Նոյեմբերի 22-24-ին

17/11/2011

Նոյեմբերի 22-24-ին Երեւանում տեղի կունենա ԱՊՀ երկրների ուսանողների եւ երիտասարդ գիտնականների կոնֆերանս «Տիեզերական դարաշրջանի 50 տարին. երկնքի իրական եւ վիրտուալ ուսումնասիրություններ» թեմայով, որի ընթացքում կքննարկվեն ինչպես աստղագիտական նորագույն արդյունքներն ու տվյալները, այնպես էլ շրջահայությունները, տվյալների շտեմարանները եւ վիրտուալ աստղադիտարանները: Կոնֆերանսը կազմակերպվում է առաջին տիեզերական թռիչքի 50-ամյա միջոցառումների շրջանակներում, ինչպես արդեն հայտարարվել էր: Կոնֆերանսին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Լատվիայի, Լիտվայի եւ Տաջիկստանի 50 ուսանողներ եւ երիտասարդ գիտնականներ, ինչպես նաեւ եվրոպացի, ռուս եւ հայ դասախոսներ, որոնք կկարդան հրավիրված դասախոսություններ: Ուսանողները ելույթ կունենան իրենց մագիստրոսական կամ թեկնածուական թեզերի եւ հետազոտությունների թեմաներով: Կանցկացվեն նաեւ գործնական պարապմունքներ, կկազմակերպվի այցելություն Բյուրականի աստղադիտարան: Կոնֆերանսի պաշտոնական լեզուներն են անգլերենը եւ ռուսերենը: Այն ֆինանսավորվում է ռուս-հայկական համագործակցության հիմնադրամի կողմից:

Կոնֆերանսի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 22-ին, ժամը 09:30-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի փոքր դահլիճում: Կոնֆերանսի պաշտոնական կայք-էջն է` http://www.aras.am/50years/ind ex.html

Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող, Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Հայկական վիրտուալ աստղադիտարանի ղեկավար Արեգ Միքայելյան