Երգչուհի Սոֆի Մխեյանն օրերս է վերադարձել եվրոպական շրջագայությունից, որի առիթը «Հայաստան.am» համերգ-ներկայացումն է եղել: Երգչուհին իր տպավորություններով կիսվել է BRAVO.am-ի հետ: «Մեկնել էի ներկայացման կազմի հետ` Մենչի` Արմեն Պետրոսյանի առաջարկով: Ինձնից ու Արմենից բացի, թիմում էին նաեւ Լեւոն Հարությունյանը, Զառան, Գրիգոր Դանիելյանը, Արտյոմ Մարկոսյանը, Դելոն եւ Ֆելիքս Խաչատրյանը: Ներկայացման համերգային հատվածում երգել եմ մի քանի ստեղծագործություն»,- ասել է նա:
Առաջարկը ստանալուն պես երգչուհին շատ է ոգեւորվել ու համաձայնել է, քանի որ նման շրջագայությունների, ինչպես ինքն է նշում, հաճախ չեն մեկնում:
Դերասանական կազմն ու երգչուհին համերգ-ներկայացմամբ եղել են Պրահայում, Վալենսիայում, Լեոնում, Մարսելում եւ եվրոպական այլ քաղաքներում: Սոֆին թիմին միացել է վերջին փուլում` հատուկ հյուրի կարգավիճակում` ապահովելով երաժշտական հատվածը, բայց ներկայացման մեջ եւս տարբեր դերակատարներ հանդես են եկել երաժշտական կատարումներով: «Շատ հետաքրքիր էր, տարբեր զգացողություններ էին, ամեն ինչ շատ լավ անցավ»,- պատմել է երգչուհին:
Խոսելով ստեղծագործական նորությունների մասին` երգչուհին նշել է, որ ունի նոր շատ երգեր, որոնք տեսահոլովակների տեսքով կներկայացնի հանդիսատեսին։ «Մի բան հաստատ է, ես երբեք տեղում չեմ կանգնում: Գրեթե պատրաստ է մեկ ձայնասկավառակ, բայց դեռ ուզում եմ հասկանալ` երբ արժի այն թողարկել: Ունեմ երեք երգ, որոնց հարցում դեռ ընտրություն եմ կատարում, կարծում եմ` մինչ Նոր տարի դրանցից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի: Ուղղակի չեմ ուզում, որ այն լինի հերթականը: Միշտ փորձում եմ ճիշտ ժամանակին հայտնվել ճիշտ տեղում, թու-թու-թու, ստացվում է»,- ասել է Սոֆի Մխեյանը:
Bravo.am