Իջեւանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ, Հանրապետական կուսակցության անդամ Վարուժան Ներսիսյանի նկատմամբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու Վարդան Ղալումյանի հաղթանակը բավականին անսպասելի էր:
Նախնական տվյալներով` Վ.Ներսիսյանը, ով շուրջ 12 տարի Իջեւանի քաղաքապետն էր, ԲՀԿ-ի թեկնածուին պարտվել է 1652 ձայնով: Վ.Ղալումյանը ստացել է 5044 քվե, իսկ Վ. Ներսիսյանը` 3406:
Դժվար էր պատկերացնել, որ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ն թույլ կտար, որ իշխանական ճամբարի իր հիմնական հակառակորդ ԲՀԿ-ն քաղաքապետի ընտրություններում հաղթեր իր ներկայացուցչին: Սակայն ընտրությունների ընթացքից կարելի է եզրակացնել, որ ՀՀԿ-ն առանձնապես չի էլ փորձել ընտրություններում իր թեկնածուին այնպես օգնել, որ նա հաղթեր: Ավելին, հրապարակվող տեղեկությունների համաձայն` ԲՀԿ-ն է ընտրություններում ակտիվ գործունեություն ծավալել: Երեկ մամուլում հրապարակումներ կային այն մասին, որ ԲՀԿ-ն Իջեւանի տաքսու վարորդներին 110 հազար դրամ է վճարել` հաճախորդների հետ իր թեկնածուի օգտին քարոզչություն իրականացնելու համար: Լրատվական կայքերի հաղորդմամբ` ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուների միջեւ ընտրությունն անցել է բավականին լարված մթնոլորտում: Վ.Ղալումյանին սատարելու համար Աբովյանից ու Երեւանից Իջեւան են գնացել մի քանի խմբեր: Կայքերի հաղորդմամբ` իրավիճակն այնքան լարված է եղել, որ միջամտել է Ոստիկանությունը ու ոստիկանական բաժանմունք են տարել Երեւանից Իջեւան ժամանած «Ռենջ Ռովեր» ավտոմեքենայի վարորդին: Ոստիկանությունից հայտնում են, որ երկու հոգու հրավիրել են Ոստիկանության բաժին, քանի որ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ լուրեր են եղել, սակայն քիչ անց նրանք ազատ են արձակվել: Ամեն դեպքում, ՀՀԿ-ն տեղեկան մակարդակով զիջել է ԲՀԿ-ին:
«Չեմ կարծում, որ ՀՀԿ-ն զիջել է, ՀՀԿ-ն չի զիջել, թեկնածուն է զիջել,- երեկ մեր դիտարկմանը չհամաձայնեց ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը եւ ավելացրեց,- Այս պարագայում չեմ կարծում, որ դա կուսակցությունների համար պատվի հարց է: Կարծում եմ, որ ընդամենը տեղական նշանակության ընտրություն է, որտեղ 80 տոկոսից ավելին միշտ էլ ՀՀԿ-ն հաղթել է: Մի տեղ էլ ՀՀԿ-ի թեկնածուն պարտվել է»:
ՀՀԿ-ում պնդում են, որ դա ոչ թե իրենց կուսակցության, այլ կոնկրետ Վ.Ներսիսյանի պարտությունն է: «Որքան կարողացա հասկանալ, այստեղ ընտրությունները վեր էին քաղաքական այլ շահարկումներից: Այնտեղ ԲՀԿ-ՀՀԿ պայքարը չէր, անձերի խնդիր էր: Նորմալ եմ գնահատում, կարեւորն այն է, որ նորմալ, արդար, թափանցիկ ընտրություն է տեղի ունեցել: ՀՀԿ-ն 900-ից ավելի համայնքներում մոտ 70 տոկոս ներկայացվածություն ունի, կլինեն համայնքներ, որտեղ նման ընթացք կլինի: Չեմ կարծում, որ արտառոց բան կա, ուղղակի պետք է ուշադիր լինել ուժերը կենտրոնացնելու, ինչո՞ւ չէ, նաեւ տեխնիկական առումներով որոշակի խնդիրները կարգավորելու համար»,- ավելացրեց ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր` Հովհաննես Սահակյանը:
Մինչդեռ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ով որպես վստահված անձ` ներկա է եղել Իջեւանում կայացած քաղաքապետի ընտրություններին, երեկ ասել է. «Մեզ համար գերխնդիրն այն է, որ իջեւանցին եւ ընդհանրապես ընտրողը զգա իր քվեի կարեւորությունը, ընտրողը զգա, որ իր քվեն պաշտպանված է, որ իր քվեն, իր ձայնը հասնում է տեղ: Ում ուզում էր` ընտրեր իջեւանցին, մեզ համար կարեւոր էր, որ նրա քվեն լիներ պաշտպանված, եւ ԲՀԿ-ական պատգամավորները, քաղաքական խորհրդի մի քանի անդամներ այնտեղ էին ազատ, արդար ընտրությունները պաշտպանելու համար»:
Իսկ ինչ վերաբերում է ընտրությունների ընթացքում տեղի ունեցած միջադեպերին, Ն. Զոհրաբյանն ասել է. «Իջեւանցին զգաց, որ իր տված քվեն պաշտպանվեց, ընտրատարածքներում իր տված քվեն պաշտպանվեց, եւ դա այսօր ես իրապես շատ կարեւոր եմ համարում: Մենք արդեն պետք է խոսենք ապագայի մասին. մեր քաղաքապետի թեկնածուն հրաշալի ծրագրեր, նպատակներ ունի, եւ ես կարծում եմ, որ այդ ծրագրերը նա կարողանալու է իրականացնել»:
Որոշ տեսակետների համաձայն` Իջեւանի քաղաքապետի ընտրություններում կիրառվել է «բոլոր կուսակցություններն` ընդդեմ ՀՀԿ-ի» մարտավարությունը, քանի որ ընդդիմադիր ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչներն աջակցել են ԲՀԿ-ի թեկնածուին: ՀԱԿ մամլո խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց, թե նման որոշում չեն ընդունել: Նա չբացառեց, որ «անհատական մակարդակում նման կարգի մասնակցություն եղել է»:
Կիրակի օրն Իջեւանում էին «Ժառանգության» պատգամավորներ Ստեփան Սաֆարյանը եւ Անահիտ Բախշյանը: Վերջինս «աբսուրդ» համարեց աջակցելու մասին լուրերը: «Որպես ԱԺ պատգամավոր եւ մարդ` այնտեղ էինք մեր լիազորությունների շրջանակում: Մեզ հետաքրքրում էր, թե մեր հանձնաժողովի անդամներն արդյո՞ք այնպես են ներկայացվել, ինչպես մենք ենք ներկայացրել, որովհետեւ տարբեր լուրեր էին շրջանառվում, թե ծախվել են, եւ այլն: Տեսանք, որ որեւէ խախտում չկա, եւ մեր ներկայացված անդամներն էին հանձնաժողովում»,- ասաց Ա.Բախշյանը:
Իսկ երեկ իշխանական շրջանակներում տարբեր մեկնաբանություններ էին հնչում այս ընտրությունների առնչությամբ: Կարծիք կար, թե իշխանությունները թույլ տվեցին, որ Իջեւանում հաղթի ԲՀԿ-ի թեկնածուն, եւ այդպիսով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին փոքր փոխհատուցում տվեցին վերջին ճնշումներից հետո: Գերիշխող էր, սակայն, այն տեսակետը, թե այստեղ պարզապես դեր է կատարել մարդկային գործոնը: Այսինքն` ավելի քան 1 տասնամյակ եւ 4 անգամ Իջեւանի քաղաքապետ աշխատած Վ.Ներսիսյանին արդեն այդ քաղաքում չէին ընդունում: Եվ Վ.Ղալումյանի փոխարեն ով էլ նրա հակառակորդը լիներ, հաղթելու էր: Ի դեպ, ԲՀԿ-ի թեկնածուն ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծրուն Ղալումյանի բարեկամներից է: Իսկ Վ.Ներսիսյանը ՀՀԿ անդամ է դարձել ընդամենը 5-6 ամիս առաջ: Գրեթե նույնքան է նաեւ Վ.Ղալումյանի անդամակցությունը ԲՀԿ-ին: Այստեղ, ասում են, որ ԲՀԿ-ն պարզապես վերջինիս առաջարկել է սատարել քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ժամանակ` փոխարենն իրեն անդամակցելու պայմանով: Որոշ տեղեկությունների համաձայն` ՀՀԿ-ն ամեն դեպքում պատրաստվում է այդ պարտության հարցը քննարկել կուսակցության ղեկավար մարմնում: ՀՀԿ-ին հատկապես բարկացրել է այն հանգամանքը, թե ինչո՞ւ կամ ո՞ւմ միջոցով Վ.Ներսիսյանն անդամակցեց իրենց կուսակցությանը: Այստեղ հասկանալի է, որ այդ հարցը նախ ներկայացվել է ՀՀԿ-ի տարածքային կառույցի մակարդակով, որի ղեկավարը Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն է: Այսինքն` Վ.Ներսիսյանին ՀՀԿ է բերել մարզպետը: Եվ չի բացառվում, որ Ա.Ղուլարյանն այս պարտության պատճառով կուսակցական եւ պաշտոնական պատասխանատվության ենթարկվի: Հատկապես, որ Ա.Ղուլարյանի մարզային կուսակցական աշխատանքից դժգոհություն կա. այնտեղ որոշ համայնքներում ՀՀԿ-ական թեկնածուները պարտվել են: Երեկ թե Ա.Ղուլարյանը, թե Վ.Ներսիսյանը չցանկացան պատասխանել մեր հարցերին: