Ինչպես են հայերը «կռուտիտ» լինում

18/11/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Քաղաքական գործիչը պետք է կարողանա կանխատեսել, թե ինչ կկատարվի վաղը, մեկ շաբաթ հետո, մեկ ամիս հետո եւ մեկ տարի հետո: Իսկ հետո բացատրի, թե ինչու այդ ամենը չկատարվեց:
Ուինսթոն Չերչիլ

Ես համոզված եմ, որ «այո»-ի կողմնակից մի քանի «ժուժու հայ մտավորականներ» եւ մի քանի «ոչ»-ի կողմնակից, ոչ պակաս «ժուժու, այսպես կոչված, լիբերալ արժեքների դավանող, ընդդիմադիր գործիչներ» զզվում են այնպիսի արտահայտություններից, որոնցից է, օրինակ, «կռուտիտը»: Ասեմ, որ ինքս էլ հաճույքով չեմ օգտագործում նման բառեր: Սակայն այն պարագայում, երբ նման մարդիկ ազգի մտավորական կամ «էլիտա» են դառնում միայն «այո»-ի կամ «ոչ»-ի հացփորի համար, իսկ մնացած ժամանակ անհամբեր սպասում են, թե երբ պետք է մի նոր միջոցառում լինի, որ կուշտ փորով հաց ուտեն եւ, որ ամենակարեւորն է, մի երկու բաժակ «ֆիրմա բան» խմեն, նման բառերի լայնամասշտաբ օգտագործումը դառնում է անխուսափելի: Եվ այդ պարագայում արդեն ես ինձ մեղավոր չեմ զգում: Որովհետեւ առնվազն ինձ ազգի մտավորական կամ «էլիտա» չեմ համարում:

Իրականում «կռուտիտը» հին հայկական «տակից դուրս գալն է»: Եվ այս պարագայում, նույն մտավորականները «կռուտիտի» խնդիր չունեն, որովհետեւ նրանք ինքնակամ են մտել «տակը» եւ այնտեղից դուրս գալ չեն էլ ուզում: Փաստորեն, «կռուտիտի» խնդիր չունեն նաեւ նրանք, ովքեր հանգամանքների բերումով միշտ վերեւում են: Ստացվում է, որ այս խնդիրը «չոքել» է միայն այն մարդկանց դռանը, ովքեր «մեկ տակն են, մեկ վերեւում»: Օրինակ, եվրոպական արժեքներից առավելապես գերմանականը նախընտրող Շավարշ Քոչարյանը չի կարողանում «կռուտիտ» լինել: Այս հարցը, փաստորեն, ավելի բարդ է, քան 60-70-ականների «ԿՎՆ ռազմինկան», որտեղ նա ավելի հեշտությամբ էր կարողանում պատասխան գտնել: Դե ինչ, ցավակցենք պարոն Շ. Քոչարյանին եւ անցնենք առաջ: Միացյալ աշխատանքային կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանը բազմիցս նշել է, որ եթե սահմանադրական փոփոխությունների մեջ մնա երկքաղաքացիության դրույթը, ապա ՄԱԿ-ը «ոչ» է ասելու այս փոփոխություններին (դա նշվել է ինչպես կուլուարային զրույցների ժամանակ, այնպես էլ պաշտոնական հայտարարությունների տեսքով): Սկզբից ամեն ինչ այդպես էլ գնում էր: Սակայն ինչ-որ պահի նրան հիշեցրին, օրինակ, «Կենտրոն» հեռուստաընկերության պատմությունը, հետո այն, որ «Կենտրոնը» վերջին բանը չէ, որ ինքը կարող է կորցնել, եւ մի գեղեցիկ օր, քանդվող «Երիտասարդական պալատի» ողջ մակերեսով, բոլորս ականատես եղանք պարոն Արսենյանի «կռուտիտին»: Մոտավորապես նույն սկզբունքով` ինչպես նա ժամանակին «կռուտիտ» էր լինում` շնորհակալություն հայտնելով հայրենի ոստիկանությանը ապրիլի 12-13 դեպքերի համար: Եթե հիշում եք, այն ժամանակ «կռուտիտը» չանցավ:

Մենք այդպես էլ չհասկացանք, թե ինչպես է Հանրապետական կուսակցությունը «կռուտիտ» լինում նույն այս սահմանադրական փոփոխությունների առաջին եւ երկրորդ ընթերցումներին իրարամերժ տեքստեր ներկայացնելիս: Սակայն, ինչպես քիչ առաջ նշել էի, վերեւները «կռուտիտի» կարիք չունեն: Առայժմ:

Իհարկե, ամենաֆենոմենալը դաշնակների «կռուտիտն» է: Նրանք հասկացել են, որ մենաշնորհը վատ բան չէ: Գիտե՞ք, պարոնայք, 70 տարի շարունակ կոմունիստների օրոք բոլոր ոլորտները պետական մենաշնորհ էին: Եվ ասեմ, որ այն ժամանակ իրոք կոռուպցիան այս աստիճանի աննորմալ չափերի չէր հասնում (ինչքան էլ դա տարօրինակ հնչի ձեզ համար, բայց դա, ինչ-որ անհասկանալի, միջազգային կազմակերպություններ մեզ համար կարողացել են չափել):

Միանալով ընդդիմադիր ընդհանուր դաշտին, այս հարցում Գեղամյանը կարողացավ «կռուտիտ» լինել: Իմիջիայլոց, մեր քաղաքական դաշտի ամենադասական «կռուտիտի» մասնագետը, որի համար մինչ օրս «կռուտիտ» էին լինում նրա կուսակիցները, սիրում է փիլիսոփայական մտքերով եւ աստվածաշնչյան ցիտատներով «լապշա կախել բոլորի ականջներին»: Բայց ես չեմ կարողանում ոչ մի կերպ պատկերացնել, թե այդ մեթոդներով նա ինչպես է ուզում «կռուտիտ» լինել Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցության հիմնադիր համագումարին չներկայանալու համար:

Ոչ պակաս դասական է «Օրինաց երկիրն»` իր առաջնորդով: Մինչ օրս նրանք ունեցել են «կռուտիտի» մեկ տարբերակ` «Մենք քիչ ենք, նրանք շատ»: Չնայած փորձը ցույց է տալիս, որ երբ իրենց ձեռք է տալիս, իրենք միշտ նրանց կողմն են անցնում: Իսկ վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանն ավելի շատ մտածում է ոչ թե «կռուտիտի», այլ` «ռասկռուտկայի» մասին (դա երեւի ԱՄՆ կամ Ռուսաստան այցելելուց հետո է, քանի որ աշխարհում ամերիկացիների եւ ռուսների նման «ռասկռուտկայի» մասնագետներ այլ երկրներում չկան): Նա հասկացել է, որ ճիշտ «ռասկռուտկայի» դեպքում ինքը կհայտնվի այնտեղ, որտեղ «կռուտիտի» կարիք չի զգացվում:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա մի մասը «կռուտիտ» է լինում արտագաղթի միջոցով, մյուս մասը` սփյուռքում գտնվող հարազատների, իսկ մնացածները փորձում են «տակից դուրս գալ»:

Ես չգիտեմ, թե որտեղից է գալիս «Տակից դուրս գալ» արտահայտությունը: Համարձակվում եմ ենթադրել: Հայերի մոտ միշտ էլ տարածված են եղել ժամանակակից ըմբշամարտի ազգային ձեւերը` կոխը, գյուլաշը, «խուժան կռիվը» եւ այլն: Իսկ այդ մարտաձեւերում հաղթելու համար պետք է մրցակցին գցել «տակը» եւ երկու թիակները կպցնել գետնին: Եթե «տակը» գտնվող մրցակցի թիակները գետնին չեն կպել, նա չի համարվում պարտված: Բայց հաղթելու համար նա, առաջին հերթին, պետք է կարողանա տակից դուրս գալ: Սպորտում այդպիսի դեպքեր շատ են գրանցվել, երբ սպորտսմենը ոչ միայն դժվարին դիրքից դուրս է եկել, այլեւ կարողացել է հաղթել մրցակցին: Այսօր Հայաստանում այդ մարզաձեւերը «տակն են» գտնվում, ինչպես նաեւ` ողջ ժողովուրդը: Սակայն ես լավատես չէի լինի, եթե չասեի, որ «տակն» են, բայց թիակները գետնին չեն կպել: Իսկ ես համոզված եմ, որ չեն էլ կպնի: Ավելին, ժողովուրդը ոչ միայն կկարողանա «տակից դուրս գալ», այլեւ կհաղթի: Որովհետեւ, եթե «ըմբռնումի կռուտիտն» այս ժողովրդի մոտ չանցավ, չեմ կարծում, որ այսօրվա «կռուտիտները» կանցնեն:

Անկուսակցական հայ` Ա.Ք.