Հայաստանում բուքմեյքերական գրասենյակների բիզնեսը գնալով հաստատուն դիրքեր է գրավում: Դրա ապացույցն է Երեւանում օրեցօր ավելացող գրասենյակների քանակը: Իսկ պատճառն էլ հավանաբար այն է, որ կազինոները հանվեցին քաղաքի կենտրոնից, եւ խաղամոլները փորձեցին բացը լրացնել սպորտային խաղերի գուշակությամբ: Եթե կազինոներում հաղթելը պատահական կամ, այսպես ասած, բախտի բերմամբ էր, ապա տոտալիզատորական խաղերի դեպքում շատ կարեւոր են սպորտային գիտելիքները եւ տրամաբանությունը: Հայաստանում բուքմեյքերական երեք տիպի գրասենյակներ կան՝ «Եվրաֆուտբոլը», «Տոտոն» եւ «Վիվառոն»: Այս երեք գրասենյակներում տիրող մթնոլորտից թվում է, թե ավելի տարածված է նախ «Վիվառոն», «Եվրոֆուտբոլը», հետո միայն` «Տոտոն»: Բայց սա` առաջին հայացքից, որովհետեւ այս գրասենյակների մասին տեղեկատվությունը շատ «փակ» է: Մեր ջանքերը՝ հանդիպել այս 3 ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ որոշ տեղեկություններ ստանալ, զուր անցան: Չգիտես ինչու բոլորը խուսափում էին հանդիպելուց եւ բոլորն էլ նույն միտքն էին ասում, թե «ուզում եք գրել, որ կազինոների օրը գցեք՝ քաղաքից դուրս հանեն»: Այս միտքը եւ բուքմեյքերական գրասենյակների շուրջ թանձրացած խորհրդավոր մթնոլորտը ենթադրել է տալիս, որ այստեղ ինչ-որ բան այն չէ:
Ընդունված կարծիք է, որ պետական նշանակության գաղտնիքներից բացի, հիմնականում թաքցնում են միայն հանցագործությունների եւ ֆինանսների մասին տեղեկատվությունը: Հանցագործություն, ավելի ճիշտ` կեղծիք, այս բնագավառում, Հայաստանում, որպես այդպիսին, չկա: Դա լինում է ավելի բարձր մակարդակով, Հայաստանից դուրս. բուքմեյքերական խոշոր ընկերությունները կաշառում են մրցավարներին, նաեւ` թիմերին, եւ խաղը շեղում են իր բնական ընթացքից: Նախօրոք պայմանավորվածություն են ձեռք բերում խաղի արդյունքների մասին եւ բարձր գործակիցներով խաղադրույք են կատարում: Համաշխարհային սպորտում այդպիսի դեպքեր միշտ էլ եղել են: Իսկ մեզ մոտ այդ խորհրդավորությունը կարելի է բացատրել հիմնականում ֆինանսական, ավելի ճիշտ` թաքնված ֆինանսների պատճառներով, մեկ էլ, թե այս ընկերությունների մեջ ովքեր են «փայ» մտած:
Իսկ ավելի հստակ պատկերացնելու համար, թե այս բիզնեսն ինչ ծախսեր է ենթադրում կամ ինչքան շահույթ կարող է ապահովել, կատարենք մի քանի պարզ հաշվարկ: Բուքմեյքերական ընկերության մեկ կետ բացելու համար ամսական անհրաժեշտ է 100 դոլար՝ տարածքի համար, 100 դոլար` գոնե մեկ աշխատող ունենալու համար, 30 դոլար` ինտերնետի համար, կոմունալ վճարներն էլ գումարած՝ մոտ 250 դոլար: Բացի դրանից, անհրաժեշտ է նաեւ հեռուստացույց, կահույք, համակարգիչ, այսինքն` մոտ 1000 դոլարի ներդրում: Իսկ այս գրասենյակները հարկվում են հաստատագրված վճարով, ամսական խաղադրույքի 5 տոկոսի չափով: Փորձառուները հաշվել են, որ գոնե վնասով չաշխատելու համար այս կետերից յուրաքանչյուրը պետք է ընդունի ամսական 7000 դոլարի խաղադրույք: Յորաքանչյուր կետ իրավունք ունի որպես շահույթ իրեն պահել խաղադրույքների ընդհանուր գումարի 4 տոկոսը: «Խաղամոլները» հաշվարկել են, որ ամսական գոնե 250-280 դոլար ստանալու համար յուրաքանչյուր կետ պետք է ընդունի հենց 7000 դոլարի խաղադրույք: Իսկ այսքան խաղային կետեր որ բացվել են, ուրեմն շահույթ ունեն: Տրամաբանական է, որ վնասով աշխատելու դեպքում դրանք չէին բազմանա, կփակվեին: «Խաղամոլները» հավատացնում են, որ այս երեք գրասենյակները միասին ունեն 120-ից ավելի կետեր: Նրանք մեզ համոզում են, որ ամենավատ աշխատող կետը շաբաթական ստանում է ամենաքիչը 4000 դոլարի խաղադրույք, շաբաթ-կիրակի օրերին այդ թիվը կրկնապատկվում է: Այսինքն, յուրականչյուր կետ միջին հաշվով ամսական ընդունում է մոտ 15.000 դոլարի խաղադրույք:
«Էրեբունի» հյուրանոցում «Եվրոֆուտբոլը» մի կետ ունի,- պատմում է մեր զրուցակից «խաղամոլը»: -Այնտեղ, մանավանդ կիրակի օրերին, խաղադրույք անելու համար մեծ հերթ է գոյանում: Իսկ շաբաթ-կիրակի օրերին խաղացողների քանակը եւ խաղադրույքի չափը կրկնապատկվում է, որովհետեւ ուժեղ առաջնություն ունեցող երկրների խաղերն այդ օրերին են տեղի ունենում: Մեկ էլ պիկ է լինում Աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, ակումբային առաջնությունների ժամանակ: Այ, նոյեմբերի 20-ին խաղալու են «Ռեալն» ու «Բարսելոնը»: Փորձի համար գնացեք «Էրեբունի» հյուրանոց եւ կտեսնեք, թե ինչ է կատարվում: Իսկ Կասյան փողոցի վրա գտնվող «Պեգաս» խաղատանը շաբաթ-կիրակի օրերին մինիմալ խաղադրույքը սահմանել են 5000 դրամ, այնքան են «հաբռգել», որ դրանից պակաս չեն վերցնում: Ես խաղացող գիտեմ, որ ամիսը 1000 դոլարից պակաս չի դնում: Կրի-չկրի, կապ չունի»:
Իսկ հիմա ավելի պարզեցնենք, թե որն է այս բիզնեսի խորհրդավորության պատճառը: Մեր հաշվարկներով` այս երեք գրասենյակներից յուրաքանչյուրն ունի ավելի քան 40 կետ: Եթե յուրաքանչյուր կետ իր կենտրոնական գրասենյակին, ասենք` «Եվրոֆուտբոլին» կամ «Վիվառոյին», ամսական ապահովում են այդ մինիմալ 7000 դոլարի խաղադրույքն, ապա 40-ի դեպքում գումարը դառնում է 280.000 դոլար: Այս բուքմեյքերական գրասենյակները հարկվում են հաստատագրված վճարով, բոլոր կետերից հավաքած խաղադրույքի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: 280.000 դոլարի 5 տոկոսը կազմում է 14.000 դոլար, այսինքն ամսական այդքան հաստատագրված հարկ: Իսկ 9 ամսվա կտրվածքով` կլինի 126.000 դոլար, այսինքն՝ մոտ 57 մլն դրամի հաստատագրված հարկ: Իսկ ինչո՞ւ 9 ամսվա համար: Որովհետեւ վերջերս Հարկային պետական ծառայությունը հրապարակեց 9 ամսվա կտրվածքով 300 խոշոր հարկատուների ցուցակը, եւ այս երեք գրասենյակներից ոչ մեկն այդ ցուցակում չկար: Միգուցե ընկերությունները գրանցված են ա՞յլ անունով, դա արդեն մենք չգիտենք, եւ իրենք էլ չուզեցին մեզ տեղեկացնել: Իսկ այդ 300 հարկատուներից 300-րդը` «Պերինատոլոգիայի մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոն» ընկերությունն, այդ 9 ամսվա ընթացքում վճարել է մոտ 33 մլն դրամի հարկեր: Հիշեցնենք, որ մենք հաշվարկը կատարել ենք մինիմալ թվերով: Իսկ մասնագետներն ու «խաղամոլները» վստահեցնում են, որ այդ թիվը կրկնակի, նույնիսկ եռակի մեծ է: Փաստորեն, այս գրասենյակները նույն չափով էլ խուսափում են հարկեր վճարելուց: Ահա թե ինչու են նրանք խուսափում հանդիպելուց եւ տեղեկատվություն տրամադրելուց:
Իսկ Հայաստանում գործարարները հենց այնպես չեն կարող հարկերից խուսափել, եթե չասենք, որ հենց այնպես չեն կարող բիզնեսով զբաղվել: Չար լեզուներն ասում են, որ «Եվրոֆուտբոլի» մեջ «փայ» է Ռոբերտ Քոչարյանի տղան՝ Սեդրակը, իսկ «Տոտոյին» հովանավորում է Սերժ Սարգսյանը: