Ճիշտ հասկացեք ԲՀԿ-ին. համենայնդեպս, տակավին, այդուհանդերձ…

12/11/2011 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների միջեւ ժամանակ առ ժամանակ «փոխհրաձգություն» է տեղի ունենում, որը դառնում է քննարկման առարկա:

Բայց սովորության համաձայն` յուրաքանչյուր նման հայտարարությունից ու քննարկումներից հետո այդ երկու կուսակցություններից փորձում են կրքերը հանդարտեցնել` հիմնականում հայտարարելով, թե իրենց սխալ են հասկացել կամ ընկալել: Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանական ընտրություններում 50+1 հավաքելու մասին հայտարարություն է անում, որոշ ժամանակ անց կատարում է հակառակ քայլը` կոալիցիոն հուշագիր է ստորագրում կամ հարցազրույց տալիս, որով մեղմում է իր ասածի հնչեղությունը: Իսկ երբ ՀՀԿ-ից են ԲՀԿ-ի հասցեին սուր հայտարարություն անում, քաղաքական դաշտի տրամադրությունները ստուգելուց հետո հայտարարում են, թե լրագրողները ճիշտ չեն հասկացել, եւ այդպես շարունակ:

Նախօրեին ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանն էր հետաքրքիր հայտարարություն արել. «Բոլոր դեպքերում այլ հավասար պայմանների պարագայում թերեւս կարող է տպավորություն թողնել, որ, կարծեք թե, «Բարգավաճն» ավելի մեծ ընտրազանգված պետք է ունենա»:

Բավականին հստակ ասված նախադասություն է, որը, կարծես թե, անհասկանալի ոչինչ չի թողնում: Սա նաեւ Գ.Ծառուկյանի հայտարարած «50+1»-ի մեղմ տարբերակն է: Եվ կարծես թե ՀՀԿ-ում հենց այդպես էլ հասկացել են: ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը երեկ հայտարարել է, թե «հումորով է վերաբերվում» Վ.Բոստանջյանի ասածներին, որովհետեւ իր կուսակցությունն ունի Հայաստանի կառավարման գործում իր ներկայությունն ավելացնելու բոլոր պայմանները: Կարճ ասած, կարող է նոր փոխհրաձգություն սկսվել կոալիցիոն գործընկերների միջեւ: Երեկ փորձեցինք Վ.Բոստանջյանից ճշտել, թե ինչ է ցանկացել ասել իր վերը նշված հայտարարությամբ: Արդյո՞ք դա նշանակում է, թե Հայաստանում ընտրությունների ժամանակ հավասար պայմաններ չեն եղել եւ չեն լինի նաեւ առաջիկա ընտրություններում: Այլ բան է, թե հանրությունն ինչ կարծիք ունի այս հարցի մասին, բոլորովին այլ բան է, թե կոալիցիոն կուսակցությունն ինչպիսի մեկնաբանություն կտա: Եվ Վ.Բոստանջյանի հայտարարությունը հենց այս համատեքստում է կարեւոր: «Ինչ ցանկացել եմ, ասել եմ: Ես պրագմատիկ մարդ եմ, ապրում եմ իրատեսական պայմաններում, եւ իմ կողմից չի բարձրաձայնվել արտառոց կամ որեւէ մեկին վտանգող բառ»,- պատասխանեց պատգամավորը:

Փորձեցինք ԲՀԿ-ից նույնպես ճշտել, թե արդյո՞ք կուսակցությունում կիսում են իրենց կուսակցի կարծիքը, եւ այդ կուսակցությունը նո՞ւյնպես այն դիրքորոշմանն է, թե հավասար պայմանների պարագայում ավելի մեծ ընտրազանգված կունենա: «Ամբողջ աշխարհում ցանկացած կուսակցություն ցանկանում է հաղթել»,- այսպիսի ընդհանրական պատասխան տվեց ԲՀԿ մամլո խոսնակ Բաղդասար Մհերյանը մեզ հետ հեռախոսազրույցում:

Բայց չէ՞ որ, տվյալ դեպքում, Վ.Բոստանջյանի խոսքը վերաբերում էր Հայաստանի ընտրություններին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: «Այդ մարդն ասել է, թե հավասար պայմաններում` թերեւս: Է, թերեւս»,- պատասխանեց Բ.Մհերյանը:

«Այսինքն, ԲՀԿ-ն հավասար պայմանների պարագայում կհավաքի՞ ավելի մեծ ընտրազանգված»,- կրկին հարցրեցինք պարոն Մհերյանին: «Ախր այդ ի՞նչ հավասար պայմաններ են, բացատրեք, թե հավասար պայման ասելով` ի՞նչ եք հասկանում»,- հարցին հարցով պատասխանեց նա, ու ավելացրեց` նախ` դեռ մինչեւ խորհրդարանի ընտրությունը բավականին ժամանակ կա, եւ բոլոր կուսակցություններն էլ պատրաստվում են: «Ես կարծում եմ, որ ցանկացած լուրջ կուսակցություն աշխատում է հավաքել առավելագույն թվով ձայներ: Եվ մենք էլ աշխատում ենք այդ նույն ուղությամբ»:

Ու այդպես էլ պարոն Մհերյանից չկարողացանք մեր հարցերին կոնկրետ պատասխաններ ստանալ կամ հասկանալ, թե հավասար պայմաններ ու ավելի մեծ ընտրազանգված ունենալու հարցում ԲՀԿ-ն ի՞նչ սպասումներ եւ դիրքորոշում ունի: Իսկ Բ.Մհերյանի հետ հարցուպատասխանի մնացած հատվածը ներկայացնում ենք գրեթե բառացի:

– Այնուամենայնիվ, ձեր կարծիքով` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավասար պայմաններ լինելո՞ւ են:

– Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաները վերջերս բազմիցս հայտարարել են, թե ձգտելու են, որ այս ընտրություններն էական տարբերվեն նախորդ ընտրություններից: Մենք ուզում ենք դրան հավատալ:

– Իսկ պարոն Բոստանջյանի հայտարարությունը չի՞ հակասում կոալիցիոն հայտարարությանը, որտեղ նաեւ նշված է, թե «կոալիցիոն կուսակցությունները նպատակ չունեն կոալիցիայի ներսում փոխել ուժերի հարաբերակցությունը»:

– Բացարձակապես: Ի՞նչ հարաբերակցություն, ենթատեքստից կտրված եք ասում: Այնտեղ ասվում է, թե որեւէ կուսակցություն չպետք է փորձի դիվիդենտ հավաքել` մյուսին վատաբանելով:

– Այո, բայց այդ նույն նախադասության մեջ նաեւ նշված է, թե կուսակցությունները նպատակ չունեն կոալիցիայի ներսում փոխել ուժերի հարաբերակցությունը:

– Չէ, Չէ: Այսինքն` ընտրությունը մե՞նք ենք որոշում, թե քանի տոկոս ձայն ենք տանում: Կոալիցիոն համաձայնագիրն` ախր, ժողովրդի ձայնը չէ:

– Համաձայն եմ, բայց կոալիցիոն համաձայնագրի մեջ է այդպես նշված:

– Կոալիցիոն համաձայնագրով ինչպե՞ս կարելի է որոշել: Կոալիցիոն համաձայնագրով որոշված է, որ սեւ PR չարվի մյուսի հաշվին, դրա մասին է խոսքը: Եթե վաղը ընտրության ժամանակ ժողովուրդը որեւէ կուսակցությանը տալիս է 99 տոկոս ձայն, կոալիցիոն համաձայնագրի համաձայն` ԿԸՀ-ն պիտի ասի` գիտեք, կա կոալիցիոն հուշագիր, մենք այս ձայները հեչ ենք անում եւ բաշխում ենք այսպե՞ս: Սա անհեթեթություն է: Չկա այդպիսի բան, հաստատ չկա:

– Կա, դուք նախադասության սկիզբը հիշատակում եք, բայց չեք ուզում հիշել շարունակությունը:

– Կոնկրետ մենք դա հասկանում ենք այդպես: Այլ կերպ հասկանալն էլ անհնար է: Ընտրությունը պայմանավորվածություն չէ, հուշագիր չէ, ժողովրդի ընտրություն է, քվեարկություն:

– Իսկ ԲՀԿ-ում ուժի մե՞ջ է մնում Գ.Ծառուկյանի` խորհրդարանական ընտրություններին 50+1 ստանալու հայտարարությունը:

– Դա Գ.Ծառուկյանը չի հայտարարել, աշխարհի ցանկացած կուսակցություն շատ կուզենա, որ ունենա 50+1, այսինքն` ունենա գերիշխող դիրք:

– Աշխարհի բոլոր կուսակցությունները մի կողմ թողնենք, տվյալ դեպքում` Գ.Ծառուկյանի հայտարարության մասին է խոսքը:

– Անընդհատ այդ 50+1-ը շահարկվում է, եւ անընդհատ նորանոր երանգներ ստանում: Ես ասում եմ, որ ցանկացած կուսակցություն իր ծրագրի մեջ ինչ-որ դրույթներ ունի եւ ձգտում է ունենալ մեծամասնություն, որպեսզի իրականացնի իր ծրագրերը: Պարոն Ծառուկյանի հայտարարությունը պետք է դիտարկել այդ համատեքստում, եւ վերջ: