազարյանի սպանության գործով մեղադրյալի աթոռին նստած 5 զինծառայողներից գոնե 4-ը քավության նոխազ են, իսկ բուն հանցագործը թաքցվում է: Ամբաստանյալի աթոռին նստած են 3 զինվոր եւ 2 սպա, որոնք մեղադրվում են լեյտենանտին ինքնասպանության հասցնելու մեջ: Մինչդեռ հարազատները վստահ են, որ Արտակ Նազարյանին սպանել են: Մեղադրյալների ներկայացուցիչները եւս պնդում են, թե իրենց պաշտպանյալներն անմեղ են: «Եթե քրեական գործի ամբողջականությունն ապահովվեր, ապա իմ պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն այլ կլիներ: Այսինքն` մեղադրական եզրակացությունը եւ առաջադրված մեղադրանքը չեն բխում քրեական գործից»,- ըստ «Ա1+»-ի` դատական նիստի ժամանակ երեկ հայտարարել է փաստաբան Հրանտ Գեւորգյանը, ով ներկայացնում է մեղադրյալ սպա Հակոբ Մանուկյանի շահերը: Նա գտնում է, որ նախաքննությունն ընթացել է խիստ թերի, ուստի միջնորդություն ներկայացրեց` պահանջելով գործը կրկին ուղարկել նախաքննության: Տուժողի իրավահաջորդները եւս կողմ էին այս միջնորդությանը, սակայն` մի տարբերությամբ, որ ոչ թե գործը պետք է վերադարձվի նույն մարմին, այլ քրեական նոր գործ հարուցվի: Դատական նիստի ընդմիջմանը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, թե համակարծիք է փաստաբան Հրանտ Գեւորգյանի հետ: «Մենք մեղադրյալների մեջ մարդասպան այս պահին չենք տեսնում, եւ համոզված ենք, որ նրանք ինքնասպանության չեն հասցրել Նազարյանին, որովհետեւ նրան սպանել են»,- ասել է նա: Ռուբեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ այս գործով հանցագործություն են կատարել նաեւ նախաքննությունը իրականացրած մարմինը` ՀՀ ՊՆ քննչական վարչությունը եւ ՀՀ զինդատախազությունը: «Ի՞նչ է արել նախաքննությունը` ոչնչացրել է իրեղեն ապացույցները, կեղծ արձանագրություններ է կազմել»,- հայտարարել է նա` հավելելով, որ դեպքից 6 ժամ առաջ Արտակ Նազարյանին ծեծել եւ խոշտանգել են, իսկ նախաքննական մարմինը հաշվի չի առել: Դատավոր Սամվել Մարդանյանը մերժել է երկու կողմերի միջնորդությունները` հիմք ընդունելով մեղադրող Հարություն Հարությունյանի առարկությունները: Վերջինս կարծում է, որ նախաքննական մարմնի թույլ տված բացթողումները կարելի է լրացնել դատական պրոցեսի ընթացքում: «Ի՞նչ իմաստ կա գործը նախաքննական փուլ վերադարձնել, որտեղ հրապարակայնության սկզբունքը չի գործում այնպես, ինչպես դատարանում»,- ասել է մեղադրող Հարություն Հարությունյանը: Նրա այս հայտարարությունից հետո թե՛ տուժող, թե՛ մեղադրվող կողմերը դատախազին բացարկ են հայտնել, որը մերժվել է: Բացարկ է ներկայացվել նաեւ դատավորին, որը կքննարկվի հաջորդ դատական նիստի ժամանակ` նոյեմբերի 23-ին: