Կիրակի օրը Իջեւանի քաղաքապետի ընտրություններում նախնական տվյալներով հաղթել է ԲՀԿ-ական թեկնածու Վարդան Ղալումյանը: Նրա միակ մրցակիցը եղել է Իջեւանի գործող քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 10 տարի: ԲՀԿ-ական թեկնածուի հաղթանակը արդեն հասցրել է բազմաթիվ ու բազմաբնույթ մեկնաբանությունների առիթ դառնալ` սկսած նրանից, որ ՀՀԿ-ի կողմից ճնշումների ենթարկվելուց հետո ԲՀԿ-ն Իջեւանում ցույց տվեց, որ չի հանձնվում (թեեւ դա ավելի շատ առասպելաբանություն է, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել իշխանական մեքենայի լուռ անգործության պայմաններում), վերջացրած նրանով, որ ՀՀԿ-ն կոալիցիոն գործընկերոջը հալածանքների ենթարկելուց հետո թույլ տվեց հաղթել տեղական ընտրություններում` որպես «սրտի մխիթարանք»: Առաջիկա զարգացումներից պարզ կդառնա, թե քննարկվող վարկածներից որն է իրականում տեղի ունեցել: Կիրակի օրվա ընտրություններում, սակայն, արձանագրվել է եւս մեկ կարեւորագույն իրողություն. եւ խորհրդարանական, եւ արտախորհրդարանական ընդդիմությունը` ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» եւ ՀԱԿ-ը, աջակցել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուին: Իհարկե, պաշտոնապես նշված ուժերը հայտարարում են, թե Ղալումյանին սատարելու որոշում չեն կայացրել, սակայն չեն էլ հերքում, որ նրանց տեղական կառույցներն ավելի կամ պակաս չափով աշխատել են ԲՀԿ թեկնածուի հաղթանակի համար: Ակնհայտ է, որ սա ոչ թե տեղական նշանակության, այլ բացառապես քաղաքական որոշման հարց է եւ, ըստ էության, խոսում է նոր քաղաքական իրադրության մասին: Եվ իշխանության համար անհանգստանալու հիմք կարող է դառնալ ոչ այնքան Իջեւանի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ականի հաղթանակը (ում ՀՀԿ-ն նույնիսկ պաշտոնապես շնորհավորել է), այլ հենց այս նոր քաղաքական իրավիճակը: Ընդ որում, այն նոր է հատկապես եւ առաջին հերթին` ՀԱԿ-ի` իշխանությունների հետ համագործակցության ձեւաչափի իմաստով, քանի որ ավելի կամ պակաս չափով ՀՅԴ-ն եւ «Ժառանգությունը» նման «փորձ ունեն»: Վերջինս` գոնե տեղական նշանակության ընտրություններում ընտրական հանձնաժողովների ոչ վերահսկելի անդամների մասով: Իսկ ՀԱԿ-ը, որը պայքարում էր ավազակապետության դեմ` մինչեւ վերջերս խտրություն չդնելով ավազակապետության անդամների միջեւ, հիմա, փաստորեն, թեկուզ ոչ ֆորմալ, համագործակցում է իշխանության մի մասի հետ` ընդդեմ իշխանության մյուս մասի: Հիշեցնենք, որ նման մտադրության մասին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց դեռեւս հոկտեմբերյան հանրահավաքներից մեկում` ԲՀԿ-ին անվանելով «հայաստանածին» կուսակցություն: Դրանից հետո ՀԱԿ այլ անդամներ եւս անուղղակիորեն հաճոյախոսություններ ուղարկեցին ԲՀԿ-ի ուղղությամբ, որոնք անպատասխան մնացին: Փաստորեն, ՀԱԿ-ը արդեն ոչ թե խոսքով, այլ գործով է փորձել աջակցել ԲՀԿ-ին, կյանքի կոչելով վերջինիս` «Մեր խոսքը գործ է» կարգախոսը:
Գնդակը, ինչպես ասում են, ԲՀԿ-ի դաշտում է: