«Ալաբալանիցա»

17/11/2011

«Ալաբալանիցա» ինտերակտիվ հայկական առաջին ֆիլմն արդեն կարելի է դիտել Երեւանի կինոթատրոններում:

Ֆիլմի առաջին` փակ դիտմանը ներկա են եղել գլխավոր «մեղավորները»` Հայկոն ու Մկոն, Նազենի Հովհաննիսյանը, Լեւոն Հարությունյանը, Հասմիկ Ղարիբյանը, Արմինե Հարությունյանը, Ռաֆոն, ֆիլմի ստեղծագործական ու պրոդյուսերական կազմը, մի շարք դերասաններ ու հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Ֆիլմի ցուցադրումից առաջ ներկաներին ողջունել են Հայկոն ու Մկոն` ասելով, որ չէին ծրագրել խոսել նախքան պրեմիերան, բայց «կուտակումներ են ունեցել եւ վերջին պահին ասելիքը գրի են առել»: «Բարի երեկո, հարգելի տիկնայք եւ պարոնայք: Ուրախ ենք ձեզ տեսնելու այս դահլիճում…»,- կարդացել են տղաներն ու շարունակել, որ ֆիլմի ստեղծման երկու տարվա ընթացքում շատ բաներից են իրենց զրկել, շատ բան բաց թողել։ «Բաց ենք թողել Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային հանդիպումը, որի մասին իմանալուց հետո մի շարք բացթողումներ են եղել խաղի դատավորի հասցեին… Եթե Էմմին բաց է թողել մի «Եվրատեսիլ», ապա մենք` երկուսը, եւ մի շարք պատճառներ, որոնց համար, միեւնույն է, չենք զղջում»,- ասել են նրանք:

 

Հանդիսատեսին ներկայացվել է նաեւ ինտերակտիվ առաջին ֆիլմին մասնակցելու եւ ընթացքը փոխելու կանոնները, որից հետո տրվել է ֆիլմի մեկնարկը: Գլխավոր հերոսներ` անասնաբույժ Ցոլակ Կարպիչն ու շենքեր կառուցող Սեւակը տարբեր պատճառներով ընկնում են կոմայի մեջ եւ իրարից անկախ նույն պահին հանդիպում դժոխք-դրախտ սահմանագծին, որտեղ ստանում են հանձնարարություն, որի կատարումից էլ կախված է իրենց` կոմայից դուրս գալը: «Իմ կերպարը շատ բարդ էր, դաժան, որին կերտելն այնքան էլ հեշտ չէր: Ֆիլմի ավարտին պարզվեց, որ Սեւակի հոգու խորքերում եւս թաքնված է բարությունը, ինչը մի օր վեր բարձրացավ: Շատ հուզված եմ, հիմա էլ նայում ու չեմ հավատում, որ սա ես եմ»,- ֆիլմի պրեմիերայից հետո bravo.am-ին ասել է Սեւակին մարմնավորող Հայկոն, ում ամենից շատ անհանգստացրել է ինտերակտիվ ֆիլմի տեխնիկական մասը: «Փառք Աստծո, ամեն ինչ շատ հաջող ընթացավ: Երբ նման ֆիլմ ստեղծելու գաղափարը ծնվեց, մենք ծրագիրը գնելու հայտ ներկայացրինք, բայց պարզվեց, որ մինչ օրս նման ֆիլմ չի եղել, մենք առաջինն ենք աշխարհում: Ասացին, որ պատվերի դեպքում կգրեն համապատասխան ծրագիր, բայց մենք ընտրեցինք մեր կողմից գրվելու տարբերակը, ինչն իրականացրեց Վահագն Խաչատրյանը»,- նշել է Հայկոն:

«Ինչպես արդեն նշել եմ, շատ ենք աշխատել, ոչինչ չենք խնայել, եւ հիմա ուրախ եմ, որ ամեն ինչ բարեհաջող անցավ, հանդիսատեսն էլ իր գնահատականը կտա»,- իր խոսքում նշել է Մկոն: «Այն, ինչ ուզում էինք ստանալ, մեզ հաջողվել է, իսկ հերոսուհու դիմահարդարումը, կարծում եմ, անփոխարինելի էր»,- ասել է Նազենի Հովհաննիսյանը` նշելով, որ Հայկոն ու Մկոն իրենց «անտանելի» աշխատասիրությամբ եւ շատ լավ թիմով իրականացրել են ինտերակտիվ ֆիլմի գաղափարը:

Ֆիլմում երկու դեր մարմնավորող Հասմիկ Ղարիբյանն էլ bravo.am-ի հետ զրույցում իր ուրախությունն է հայտնել ֆիլմի կայացման համար ու բարձր գնահատել խաղընկերների կատարած աշխատանքը:

Նշենք, որ ինտերակտիվ ֆիլմի համար նկարահանված վեց տարբերակի շնորհիվ հանդիսատեսը դիտման ժամանակ երեք անգամ կարող է միջամտել գործողությունների ընթացքին, ինչը չի խանգարի լիամետրաժ ֆիլմի ամբողջական դիտմանը:

Մինչ ֆիլմի պրեմիերան, bravo.am-ի հետ զրույցում Մկոն պատմել էր, որ «Ալաբալանիցան» բարու եւ չարի հակամարտություն է, բայց վերջում ոչ թե բարին է հաղթում չարին, այլ չարը կառնա բարի: «Ֆիլմը լիմամետրաժ է, բայց ինտերակտիվ. դիտման ընթացքում հանդիսատեսը երեք անգամ հնարավորություն ունի իր զանգի միջոցով փոխել ընթացքն ու իրադարձությունների զարգացումը,- նշել է է Մկոն,- Դահլիճ մտնելուց հետո հանդիսատեսն իրեն տրված հեռախոսահամարին պետք է ուղարկի հաղորդագրություն, մտնի համակարգչային բազա, որից հետո համակարգիչը երեք անգամ պատահական ընտրությամբ կզանգահարի գրանցված հեռախոսահամարներից մեկին, որի բաժանորդն ամբողջ դահլիճի ներկայությամբ հնարավորություն կունենա փոխել ֆիլմի ընթացքը: Օրինակ` Սեւա՞կն ընկնի մեքենայի տակ, թե՞ Ցոլակը, տուն մտնե՞նք, թե՞ գործարան, աջ գնա՞նք, թե՞ ձախ»: Ինտերակտիվությունն ապահովելու համար նկարվել է վեց տարբերակ: «Ալաբալանիցայի» գլխավոր հերոսներն են գյուղում ապրող անասնաբույժ Ցոլակ Կարպիչը, ում մարմնավորում է Մկոն, եւ շենքեր կառուցող Սեւակը` Հայկոն. «Այնպես է ստացվում, որ միասին հայտնվում են մի վայրում, որտեղ իրենց առաջադրանք են տալիս… Հակադիր կերպարների դիալոգներն ու իրադարձությունների զարգացումը շատ գեղեցիկ է ստացվել: Սյուժեն շատ ծիծաղելի է, չեմ ուզում շատ բաներ ասել, դա հանդիսատեսը պետք է ասի, բայց մեզ այն շատ է դուր գալիս»,- ասել է Մկոն:

Ֆիլմի տեւողությունը 1 ժամ 20 րոպե է: «Շատ ենք չարչարվել, ուզում ենք, որ այն արդարացվի: Այնպիսի բան ենք արել, որն իր ձեւաչափով դեռ չի եղել, ունեցել ենք լավ թիմ ու չենք խնայել ոչինչ: Դիմահարդարին հրավիրել ենք Մոսկվայից, տեխնիկայի մի մասը բերել ենք Միացյալ Նահանգներից եւ Վրաստանից: Ուղղակի մենք ուզում էինք անել լավ բան, իսկ ֆինանսական առումով ակնկալիքների մասին խոսելը ծիծաղելի կլինի. այստեղ մենք ենք ներդրել, մեր հովանավորներն են ներդրել` շատ-շատ»,- ասել է Մկոն:

Խոսելով սաունդթրեքի մասին` Մկոն նշել է, որ շատ են հավանել «Ապրիկոտա»-ի հեղինակած երգը. «Հիշվող եւ հիթային երգ է ստացվել»: Տղաներին շատ է ուրախացրել Արտո Թունջբոյաջյանի հետ համագործակցությունը, քանի որ շատ են սիրում իր արվեստն ու ուրախ են ընկերանալու համար. «Հուսով ենք` հետագայում այլ համագործակցություններ եւս կլինեն»:

Ի դեպ, «Ալաբալանիցայի» ֆիլմի գաղափարը եղել է դեռեւս երկու տարի առաջ. «Ֆիլմի գաղափարը հղացել է մեր ընկերներից Արա Յաղջյանը` երկու տարի առաջ: Երբ առաջարկեց, մեզ շատ դուր եկավ, բայց այն հեռու էր թվում իրագործումից: Չէինք հավատում, որ կիրականանա, ուղղակի այնքան էինք հավանել, որ որոշեցինք փորձել: Շատ ծրագրավորողներ փորձեցին անել դա, բայց վերջում մեր ընկեր Բագրատն իրականացրեց ինտերակտիվ ֆիլմի գաղափարն ու գրեց այն»,- ասել է Մկոն:

«Ալաբալանիցայի» պրեմիերայից հետո Հայկոն ու Մկոն վերսկսելու են «Կարգին սերիալը», որը մինչ Ամանոր կլինի եթերում:

Bravo.am