Սարեպտի կամ Ռուսական մանանեխ (գորչիցա, Brassica juncea)։ Մանանեխը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես համեմունք, կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։
Հին եգիպտական մագաղաթներում դեռեւս 3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում ավելացնել մանանեխի սերմը ուտեստներին։ Համարվում է, որ սեւ մանանեխի հայրենիքը Հյուսիսային Աֆրիկան է։
Հին հույները իմացել են սպիտակ մանանեխի բուժիչ հատկությունների մասին, իմաստասեր եւ բնագետ Թեոֆրաստը գրում է, որ այն անվանվում է sinapis, քանի որ ջրի մեջ տրորած սերմը արցունք է առաջացնում sihapis = sinos + opis = վնասել աչքերին։ Դիոսկորիդիսը առաջարկել է դնել մանանեխի լուծույթով մշակված լաթը ցավոտ հատվածներին։ Հանճարեղ Պյութագորասը համարել է, որ բույսի սերմը լավացնում է հիշողությունը։ Քրիստոնեական մշակույթում մանանեխը հավատի խորհրդանիշ է` «Եվ թող ձեր հավատը համապատասխանի մանանեխի «սերմին…»։
Փոքրիկ սերմը պահպանում է իր ծլունակությունը 50 տարի, այն կարող է ճեղքել բնական ապարը, ասֆալտը, բետոնը, չորադիմացկուն է։
Մանանեխ դաշտայինը` sinapis arvensis-ը այսօր հանդիպում է որպես մոլախոտ ողջ Եվրասիայում եւ Հյուսիսային Աֆրիկայում, սակայն հայրենիքը Միջերկրականի ափամերձ շրջաններն են։ Հանդիպում է Լոռիում, Գեղարքունիքում, յուղը թունավոր է։ Մշակովի սեւ եւ սպիտակ մանանեխը (Brassica nigra եւ S.alba) եւ դրանց մշակման բաղադրատոմսերը Եվրոպա են հասցրել հռոմեացիները, իսկ միջնադարում` վանականները։ Միջնադարում մեզ հայտնի համեմունքը պատրաստել են խաղողի հյութով (այս երկու բույսերը հասունանում են գրեթե միաժամանակ) եւ, քանի որ լատիներեն խաղողը կոչվում է «mustum», ապա այդ անվանումը փոխանցվել է մանանեխին` գերմաներեն- Mostrich, ֆրանսերեն- Moutarde, անգլերեն- Mustard։
Մանանեխը լավ է համադրվում այլ բույսերի եւ կերակրատեսակների հետ, այդ պատճառով դրա պատրաստման բաղադրատոմսերը գրեթե անսահման են։ Միջնադարում վանական միաբանություններն ունեցել են հատուկ պաշտոն, որի տնօրինողը պարտավոր էր ապահովել բույսի մշակման, համեմունքի պատրաստման եւ, ինչո՞ւ ոչ, վաճառքի բնականոն ընթացքը։
Ընդունված տեսակետ կա, որ լավագույն համեմունքը պատրաստել են ֆրանսիացիները, որտեղ 16-րդ դարի վերջում ստեղծել են «Մանանեխ մշակողների ընկերությունը»։ Մեր ժամանակներում այս երկիրն արտադրում է ավելի քան 100 տեսակի մանանեխի համեմունքներ։ Դիժոնում այսօր մանանեխին խառնում են վայրի խնձորի հյութը, աղ, մեխակ, դարչին, այլ։
Համեմատաբար ավելի «բարի» սպիտակ մանանեխը հարգի է Անգլիայում եւ ԱՄՆ-ում, Անգլիայում սննդի մեջ օգտագործել են նաեւ բույսի մատղաշ կանաչ մասը։ Ռուսաստանում բույսը սկսել են մշակել 18-րդ դարի վերջում. 1784թ. Կոմս Բեկետովի կալվածքում առաջին անգամ ստացել են մանանեխի ալյուր, իսկ 1810թ. դրվել է դեղին մանանեխի եւ յուղի արտադրության սկիզբը, 20-րդ դարի սկզբում այժմյան Վոլգոգրադի մարզի Սարեպտա գյուղի երկու գործարանները տվել են մոտ 700 տոննա արտադրանք։
Մանանեխը խաչածաղկավորների ընտանիքի կաղամբազգիների ենթաընտանիքին պատկանող բույս է, 0,5-1 մ բարձրությամբ, ծաղիկները երկտուն են, հավաքված կիսավահանաձեւ կամ ողկուզաձեւ ծաղկաբույլերով, ծաղկաթերթերը չորսն են ոսկեդեղին, պտուղը պատիճ է, սերմերը` մանր գնդաձեւ։ Առանցքային արմատի երկարությունը հասնում է 2-3 մետրի։
Տարբեր տեսակների քիմիական բաղադրությունը քիչ է տարբերվում, մենք նկարագրելու ենք մեզ ավելի հասանելի սարեպտի կամ «ռուսական» մանանեխի հատկությունները։ Սերմը պարունակում է մինչեւ 42% ճարպային յուղեր, 20% սպիտակուց, 15% լորձ, 1-2% եթերային յուղ, գլյուկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին։ Տերեւը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, կալցիում, երկաթ։
Մանանեխի յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով, պարունակում է նաեւ քոլին, օմեգա-3 թթուներ, յուղը ամրացնում է մազանոթները եւ բարձրացնում առաձգականությունը, նպաստում օրգանիզմի աճին եւ լակտացիային։
Հակացուցում. պետք է սահմանափակեք մանանեխի օգտագործումը թոքախտի, ստամոքսահյութի բարձր թթվայնությամբ ստամոքսաբորբի, խոցի, պանկրեատիտի, թութքի, ստոմատիտի, հիպերտոնիայի, երիկամների եւ որոշ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում։
Բուժում է մանանեխի մեղրը
Բույսի բոլոր տեսակները մեղրատու են, 1 հա սեւ մանանեխի արտից մեղուն մթերում է 190 կգ մեղր։ Մեղրը սպիտակ է կամ ոսկեգույն, ունի նուրբ հոտ, արագ է բյուրեղանում` ստանալով կրեմագույն երանգ։ Մեղրը ունի բուժիչ հատկություն, խորհուրդ է տրվում շնչառական ուղիների հիվանդությունների բուժման համար։
– Խառնեք 100 գ մեղրը 50 մլ կիտրոնի հյութի հետ։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` ջրի հետ։
– Թոքաբորբի դեպքում տաքացրեք 100 գ կաթնաշոռը (ջրային բաղնիք), խառնեք 1 ճ/գ մեղրի հետ, քսեք բամբակե կտորին, վրայից ծածկեք մոմած թղթով եւ սրբիչով։ Տեղադրեք սպեղանին եւ կապեք բրդե շալով։
Կամ `
– Լուծեք մեղրը ջրի հետ (1։1), եռացրեք լուծույթը, հեռացրեք քափը։ Խմեք 50-ական գրամ, օրը 2-3 անգամ։ Այս միջոցն ունի նաեւ արյունը հեղուկացնող եւ մաքրող հատկություն։
Մանանեխի բուժիչ սերմը
Առաջին հայտնի դեղատոմսը գրվել է Ք.ա. 42թ.։ Հին բուժարարները նկատել են, որ մանանեխը տաքացնում է օրգանիզմը ներսից` այն ավելացրել են գինու մեջ, ողողել կոկորդը բորբոքային հիվանդությունների դեպքում, տաքացրել թուրմի մեջ ոտքերը, դրել սպեղանի, օգտագործել սերմը մարսողությունը կարգավորելու, նույնիսկ լսողությունը եւ տեսողությունը լավացնելու համար։ Դիոսկորիդիսը խորհուրդ է տվել մանանեխը քրոնիկ ցավերի դեպքում։ Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ մանանեխը ունի դրական ազդեցություն նյարդային համակարգի եւ մկանների վրա, կարգավորում է մետեորիզմը. ճարպերի, սպիտակուցների, ածխաջրերի փոխանակման գործընթացները, նպաստում բջիջների վերականգնմանը եւ աճին։ Սերմը ունի հակամանրէ հատկություն, այն կարգավորում է աղեստամոքսային համակարգի միկրոֆլորան, ամրացնում ատամների էմալը, ունի միզամուղ հատկություն, նպաստում է քաշի նվազեցմանը։
Յուղը նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների հավանականությունը, հարուստ է աֆրոդիզիակ հատկություն ունեցող նյութերով։
Երբ մանանեխի սպեղանին իջեցնում են տաք ջրի մեջ (50-60 աստիճան C), ապա դրա մեջ պարունակվող գլյուկոզիդ սինիգրինը տրոհվում է, որի հետեւանքով անջատվում են գլյուկոզա, կալիում աղ եւ ալլիլային մանանեխի յուղ։ Վերջին բաղադրիչն առաջացնում է արյան զգալի հոսք դեպի մաշկի այն հատվածը, որտեղ տեղադրված է սպեղանին, գոյանում է կարմրություն։
Արյան հոսքի շնորհիվ տեղի է ունենում հիվանդ օրգանի վիճակի բարելավում։ Ալլիլային թթուն ունի արցունքաբեր հատկություն, կծու համ եւ հոտ։
Ստենոկարդիայի դեպքում. 1 ճ/գ փոշին լուծեք 1 լ տաք ջրի մեջ։ Ձեռքերը 5-7 րոպե պահեք լուծույթի մեջ։
Հոդատապի դեպքում. Խառնեք մեկական ճ/գ մանանեխի տրորած սերմ, արեւածաղկի յուղ եւ մեղր, տաքացրեք 10-15 րոպե ջրային բաղնիքի վրա։ Քսեք ցավոտ հատվածներին։
Ջերմության, դողէրոցքի դեպքում. Խառնեք 0,5 թ/գ մանանեխի փոշին, 1 պտղունց աղ, լուծեք 50 մլ սպիտակ գինու մեջ եւ խմեք։
Մկանային, ոսկրային ցավերի դեպքում. 2 գ մանանեխի յուղը լուծեք 100 գ օղու մեջ, կատարեք մերսում։
Ոգեթուրմ. 10 գ մանրացրած մանանեխի սերմը 14 օր թրմեք 150 մլ օղու մեջ։ Կատարեք շփումներ հոդատապի, ռեւմատիզմի, ռադիկուլիտի դեպքում։
Ռադիկուլիտի դեպքում. Խառնեք 100 գ փոշին, 1 ճ/գ աղ, 200 մլ արեւածաղկի ձեթ, քսեք ցավոտ հատվածին առավոտյան եւ երեկոյան, փաթաթեք բրդե շալով։
Մրսածության դեպքում. 1 թ/գ մանանեխի փոշին խառնեք 100 գ հեղուկ մեղրի հետ։ Խմեք 1-ական թ/գ, օրը 3 անգամ, սնվելուց հետո։
Ատամի ցավի դեպքում. 10 գ մանանեխի փոշին լուծեք 200 մլ տաք ջրի մեջ, կատարեք ողողում գոլ լուծույթով։
Փորկապության դեպքում. 10 մանրացրած մանանեխի սերմը խմեք 50 մլ ջրի հետ սնվելուց 30 րոպե առաջ։
Փորկապությունը, մարսողությունը լավացնող միջոց. Խառնեք անիսոնի պտուղը, հազարատերեւուկի խոտը, բեկտենի սովորականի (Frangula) տերեւը, մանանեխի փոշին (4։2։2։1)։ 2 թ/գ հումքին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք, թրմեք 15 րոպե, քամեք։ Խմեք 100-ական մլ, առավոտյան եւ երեկոյան, սնվելուց 30 րոպե առաջ։
Լոգանք. 200 գ մանանեխի փոշին (երեխաների համար` 20-100 գրամ), լուծեք 1 լ եռջրի մեջ, ավելացրեք լոգանքի ջրին։
Ցելյուլիտի դեպքում. Մանանեխի փոշին խառնեք մեղրի հետ (2։3)։ Ներմերսեք մաշկին, վրայից ամրացրեք սննդի համար նախատեսված թաղանթ եւ ծածկեք տաք լաթով, 40 րոպեից ընդունեք ցնցուղ։ Կատարեք 3 օրը մեկ, շարունակեք մեկ ամիս։ Վարիկոզի եւ մազանոթային ցանցի դեպքում տվյալ միջոցը խորհուրդ չի տրվում։
Ճարպոտ մազերի դեպքում. Լուծեք 1 ճ/գ մանանեխի փոշին 2 լիտր տաք ջրում: Մազերը լվանալուց հետո ցայյեք մազերն այս լուծույթով: Հեռացնում է յուղոտ փայլը, ամրացնում մազարմատները:
Ճարպոտ մաշկի համար. 1թ/գ մանանեխի փոշին լուծեք 1 ճ/գ գոլ ջրում, ավելացրեք 2 ճ/գ գոլացրած ձիթապտղի յուղ, քսեք դեմքին եւ պարանոցին, 5 րոպեից լվացեք տաք եւ ցայեք սառը ջրով։ Կատարեք օրը 1 անգամ, շարունակեք 10 օր։
Մաքրող միջոց. Մաքուր դեմքին քսեք ձիթապտղի յուղ, 1 ճ/գ մանանեխի փոշին լուծեք 200 մլ տաք ջրում, գդալով լցրեք եռտակ թանզիֆե անձեռոցիկի վրա, դրեք դեմքին, վրայից ծածկեք սրբիչով, 5 րոպեից լվացեք դեմքը եւ մաքրեք գեղարարական կաթով։