Մտանք Վրաստան

15/11/2011

«Kazbegi Coffee» ընկերության տնօրեն Վայա Բուրդուլին «The financial» պարբերականին տված հարցազրույցում ասել է, թե հայ ներկրողները մոնոպոլացրել են վրացական շուկան, ուստի իրենք դադարեցրել են վրացական սուրճի փաթեթավորումը: Բուրդուլիի խոսքով` իր ընկերությունը սնանկացման եզրին է: Հիշեցնենք, որ «Kazbegi Coffee»-ի սեփականատերը Վրաստանում հայտնի «Kazbegi» գարեջրագործական ընկերությունն է: Բուրդուլիի կարծիքով` մեղավորը վրացական շուկայի օրենսդրությունն է, որը հակամրցակցային կանոններ չունի, ինչի պատճառով էլ տեղական արտադրությունն անկում է ապրում: «Ամբողջ փողն ու եկամուտը գնում է Հայաստան: Վրացական շուկա մտնելուց հետո նրանք գրավել են ամբողջ շուկան եւ այլ ընկերությունների զրկել մրցելու հավասար հնարավորություններից»,- ասել է նա: Բուրդուլիի խոսքով` հայերն անարդար խաղ են խաղում. «Մտնում են շուկա եւ լուրեր են տարածում, թե մեր արտադրած սուրճը վատորակ է: Փորձել եմ բանակցել հայերի հետ, բայց նրանք ասում են` դուք էլ նույնն արեք, եթե կարծում եք` դա է շահույթ ստանալու միակ եղանակը»: Ըստ «The financial»-ի` չկա որեւէ կարգավորող մարմին, որին կարող է դիմել վրացական ընկերությունը: