Ամուսինն ու սկեսուրը գողացել են երեխային

15/11/2011 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

2010թ. «168 Ժամի» խմբագրություն էր դիմել անգիտակից, մահամերձ վիճակում ՀՀ Առողջապահության նախարարության «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ տեղափոխված 29-ամյա Արմինե Սահակյանի մայրը` Անուշ Խեչումյանը: Հիշեցնենք, որ Ա. Սահակյանի ամուսինը` Ռոբերտ Հովհաննիսյանը, եւ սկեսուրը` Արեւ Պողոսյանը, հղիության ինն ամիսների ընթացքում երիտասարդ կնոջ դեմ բռնություններ էին կատարել: Ծեծի ենթարկելուց բացի` Ա. Սահակյանին ընդհանրապես արգելել են տանից դուրս գալ. դրսից կողպելով դուռը` ստիպել են քնել այն բազմոցին, որի վրա մահացել է հոգեկան հիվանդ նախկին տանտերը: «Նրա մահից հետո այդ բազմոցը լվացել էին, եւ ես մշտապես քնել եմ այդ թաց բազմոցին: Ես ամիսներով, գրեթե մեկ տարի արեւի լույս չեմ տեսել: Թույլ չէին տալիս եւ հսկում էին տան հեռախոսազանգերը, որպեսզի ես որեւէ մեկին տեղյակ չպահեմ իմ վիճակի մասին»,- մեզ հետ զրույցում պատմում էր Արմինեն, ով ամուսնական համատեղ կյանքից շատ չանցած` ընկել է անկողին (մենք մանրամասն ներկայացրել ենք բռնության փաստերը): Նշենք, որ մինչ ամուսնությունը Արմինեն առողջական որեւէ խնդիր չի ունեցել: Արմինեն, թեեւ մշտապես գանգատվել է իր վիճակից, սկեսրոջն ու ամուսնուն խնդրել է բժշկի տանել, սակայն անգամ այդ վիճակում սկեսուրը ննջարանի դուռը դրսից փակել է եւ ուշադրություն չի դարձրել մահամերձ վիճակում գտնվող հարսի վրա: Հարեւանների պահանջով Արմինեին տեղափոխել էին հիվանդանոց, որտեղից սկեսուրը` Ա. Պողոսյանը, զանգահարել էր նրա մորը` Ա. Խեչումյանին, եւ ասել` «Եկեք Ձեր դիակին տարեք»: Երիտասարդ կնոջն անմիջապես տեղափոխել էին Տուբդիսպանսեր: Մեր այցելության ժամանակ Արմինեի վիճակը ծանր էր, բժիշկները նրա կյանքը փրկելու հույսեր չէին տալիս` ասելով, որ նրան դիսպանսեր են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում: Չնայած այդ ամենին, Արմինեի կյանքը փրկվել է: Ա. Խեչումյանն ասում է` «Աղջիկս հրաշքով փրկվեց»:

Այս դաժան պատմությունից անցել է մեկ տարի: Արմինեն այժմ արդեն իրեն բավական լավ է զգում, նույնիսկ աշխատում է: «Անկեղծ ասած` չգիտեմ որքան կապրի, բայց տառապում է: Ահավոր տանջվում է երեխայի համար»,- ասում է մայրը` վստահեցնելով, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի իրավապահ մարմիններն ի զորու չեղան գտնել Արմինեի որդուն` երեք տարեկան Գոռին: Հիշեցնենք, որ հիվանդանոց տեղափոխվելուց հետո Արմինեի ամուսինն ու սկեսուրը թույլ չեն տալիս երեխային տեսակցել: «Հասկանո՞ւմ եք, ես մեկ ու կես տարի որդուս չեմ տեսել: Ես շատ դժբախտ եմ ու չգիտեմ` էլ ո՞ւմ դիմեմ, որ ինձնից ծնված երեխայիս ինձ վերադարձնեն: Այս ամբողջ պատմությունն իր մանրամասներով ներկայացրել եմ Ոստիկանությանը, Դատախազությանը, բայց… Փաստորեն Հայաստանում բռնությունն օրինական է, եւ պետք է դրա հետ հաշտվել: Ասում են` մարդու իրավունքների պաշտպանություն, բայց մարդն իրավունքներ ունի՞, որ պաշտպանեն: Ես որդուս նկատմամբ իրավունք ունե՞մ: Ո՞ւմ դիմեմ, ասե՛ք: Դիմում եմ դատարան, ասում են` երեխայի հասցեն ասեք: Ո՞նց ասեմ, եթե երեխայիս վերցրել փախել են, ոչ տեղը գիտեմ, ոչ էլ հեռախոսի համար են թողել»,- ասում է Արմինեն` վստահեցնելով, որ նույնիսկ դիմել է ՀՀ Գլխավոր դատախազություն, որտեղ, սակայն, այնքան կարեւոր գործերով են զբաղված, որ որդուն մորը վերադարձնելու համար քննություն կատարելու ժամանակ չունեն: Ա. Սահակյանը վստահեցնում է, որ ամուսինն ու սկեսուրը, ովքեր բնակվում էին վարձակալած բնակարաններում` տեղափոխվելով այլ հասցե, դիտավորյալ վերացրել են իրենց հետքերը, որպեսզի ինքը որդուն տեսնելու փորձ չկատարի: Ի դեպ, Ա. Սահակյանի եւ Ռոբերտ Հովհաննիսյանի ամուսնությունը գրանցված չէ, ինչը բարդացնում է այս հարցը դատական ատյաններում վիճարկելու համար: Չնայած դրան, միանշանակ է, որ նրա մայրական իրավունքները ոտնահարված են, եւ երեխային Ա. Սահակյանից խլել են ապօրինաբար: «Հասկանո՞ւմ եք, ես չգիտեմ` ո՞ւմ դիմեմ: Գրպանս լիքը չի, ու ոչ էլ վիզս հաստ է, որ կարողանամ հայտնաբերել` որտե՞ղ են, ու Գոռիս վերցնեմ` մորս տուն բերեմ: Դիմում եմ Ոստիկանություն` ոչ մի գործողություն, դիմում եմ Գլխավոր դատախազություն` լռություն, դիմում եմ դատարան` ասում են` պիտի երեխայի հասցեն ասես: Եթե ես հասցեն իմանամ` կգնամ կհետեւեմ ու երեխայիս կփախցնեմ կտանեմ իմ մոտ: Չէ՞ որ մայրն եմ, ու ամենաշատ իրավունքն ինձ է պատկանում: Ասեք, խնդրում եմ, ի՞նչ անեմ: Դիմել էի երեխաների պաշտպանության հարցերով զբաղվող մի կազմակերպության. նրանք էլ ասում են` հասցե տուր: Ասում եմ` ախր դիմել եմ, որ դուք ինձ օգնեք, գտնեք, խորհուրդ տաք, թե ինչ անեմ, բայց դո՞ւք եք ինձնից հասցե ուզում: Բա ինչո՞ւ եմ դիմում ձեզ»: 2010թ. ապրիլին Ա. Սահակյանը Ոստիկանությունում ամուսնու եւ սկեսրոջ կողմից բռնության ենթարկվելու մասին հայտարարություն էր ներկայացրել: Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչ, մայոր Մ. Գեւորգյանը վերանայելով Ա. Սահակյանի հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերը` որոշել է քրեական գործը մերժել` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Ի դեպ, Մ. Գեւորգյանի նախապատրաստած նյութերն ուսումնասիրելիս` նկատեցինք, որ քննիչն ընդամենն արձանագրել է այն վկայությունները, որոնք տվել են Ա. Սահակյանի ամուսինը, սկեսուրը եւ հարեւանները (մեկ տարի առաջ ամուսինն ու սկեսուրը երեխայի հետ բնակվում էին Աջափնյակ վարչական շրջանում վարձակալած բնակարանում, որտեղից էլ նրանց հետքը կորել է): Սակայն գործի նյութերում առկա Տուբդիսպանսերի փոխտնօրենի ախտորոշումը բավական հետաքրքիր է եւ կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ. «ՀՀ ԱՆ «Հանրապետական հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի փոխտնօրեն Լեւոն Աբգարյանն իր բացատրությամբ նշել է, որ Ա. Սահակյանը 23.01.2010թ. թոքերի դիսեմինացված տուբերկուլյոզ ինֆիլտրացիայի եւ քայքայման փուլում, ԲԿ +(դրակ.), տոքսիկ հեպատիտ, թոք-սրտային անբավարարություն 2-րդ աստիճանի ախտորոշմամբ մինչ օրս ստացիոնար բուժման մեջ է, եւ իրենք չեն կարող նշել, թե նա երբ եւ ինչ պատճառով է հիվանդացել, սակայն նշում է, որ տուբերկուլյոզ հիվանդությունը կարող է առաջանալ միայն տուբերկուլյոզի հարուցիչների առկայության դեպքում, կենցաղային վատ պայմանները, վատ սնունդը, մրսական հիվանդությունները, հոգեկան ցնցումները միայն կարող են նպաստել հիվանդության զարգացմանը»:

Փաստորեն, քննիչ Մ. Գեւորգյանը, հիմնվելով Ա. Պողոսյանի եւ Ռ. Հովհաննիսյանի վկայությունների վրա` համարել է, որ վերջիններս Ա. Սահակյանին շատ լավ են վերաբերվել, եւ քրեական գործ հարուցելու հիմքեր չկան: «Սկզբում ամաչում էի դիմել օրենքին` հասկանալով, որ երեխա ունեմ: Հետագայում տեսնելով, որ նույն կերպ կարող են որդուս հետ վարվել, եւ լսելով մորս խորհուրդը` որոշեցի ամեն ինչ մի կողմ դնել ու պայքարել իմ իրավունքների համար: Իմ դիմումները, հայտարարությունները թե՛ Ոստիկանությունում, թե՛ Դատախազությունում քնեցին: Իրենք չեն հասկանում, որ մարդու կյանքի հետ անտարբեր վարվելը ճակատագրական է: Ես խորապես հիասթափված եմ, որովհետեւ կարծում էի` եթե խոսեմ` կվերականգնեմ իրավունքներս: Բայց արի ու տես, որ օրենքի մարդիկ թքած ունեն իմ նման անթիկունք մարդու վրա: Ո՞նց գտնեմ երեխայիս, ասեք, խնդրում եմ, ինձ մի ուղղություն ցույց տվեք»,- ասում է Ա. Սահակյանը, ով մոր` Ա. Խեչումյանի հետ եկել էր խմբագրություն` խնդրելով գոնե լրատվամիջոցների օգնությամբ երեխային իրեն վերադարձնելու հարցում արժանանալ համապատասխան մարմինների ուշադրությանը: Այնուամենայնիվ, փաստ է, որ Ա. Սահակյանն ուղիղ երեք տարի առաջ ծննդաբերել է, որդի է ունեցել, որին Գոռ անունն է տվել: Փաստ է նաեւ, որ արդեն մեկ ու կես տարի նա չի տեսել որդուն եւ դիմելով իրավապահ մարմիններին` փորձել է որդուն գտնել:

Հետաքրքիր է` ինչո՞ւ Ոստիկանությունը հետախուզման հայտարարություն չի տալիս: Ա. Սահակյանին մենք խոստացանք այս փաստերը ներկայացնել Կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին:

Հ.Գ.
2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Ա. Սահակյանի հիվանդությունն, ըստ բժիշկների, վտանգ չի սպառնում մարդկանց համար եւ չի համարվում վարակիչ: Այնպես որ, երեխայի` Գոռի խնամքի հարցում հիվանդությունը չի կարող օգտագործվել իբրեւ պատրվակ: