Այսօր` ընդդեմ «168 Ժամի»
Այսօր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասությունների դատարանում կշարունակվի Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանի եւ նրա որդու` ընդդեմ «168 Ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի դատական նիստերը: Նախկին տնօրինուհին ու նրա անչափահաս որդին` Տիգրան Տերտերյանը, հայցադիմում են ներկայացրել իրենց «պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները» հերքելու պահանջով եւ զրպարտության մեղադրանքով` պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում: Նախկին տնօրինուհին հայցապահանջ է ներկայացրել այն պատճառաբանությամբ, թե թերթը վիրավորել է իր պատիվն ու արժանապատվությունը, եւ մասնավորապես պահանջում է հերքել մայիսի 26-ին հրապարակված «Տնօրենը ԿԳՆ-ին դատի է տվել» հոդվածի հետեւյալ հատվածը. «Հիշեցնենք, որ խոսքը դպրոցում բարոյահոգեբանական անառողջ մթնոլորտ ստեղծած, աշակերտներին սեռական բնույթի վիրավորանքներ-հայհոյանքներ տվող տնօրինուհու մասին է»: Նախկին տնօրինուհին «168 Ժամ» թերթից եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանից համապարտության կարգով պահանջում է բռնագանձել 2 մլն դրամ: «168 Ժամը», որպես ապացույց, դատարանին է ներկայացրել համապատասխան ձայնագրությունները, որտեղ դպրոցի նախկին եւ ներկա աշակերտները, ուսուցիչները, ծնողները պատմում են դպրոցի նախկին տնօրինուհու պահվածքի եւ օրինախախտումների մասին: Մենք նաեւ դատարանին ենք ներկայացրել դպրոցի աշակերտների, ծնողների, Էջմիածնի բնակիչների այն նամակները, որոնցում ներկայացվում էին Ս. Նազարյանի ու նրա ղեկավարած դպրոցում տիրող բարքերի մասին փաստերը: Ինչեւէ, մեր կողմից ապացույցներ ներկայացնելուց հետո հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց դատարանին` մեկ շաբաթ ժամանակ տալ` ձայնագրություն-փաստերին ծանոթանալու համար: Դատարանը բավարարեց նրա միջնորդությունը: «168 Ժամը» դատարանին առաջարկեց դատարան հրավիրել Ս. Նազարյանի մասին տեղեկություններ տրամադրած աշակերտներին եւ ծնողներին, ովքեր պատրաստ են հաստատել հոդվածում հրապարակված տեղեկատվությունը: Հիշեցնենք նաեւ, որ «168 Ժամում» հրապարակված հոդվածից հետո քրեական գործ է հարուցվել դպրոցում տիրող իրավիճակի առիթով:
Դպրոցի նախկին տնօրինուհու անչափահաս որդին` Տիգրան Տերտերյանը եւս թերթից պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցում` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար: Հայցվոր կողմն իրեն վիրավորված է համարում այն բանի համար, թե իբր թերթը Տ. Տերտերյանին մեղադրել է դպրոցի փաստաթղթային արխիվը հրդեհելու համար: Սա` այն դեպքում, երբ թերթը գրել էր հետեւյալը. «Ի դեպ, ըստ Էջմիածնի բնակիչների` օրեր առաջ դպրոցի նախկին տնօրենի որդին այրել էր դպրոցի փաստաթղթային արխիվը»: Դատական նիստերը կշարունակվեն այսօր` նոյեմբերի 15-ին` ժամը 11:00-ին եւ 12:00-ին: Ի դեպ, այսօր ժամը 11:30-ին ՀՀ Սահմանադրական դատարանում քննվելու է նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի կողմից ներկայացված հայցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:
Ընդդեմ «Ժողովրդի»
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրեց, որ այսօր ժամը 11-ին Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում (Դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ) կլսվի ՀՀ-ում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: «Հիշեցնենք, որ «Ժողովուրդը» սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված «Դոկտոր պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի եւ իր գործընկերոջ` Արմեն Ասրյանի խոսքերը, ովքեր պատմել են, թե ինչպես է Հարությունյանը իրենցից վերցրել 294 հազար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում: Թեեւ հրապարակման մեջ ներկայացված է նաեւ Բենիկ Հարությունյանի եւ իր փաստաբանի խոսքը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ խորհրդականը որոշել է վիրավորվել «Ժողովուրդ» օրաթերթից` պահանջելով 2.2 միլիոն դրամ: «Ժողովուրդ»-ի դեմ ներկայացված մյուս հայցի քննությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին, ժամը 14:00-ին, Գավառ քաղաքում: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցով էլ Գեղարքունիքի մարզպետ, ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանը 2,5 մլն դրամ գումար է պահանջում օրաթերթից: Նա էլ վիրավորվել է, որ «Ժողովուրդը» հրապարակել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի դպրոցի ուսուցչի քննության մասնակից Աննա Թորոսյանի խոսքերն այն մասին, որ մարզպետը 3000 ԱՄՆ դոլար կաշառք է վերցրել` իր մրցակցի հաղթանակն ապահովելու համար»,- տեղեկացնում է «Ժողովուրդը»:
Ընդդեմ «Հետքի»
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, երեկ սկսվել է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն` ընդդեմ «Հետք» թերթի: Համայնքապետը թերթի թղթակցին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը արատավորելու մեջ: Նա պահանջում է զրպարտության համար պարտավորեցնել պատասխանող լրատվամիջոցին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից, եւ «Հետքից» հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ` դատական ծախսերը: Երեկ նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է` այս գործով որպես 3-րդ անձ ներգրավված «Հետք» պարբերականից ներկայացուցիչ չլինելու, ինչպես նաեւ պատասխանողի անձնագրի ժամկետը լրացած լինելու պատճառով: Դատական նիստը նշանակվեց գալիք տարվա հունվարի 13-ին: