– ՀՀ վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս հայտարարել են, որ 2012թ. նպատակ ունեն անցկացնել «ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները Հայաստանի անկախության 20-ամյա պատմության ընթացքում»: Որքա՞ն կարեւոր են նմանատիպ խոստումները ԵՄ եւ Հայաստանի քաղաքական երկխոսության համար:
– Դա շատ կարեւոր է: Սա մեծ դրական ազդանշան է, եւ մենք ակնկալում ենք, որ այն կվերածվի կոնկրետ քայլերի` ընտրությունները լավ կազմակերպելու համար: Ինչպես միշտ, մենք պատրաստ ենք սատարելու եւ խորհուրդ տալու ընտրություններում եւ շատ այլ ոլորտներում, որոնք միասին ձեւավորում են «խորը ժողովրդավարության» գաղափարը, որը դրված է Արեւելյան Գործընկերության հիմքում` միավորման, խոսքի եւ հավաքների ազատություն, անկախ դատական համակարգի կողմից իրականացվող օրենքի գերակայություն եւ իրավունք դեպի արդար դատավարություն, արդյունավետ պայքար կոռուպցիայի դեմ, ինչպես նաեւ` բարեփոխումներ անվտանգության եւ իրավապահպանության ոլորտներում:
– Եվրոպացի պաշտոնյաներն ասում են, որ ԵՄ-ն պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Հաշվի առնելով այն փաստը, որ ԵՄ-ն չի ցանկանում փոխարինել ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպիսի՞ն եք տեսնում այդ «ավելի ակտիվ դերակատարումը»:
– Մենք լիովին աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու իր ջանքերում` ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հիման վրա:
ԵՄ-ի չի ցանկանում փոխել ձեւաչափը կամ ազդեցություն ունենալ տարբեր կողմերի վրա, մենք առաջարկում ենք ավելի ակտիվ եւ ուժեղ աջակցություն: Մենք կարող ենք օգնել ստեղծել դրական մթնոլորտ, ներառյալ` վստահության ստեղծման միջոցներ:
Մեր սեփական պատմությունից մենք ունենք հակամարտությունների կարգավորման եւ հաշտեցման փորձ, որով ցանկանում ենք կիսվել ձեզ հետ: Մենք նաեւ կարծում ենք, որ վաղուց ժամանակն է կարգավորման հասնելու համար, քանի որ դա կնպաստի տարածաշրջանի զարգացմանը, կօգնի կայունություն հաստատել, տարածաշրջանի մարդկանց համար ավելի դյուրին կդարձնի առեւտուրը եւ ճամփորդելը: Այն կօգնի ստեղծել աշխատատեղեր եւ կխթանի տնտեսական աճը: Այլեւս պետք չէ հապաղել: Հակամարտությունը տարածաշրջանին պատանդ է պահում:
– Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի նախագահը եւ կառավարության անդամները հաճախակի ռազմատենչ հայտարարություններով են հանդես գալիս` ասելով, որ պատերազմը կարող է ԼՂ հարցի կարգավորման միջոց լինել: Այս տարվա ընթացում դուք առնվազն երկու անգամ հրապարակավ քննադատել եք Ադրբեջանին` մարդու իրավունքների ոտնահարման համար: Ինչո՞ւ նաեւ կոչ չեք անում Ադրբեջանին` դադարեցնել պատերազմի քարոզչությունը:
– Հակամարտության կարգավորմանը հնարավոր է հասնել միայն բանակցությունների միջոցով, եւ այլ տարբերակներ առաջարկող հռետորաբանությունն օգտակար չէ` անկախ նրանից, թե ո՞ր կողմն է այն հնչեցնում: Կարեւորը բանակցություններում առաջընթացն է եւ դժվարին փոխզիջումներ անելու` երկու կողմերի պատրաստակամությունը:
– Այս տարվա ապրիլին Եվրոպական խորհրդարանն ընդունեց «Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայման» բանաձեւը: Այն կոչ է անում զարգացնել «ոչ պաշտոնական շփումները եւ խորհրդատվությունը անջատված տարածքների հասարակությունների հետ»: Իրատեսակա՞ն է ակնկալել, որ Եվրոպական հանձնաժողովը կհետեւի այս կոչին:
– Վստահության ձեւավորումը` ներառելով շփումները մարդկանց միջեւ, անհրաժեշտ է փոխըմբռնումը խթանելու համար: ԵՄ-ն կարող է օգնել երկու կողմերին շփվել միմյանց հետ, հիմքեր պատրաստել լուծում գտնելու համար, ցույց տալ խաղաղության եւ ԵՄ-ի հետ ամուր կապված խաղաղ Կովկասի առավելությունները: