Նախկին վարչապետի խոսքերով, հարկային փաթեթի մեջ հիմնական փոփոխությունները արվել են ՀԱԿ-ի հոկտեմբերի 28-ի հանրահավաքում Հրանտ Բագրատյանի ելույթից հետո։ Մասնավորապես, պրոգրեսիվ եկամտահարկի սահմանումը, ըստ նրա, միանշանակ կատարվել է իր ելույթից հետո։ Նույնը կարելի է ասել նաեւ շքեղության հարկի, հանքարդյունաբերության եւ օղու ակցիզային հարկի մասին։ «Ինչ-որ առումով սա նշանակում է, որ ընդդիմությունը (մասնավորապես` ես) կառավարությանը թելադրում է տնտեսական քաղաքականության օրակարգը»,- ասաց Բագրատյանը։ Սակայն, այդ ամենով հանդերձ՝ իշխանությունն ամեն ինչ անում է աղավաղված ձեւով։ Օրինակ՝ ընդդիմությունը միշտ էլ առաջարկել է մտցնել շքեղության հարկ` առաջին հերթին անշարժ գույքի մասով, եւ ոչ թե միայն 90 հազար դոլարը գերազանցող մեքենաների։ Իսկ երեկ ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը լրագրողներին հայտնել է, որ հաջորդ տարի կքննարկեն շքեղության հարկը նաեւ անշարժ գույքի վրա տարածելու նախագիծը։ Հ. Բագրատյանը համոզված է, որ դա պատասխան է՝ ուղղված իրեն, արձագանք իր կողմից հնչած քննադատություններին։ «Չլինելով խորհրդարանում՝ ՀԱԿ-ի ճնշումից դողում են»,- ասել է նախկին վարչապետը։