Ուորեն Բաֆետը` IBM-ի բաժնետեր

15/11/2011

Berkshire Hathaway ներդրումային հիմնադրամի տնօրեն, միլիարդատեր Ուորեն Բաֆետը գնել է IBM-ի 10,7 մլրդ դոլար արժողությամբ բաժնետոմսեր: Այդ մասին CNBC հեռուստաալիքով հայտնել է հենց ինքը` Ուորեն Բաֆետը: Նա նշել է, որ գործընթացը սկսվել էր դեռեւս 2011թ. մարտից: Ըստ Lenta.ru-ի, ներկայումս Բաֆետին է պատկանում IBM ընկերության 64 միլիոն բաժնետոմս: Հարցազրույցի ժամանակ Բաֆետը փակագծերն ամբողջությամբ չի բացել եւ չի ներկայացրել, թե ինչպես է պատրաստվում օգտագործել IBM-ից գնված բաժնետոմսերը: Որոշ փորձագետներ համոզված են, որ 2015թ. IBM-ի մեկ բաժնետոմսի արժեքը կավելանա 20 դոլարով: Այնպես որ, Բաֆետի կարողությունը ավտոմատ կերպով կավելանա եւս մի քանի միլիարդ դոլարով։ Թեպետ առանց դրա էլ Ուորեն Բաֆետը համարվում է աշխարհի ամենահարուստ եւ հաջողակ ներդրողներից մեկը: