ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի եւ Հս. Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը երեկ ամփոփել է Հայաստանում իր գործունեության չորս տարիները: Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին` նա ասել է, թե կցանկանար տեսնել ՀՀ նախագահի` 2008-ին սկսած ֆուտբոլային դիվանագիտության արդյունավետ շարունակությունը: «Մենք այսօր ունենք ավելի բաց հարաբերություններ, որոնց կարգավորման ընթացքը դանդաղ է»,- ասել է դեսպանը: Խոսելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին, նա նկատել է. «Պետական մակարդակով արդյունքներն ավելի քիչ են, քան ցանկալի է»: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ներքաղաքական զարգացումներին, ապա Չարլզ Լոնսդեյլը նշել է. «Մենք ողջունում ենք նախագահի այն հայտարարությունը, որ պետք է տարանջատել իշխանություն-բիզնես հասկացությունը, որը պետք է իրականացվի խորհրդարանում: Մենք ողջունում ենք նախագահի եւ վարչապետի այն հայտարարությունը, որ գալիք ընտրությունները պետք է լինեն ամենահաջողվածը»: Նա նաեւ կարեւորել է երիտասարդության կողմից աղմկահարույց խնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրությունն ու հետեւողականությունը. «Ես ուրախ եմ տեսնել, որ մարդիկ ակտիվորեն քննարկում են ամեն տեսակի ոտնձգությունները բանակում, բնապահպանության բնագավառում, սակայն դա ընդունելի չէ իշխանությանը»: Չարլզ Լոնսդեյլը տարածաշրջանային առաջնահերթություն է համարում հակամարտությունների կանխումն ու խաղաղության հաստատումը: «Մենք կենտրոնանում ենք մարդկանց միջեւ հարաբերություններին, բանակցային գործընթացներում ներգրավված չենք, փորձում ենք մարտահրավեր նետել կանխակալ կարծիքներին: Մենք հետաքրքրված ենք մարդու իրավունքների կառավարմամբ եւ ժողովրդավարության հաստատմամբ»,- ասել է դեսպանը: Սակայն դեսպանի համար ամենակարեւոր փաստը, որ արձանագրվել է Հայաստանում լինելու իր 4 տարիների ընթացքում, դա իր ամուսնությունն էր, որը, նրա խոսքով` իրեն ընդմիշտ կապել է Հայաստանի հետ:
Հիշեցնենք, որ Չարլզ Լոնսդեյլը հուլիսին ամուսնացել է դեսպանատան աշխատակցուհի Մարիա Սադոյանի հետ: «Հայուհի կինս ամենակարեւոր նվերն է ինձ համար»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Չարլզ Լոնսդեյլը: