Խաչիկյանի նվերն իշխանությանը

12/11/2011

Երեկ ձերբակալվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների տարածքային ստորաբաժանման պետի տեղակալ Արթուր Սուքիասյանը: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն` նախաքննության ընթացքում Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության հետ ձեռնարկված քննչական եւ օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ա. Սուքիասյանը, 2001-2008թթ. աշխատելով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Քանաքեռ-Զեյթուն տարածքային ստորաբաժանման պետի տեղակալի պաշտոնում, 2008թ. հունվարից մինչեւ օգոստոսն ընկած ժամանակահատվածում, կեղծ դիմումների հիման վրա, խարդախության եղանակով հափշտակել է 22 հանգուցյալ կենսաթոշակառուների անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի հասնող կասեցված կենսաթոշակի գումարները: Խոսքն այն գործի մասին է, որի արդյունքում աշխատանքից ազատվեց Սոցապ ծառայության պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը: Վերջինիս պաշտոնանկության հիմնական պատճառը հենց մի քանի հազար հանգուցյալների անվան տակ կենսաթոշակների ելքագրումն էր: Խոսքը մի քանի տասնյակ հազար մահացած կենսաթոշակառուների եւ նրանց անունով ընդամենը 2 տարվա ընթացքում պետական բյուջեից դուրս գրված 113 միլիոն դոլարի մասին է: Այսինքն` իրականում Խաչիկյանի աղմկահարույց գործն իշխանությունները սկսել են օգտագործել փոքր «չափաբաժիններով»` ընտրություններից առաջ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիա ստեղծելու նպատակով: Այն դեպքում, երբ այդ համակարգը ղեկավարած Վ. Խաչիկյանն ընդամենը մի քանի ամսով «հիվանդացավ», բուժվեց արտերկրում եւ հիմա խորոված է անում հայրենի Ախթալայում` զուգահեռաբար, հավանաբար, պատրաստվելով առաջիկա խորհրդարանական ընտրություններում հարազատ կուսակցության քարոզարշավին: Ի դեպ, այս գործը շատ նման է ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի գործին: Վերջինս ձերբակալվեց եւ մինչ օրս կալանավորված է պետական միջոցների յուրացման մեղադրանքով, իսկ նրա անմիջական ղեկավարը (արդեն նախկին), թեեւ Խաչիկյանի նման աշխատանքից ազատվեց, սակայն զբաղեցնում է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը: Այսինքն` իրականում իշխանությունը Խաչիկյանի նկատմամբ անարդարացի գտնվեց եւ գոնե որեւէ մեկի օգնական չդարձրեց: Այն դեպքում, երբ վերջինս անձնվիրաբար տարիներ շարունակ իր ղեկավարած համակարգի տասնյակ աշխատակիցների միջոցով «մեռած հոգիների» ցուցակներ էր կազմել` այս ծանր պահին իշխանությանը երկու տասնյակից ավելի «նոխազներ» մատուցելով: