Կալանավորվել է 6-րդ վարչության օպերը

15/11/2011

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նոյեմբերի 14-ին կալանավորվել է ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության ՀԿԳ ավագ օպերլիազոր Մ.Բաղդասարյանը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ (ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով): Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` ավագ օպերլիազորն իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. շուրջ երկու տարի իմանալով հետախուզվող Տ.Հ.-ի գտնվելու վայրը` միջոցներ չի ձեռնարկել նրան կալանավորելու ուղղությամբ: Որոշ տեղեկություններով, նա նույնիսկ խորհուրդներով աջակցել է Տ.Հ.-ին իրավապահ մարմիններից թաքնվելու գործում: Իսկ վերջինս, գտնվելով ազատության մեջ, նոր հանցագործություն է կատարել: Դատարանի որոշմամբ Մ. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորում: Նախաքննությունը շարունակվում է: