Դիմակ չոր մաշկի համար. Խառնեք 50 մլ կիտրոնի հյութը, 100 գ մեղրը (հեղուկ), ավելացրեք այնքան կարտոֆիլի օսլա, մինչեւ համասեռ զանգված ստացվի։ Պահեք դեմքին 15 րոպե, լվացեք սառը ջրով, շարունակեք մեկ շաբաթ։
Թարմացնող դիմակ. Հարեք 1 ձվի սպիտակուցը, ավելացրեք 1-ական թ/գ մեղր, հում կաթ, կիտրոնի հյութ եւ ցորենի թեփ։ Պահեք դեմքին 15 րոպե, հանեք գոլ թրջոցով։
Դիմակ պեպենների դեմ. Խառնեք 1 ճ/գ լոբու եփած հատիկները, 1 թ/գ բուսական յուղը, 2 թ/գ կիտրոնի հյութը, գոլ վիճակում 20 րոպե պահեք դեմքին, լվացեք գոլ ջրով։
Եղունգներն ամրացնող թուրմ
– 2 ճ/գ եղեսպակը 30 րոպե թրմեք 100 մլ եռջրի մեջ, քամեք, ավելացրեք 40 մլ ձիթապտղի յուղ, մեկական թ/գ ծովի աղ եւ կիտրոնի հյութ։ Եղունգները 5-10 րոպե պահեք այդ լուծույթի մեջ։
– Մերսեք մատների ծայրերը կիտրոնի հյութով, եղունգները կդառնան ավելի հարթ եւ փայլուն։
Լոսյոն նորմալ մաշկի համար. Լվանալ 3 կիտրոնները, կեղեւով հանդերձ` մանր կտրատել, ավելացնել 500գ մեղր, 4 օր թողնել մութ տեղում: Առանձնացնել (որքանով հնարավոր է) կիտրոնի զանգվածը, վրան լցնել 1/2 բաժակ եռացրած ջուր: Դեմքին քսել թանզիֆով կամ անձեռոցիկով: 15-20 րոպե անց դեմքը լվանալ տաք ջրով եւ օճառով:
Երիտասարդացնող դիմակ. 1 ձվի դեղնուցը հարել1/2 թ/գ մեղրով, ավելացնել 3-4 կաթիլ բուսական յուղ, 10 կաթիլ կիտրոնի հյութ եւ 1թ/գ ալյուր: Դիմակը դեմքին թողնել 20 րոպե, ապա գոլ ջրով լվանալ:
Դիմակ մեղրով եւ ալյուրով. Խառնել 2ճ/գ ալյուրը եւ 2ճ/գ մեղրը, ավելացնել 1 ձվի հարած սպիտակուցը: Դիմակը քսել դեմքին եւ թողնել 20 րոպե, ապա գոլ ջրով լվանալ:
Ձեռքերի խնամք
– Հարեք 1 ձվի դեղնուցը, ավելացրեք 25 գ նուշի յուղը, 25 գ կիտրոնի հյութը, 1 ճ/գ մեղրը։ Քսեք ձեռքերին, հագեք բամբակե ձեռնոցներ, 1 ժամից լվացեք գոլ ջրով։
– Խառնեք վուշի յուղը, մեղրը, կիտրոնի հյութը (մեկական ճ/գ), քսեք ձեռքերին, հագեք ձեռնոցներ, 3 ժամից լվացեք խաշած կարտոֆիլի թուրմով (կամ ջրով)։