Լիսկան կխայտառակվի՞

12/11/2011

Օրեր առաջ գործարար Սիլվա Համբարձումյանը ուշագրավ հայտարարություններ էր արել ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա), մանկապղծության մեջ մեղադրվող Սերոբ Տեր-Պողոսյանի եւ վերջինիս տիկնոջ մասին: Նախարար Ա. Մովսիսյանն անվավեր էր ճանաչել գործարար կնոջը պատկանող «Սիփան 1» ընկերության լիցենզիան (կնոջ խոսքով` նա այդ hանքավայրում կատարել է մոտ 10 մլն դոլարի ներդրում): Ս. Համբարձումյանը թեեւ դիմել է դատարան, սակայն դա չի խանգարել Ա. Մովսիսյանին` արագ աճուրդ կազմակերպել եւ հանքը վաճառել մի ընկերության, որի բաժնեմասերից մեկը պատկանում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այն ժամանակվա խորհրդական, մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանին: Ս. Համբարձումյանի խոսքով` Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանն իրեն պատկանող «Սիփան 1»-ից գողացել է 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումը: «Այս պահին 102 միլիոն դրամի գույքը գտնվում է Սուրեն Խաչատրյանին պատկանող «Գեղվա ձոր» հանքավայրում, օգտագործվում է»,- մեզ հետ զրույցում ասել էր Ս. Համբարձումյանը: Մարզպետը որոշել է դատի տալ գործարար կնոջը: «168 Ժամի» թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է որոշել դատի տալ, Սուրիկ Խաչատրյանը պատասխանել է. «Բա լրագրող մարդ ես, կարդացել ես, նեուժե՞լի դա մարդու հայտարարություն ա: Դա նորմալ մարդու հայտարարությո՞ւն ա»: Գործարար կինը մեզ հետ զրույցում պատմել էր մարզպետի հետ այդ սարքավորումների հարցով հանդիպման մասին: Սրան ի պատասխան` Ս. Խաչատրյանն արձագանքեց. «Ղալաթ ա արել: Վաղը կխոսենք էդ մասին: Ճիշտ չի ասում, էլի, դե չհամոզվեցի՞ք, որ շանտաժյոր աղջիկ ա ինքը»: Ս. Համբարձումյանն, իմանալով մարզպետի` իրեն դատի տալու մտադրության մասին, երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է. «Ուրեմն` ինքը հիվանդ է, որ եկավ դրան: Ես շատ կուզենամ, որ Սյունիքի մարզպետն ինձ դատի տա եւ խայտառակվի փաստերով: Այս պահին այդ գործով քննություն է ընթանում: Ո՞նց կարող է քննիչը նրա նյութերը փոխել: Դա բացառվում է»: