ԵԱՀԿ զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում մտահոգություն է հայտնել հայաստանյան լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերի աճող թվի հետ կապված` կոչ անելով իշխանություններին շարունակել օրենսդրական բարեփոխումները` զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով դատական հայցերի դեպքում լրատվամիջոցներին համարժեք պաշտպանելու համար: «Ես ողջունեցի զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը 2010թ. մայիսին` շեշտելով, որ դա նշանակալի քայլ էր ԶԼՄ-ների աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ: Ցավոք, դրանից հետո զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով շուրջ 30 քաղաքացիական գործեր են հարուցվել թերթերի դեմ, որոնցից 11-ը` այս տարի: Հայցերի մեծամասնության դեպքում փոխհատուցումը համարժեք չի եղել ենթադրվող հասցված վնասի չափին»,- նամակում գրել է Դունյա Միյատովիչը: Նրա խոսքով` փոխհատուցման չափը, որ ներկայացվում է այս հայցերում, պետք է համարժեք լինի հասցված իրական վնասին ու չհանգեցնի լրատվամիջոցների փակմանը, ինչը, Դունյա Միյատովիչի գնահատմամբ` բերում է մամուլի ազատության սահմանափակմանը: Այս գործերի շարքում, ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրում «Հրապարակ» օրաթերթի դեմ ներկայացված հայցին, որում հայցվորը պահանջել է շուրջ 34.000 եվրոյի փոխհատուցում` թերթի կայքէջում ընթերցողների գրած ենթադրվող վիրավորական մեկնաբանությունների համար: Միյատովիչը հիշեցնում է, որ նոյեմբերի 8-ին Երեւանում դատարանը կալանք է դրել թերթի գույքի վրա` մինչեւ այդ գործով դատարանի վճռի հրապարակումը: Նալբանդյանին գրած նամակում Միյատովիչը հայտնում է, որ իր ղեկավարած գրասենյակը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանին օրենսդրական հետագա բարեփոխումների եւ մամուլի ազատության առաջընթացի հարցում: