Լիսկան հարվածել է կին գործարարին

15/11/2011

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարձակվել եւ հարվածել է կին գործարար Սիլվա Համբարձումյանին:

Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլի ասուլիսի ժամանակ Ս. Համբարձումյանը հայտարարել էր, թե Ս. Խաչատրյանն իրեն պատկանող «Սիփան 1» ընկերությունից գողացել է 102 միլիոն դրամ արժողությամբ սարքավորումը, եւ որ այժմ այն գտնվում է մարզպետին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում: Գործարար կնոջ ասուլիսից հետո մարզպետը թեեւ սպառնացել էր նրան դատի տալ, սակայն մինչ օրս դեռեւս հայց չի ներկայացրել:

Երեկ տեղի ունեցած միջադեպից հետո Ս. Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հյուրանոցում ինչ-որ հանդիպման էր, սակայն քիչ անց հյուրանոց է եկել նաեւ Ս. Խաչատրյանը ու` տեսնելով իրեն` հարձակվել է վրան: «Այդ պահին ես հանդիպման էի «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում: Պետք է գնայի «Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն` ուղիղ եթերի, եւ ներս մտավ Սուրեն Խաչատրյանը: Ու միանգամից հարձակվեց: Նա փորձում էր ոտքով խփել, բայց երեւի նրա մոտ չստացվեց դա, հետո սկսեց ձեռքով փորձել: Այնտեղ տղամարդիկ կային, ու նրան քաշեցին-տարան: Այո՛, նա ձեռքով խփում էր իմ գլխին»,- մեզ հետ զրույցում ասաց Ս. Համբարձումյանը: Նրա խոսքով` դեպքը տեղի է ունեցել ժամը 16:55-ի սահմաններում, երբ ինքը գնացել էր գործնական հանդիպման: Հարցին, թե մարզպետը տեղյա՞կ էր իր գտնվելու վայրի մասին, Ս. Համբարձումյանը պատասխանեց. «Ոչ, նա չգիտեր, նա անակնկալի եկավ, ասաց` սպասի՛ր, ես էլ պատասխանեցի, որ հանդիպման եմ, որ մեկ ուրիշ օր կզանգենք-կհանդիպենք: Ինքը երեւի դա չլսեց: Ինձ ոչ մի բան չասաց` ուղղակի հարձակվեց վրաս, կամ, եթե ասել է` ես չեմ լսել»: Ս. Համբարձումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է դիմել ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` «Արմենիա Մարիոթից» տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը վերցնելու համար: Մեր հաջորդ հարցին, թե ովքե՞ր էին այն տղամարդիկ, ովքեր մարզպետ Ս. Խաչատրյանին փորձում էին մի կողմ «քաշել», Ս. Համբարձումյանը պատասխանեց. «Պատահական մարդիկ էին: Նրան չէին սպասում: Իսկ կատարվածը նրա խուլիգանության վերջին աստիճանն էր: Նա ապացուցեց, որ ինքը խուլիգան է, եւ Սյունիքի մեծ մարզի մարզպետ է: Ես իմ անվտանգության համար պետականորեն դիմելու եմ ոստիկանապետին»: Ս. Համբարձումյանի խոսքով` մարզպետի կողմից հարվածների «տեղատարափ» չի եղել, ինչպես որոշ ԶԼՄ-ներ են ներկայացրել. «Ինչը չի եղել` չեմ կարող ասել: Նա մեկ անգամ հարվածել է իմ գլխին, եթե չբռնեին` միգուցե պատերազմը շարունակվեր»,- նկատեց գործարար կինը: Ավելի ուշ Ս. Համբարձումյանը հայտարարել է, որ մարզպետի հետ բախման ժամանակ միջամտել են ԱԺ պատգամավորներ Խաչիկ Մանուկյանն ու Սամվել Սարգսյանը, ովքեր նրա հետ են եղել այդ պահին: «Այո՛, բոլորն էլ փորձեցին: Իրան բռնեցին, ասեցին` հո դու խուլիգա՞ն չես: «Մաքս գրուպի» Խաչիկ Մանուկյանն էր, Սամվելը Սարգսյանը` «Արարատ Հայաթի» (երկուսն էլ ԱԺ պատգամավորներ են.- Մ.Մ.), մի հոգի էլ կար` դեմքով չեմ ճանաչում: Դե, նկարահանվում է «Մարիոթ» հյուրանոցի ներսը, կարող եք նկարն ուզել»,- պատմել էր կին գործարարը: ԶԼՄ-ներից մեկի այն հարցին, թե արդյո՞ք իրականում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարվածել է գործարար կին Սիլվա Համբարձումյանին, ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը պատասխանել էր. «Ես ուշացումով եմ մտել «Մարիոթ» եւ չտեսա` իրականում ինչ էր եղել այնտեղ»: Երեկ հյուրանոցում տեղի ունեցած դեպքի առնչությամբ փորձեցինք որոշ տեղեկատվություն ստանալ նաեւ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից, ով, սակայն, այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: