Բոյկոտի մարտավարությունը հաղթեց

18/11/2005 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Եվ այսպես, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ընդամենը 10 օր առաջ ընդդիմությունը գործնականում միավորվեց եւ ժողովրդին կոչ է անում բոյկոտել հանրաքվեն։ Ամիսներ տեւած բանավեճը` բոյկոտե՞լ, թե՞ գնալ ու «ոչ» ասել, ավարտվեց բոյկոտի հաղթանակով։ Ընդ որում, ամենայն հավանականությամբ` ընդդիմությունը կընտրի տոտալ բոյկոտի մարտավարությունը։ Այսինքն` բոլոր ընտրական տեղամասերից ետ կկանչի իր ներկայացուցիչներին եւ դիտորդներին։

Պաշտոնապես ընդդիմադիրներն այս որոշումը բացատրում են հետեւյալ կերպ. ի սկզբանե իրենք ցանկանում էին մասնակցել գործընթացին եւ օրենքի շրջանակներում քարոզել իրենց «ոչ»-ը, բայց, քանի որ իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են դրան, իրենք որոշեցին բոյկոտել արդեն իսկ ի սկզբանե ոչ լեգիտիմ հանրաքվեն։ Ամբողջ խնդիրն այն է սակայն, որ բոյկոտի արդյունավետության համար նույնպես քարոզչություն է պետք, եւ ակնհայտ է, որ իշխանությունները բոյկոտի քարոզչությունը նույնպես արգելելու են։

Ինչեւէ։ Որոշումն ընդունված է, եւ ընդդիմությունը ստիպված է լինելու երկրորդ անգամ այցելել մարզեր եւ այս անգամ «ոչ»-ի փոխարեն քարոզել բոյկոտ։ Ընդ որում, ակնհայտ է, որ այս որոշումն ունի եւ՛ դրական, եւ՛ բացասական կողմեր։

Դրականն այն է, որ ընդդիմությունը վերջապես հանդես եկավ միասնական դիրքորոշմամբ եւ փաստորեն հռչակեց հետագա գործողությունների ծրագիրը։ Այն է` նոյեմբերի 27-ին հավաքվել Երեւանում եւ բողոքի հանրահավաք կազմակերպել։ Մինչդեռ «ոչ»-ի դեպքում այս ծրագիրն այնքան էլ իրատեսական չէր, որովհետեւ այդ դեպքում ընդդիմությունը ստիպված կլիներ հանրաքվեի ողջ օրը եւ դրան հաջորդած գիշերն ուժերը ցրել հանրապետության ողջ տարածքով մեկ` հանրաքվեի ընթացքը եւ ձայները հաշվելու պրոցեսը վերահսկելու նպատակով։ Բոյկոտի դեպքում նման խնդիր չի առաջանում, եւ ընդդիմությունը կարող է ողջ ուժերը կենտրոնացնել, ասենք, Ազատության հրապարակում։

Իսկ բացասականն այն է, որ բոյկոտի դեպքում մարզերի` ըստ էության անպաշտպան բնակչության վիճակն է ծանրանում, եւ իշխանությունները կարող են ավելի հեշտությամբ կեղծել հանրաքվեի արդյունքները։ Դատեցեք ինքներդ. մի դեպքում` գյուղապետը գյուղացիներին ստիպում է մասնակցել հանրաքվեին եւ «այո» ասել, բայց գյուղացին գնում ու թաքուն «ոչ» է քվեարկում։ Մյուս դեպքում` գյուղացին չի կարող թաքուն բոյկոտել (իշխանությունների հետ պրոբլեմներ կունենա) ու ստիպված` դեմ է գնում միացյալ ընդդիմության որոշմանը։ Բացի այդ, գոյություն ունի նաեւ զուտ քաղաքական ենթատեքստ։ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կարեւորագույն քաղաքական իրադարձություն է, եւ ժողովրդին կոչ անելով բոյկոտել հանրաքվեն` ընդդիմությունն ըստ էության ժողովրդին քաղաքական պասիվության կոչ է անում։ Մինչդեռ քաղաքական առումով շատ ավելի ճիշտ կլիներ, եթե ընդդիմությունը ժողովրդին կետ առ կետ բացատրեր, թե ինչու չի կարելի ընդունել առաջարկվող փոփոխությունները, եւ կոչ աներ անպայման մասնակցել հանրաքվեին եւ «ոչ» ասել։ Ժողովուրդը պիտի իմանա, թե հանուն ինչի է պայքարում, եւ ոչ թե կուրորեն գնա նրանց ետեւից, ովքեր ասում են, թե գիտեն, հանուն ինչի են պայքարում։ Ի դեպ, ճիշտ նույն կերպ են վարվում նաեւ «այո» քարոզողները։ Նրանք նույնիսկ չեն էլ փորձում հիմնավորել, թե սահմանադրական փոփոխությունների կոնկրետ որ հոդվածն է Հայաստանը «մի քայլ առաջ» մղելու դեպի Եվրոպա։ Նրանք ընդամենը կոչ են անում գնալ եւ սուսուփուս «այո» քվեարկել։ Ընդ որում, իշխանությունները շատ լավ գիտակցում են, որ իրենց նկատմամբ ժողովրդի դժգոհությունը հանրաքվեի ժամանակ արտահայտվելու է «ոչ»-ի տեսքով, ուստի փորձում են մինչեւ նոյեմբերի 27-ն ամեն կերպ դուր գալ ժողովրդին։ Բանն այնտեղ է հասել, որ նույնիսկ Ռուսաստանի կողմից Հայաստան ներկրվող գազի սակագնի բարձրացման մասին գերադասում են մինչեւ նոյեմբերի 27-ը պաշտոնապես չհայտարարել, թեեւ, ըստ էության, արդեն վճռված է, որ 2006թ. հունվարի 1-ից Հայաստան ներկրվող գազի գինն էականորեն բարձրանալու է։

Ի դեպ, գազի սակագների մասին։ Ամենատարօրինակն այն է, որ այս հարցում ժողովուրդն իշխանություններին հայհոյելու պատճառ չունի։ Ռուսաստանը որոշել է Հայաստանին գազ վաճառել նույն գնով, ինչ գնով վաճառում է, ասենք, Ավստրիային։ Իսկ ինչո՞ւ պիտի ավելի էժան վաճառեր։ Կրկնում ենք` այս հարցում իշխանություններին մեղադրել չի կարելի։ Իշխանություններին պետք էր մեղադրել այն ժամանակ, երբ նրանք Ռուսաստանի թելադրանքով որոշում էին հրաժարվել Իրան-Հայաստան մեծ տրամաչափով գազատարից, կամ երբ պարծենում էին տարածաշրջանային ծրագրերից Հայաստանի մեկուսացմամբ եւ հայտարարում, թե Հայաստանը շրջափակման պայմաններում էլ մի հարյուր տարի կզարգանա։

Հետաքրքիր է, այդ «հարյուր տարին» 2006թ. հունվարի 1-ի՞ց է սկսվելու։