Վրաստանի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հավանության է արժանացրել Հայաստանի եւ Վրաստանի միջեւ 1997-ի մայիսին ստորագրված Տրանսպորտային ծառայությունների համաձայնագրում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: «Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ՝ լրացումները ենթադրում են Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների ազատում բոլոր տեսակի մաքսավճարներից՝ բացառությամբ դեպքերի, երբ տրանսպորտային միջոցներն օգտվում են վճարովի մայրուղիներից, թունելներից կամ ենթակառուցվածքներից, կամ էլ դրանց բեռնվածությունը գերազանցում է ֆիքսված սահմանափակումը: Հայաստանի խորհրդարանը դեռեւս այս լրացումները չի ընդունել, քանի որ, ըստ լրացուցիչ համաձայնության, առաջինը դրանք պետք է հաստատի Վրաստանի խորհրդարանը: